Արգանդային արյունահոսությունն իրենից ներկայացնում է հղիության ընդրատման (սկսված վիժում), գինեկոլոգիական որոշ հիվանդությունների, ինչպես օրինակ արգանդի հավելումների քրոնիկական բորբոքումը, արգանդի ուռուցքները և այլն, ինչպես նաև արյան մակարդելիության խանգարումներով ուղեկցվող հիվանդությունների ախտանշան։ Արգանդային արյունահոսությունը լինում է սակավ և առատ։ Վերջինս կարող է հանգեցնել կյանքին վտանգ սպառնացող վիճակի (արյան ճնշման անկում, հեմոգլոբինի կտրուկ նվազում), ուստի անհրաժեշտ Է շտապ բժշկական օգնություն կանչել, իսկ մինչև բժշկի գալը հիվանդին պառկեցնել առանց բարձի, որովայնի ստորին մասին սառցապարկ դնել։

Պատճառներ
Արգանդային արյունահոսությունը կարող է համընկնել դաշտանի ժամկետի հետ։ Այդպիսի դեպքերում երբեմն դաշտանը սկսվում է ժամանակին, բայց լինում է ավելի առատ և ուղեկցվում արյան մակարդուկների արտադրությամբ, իսկ երբեմն կորցրած արյան քանակը լինում Է նախկինի պես, բայց դաշտանի շրջանում արյունային արտադրության տևողությունը երկարում Է (10-12 և ավելի օրեր), միջդաշտանային ժամանակամիջոցը՝ կրճատ վում է։ Արգանդային արյունահոսություն կարող Է առաջանալ նաև միջդաշտանային շրջանում։ Երբեմն արգանդային արյունահոսությանը նախորդում է ավելի կամ պակաս տևողությամբ դաշտանի կասեցումը, որը կապված չէ հղիության հետ։ Դրանք կոչվում են դիսֆունկցիոնալ (ֆունկցիայի խանգարման) արյունահոսություններ և կարող են նկատվել բոլոր տարիքի կանանց մոտ։

Բուժում
Միջդաշտանային շրջանի տևողության կրճատումը կամ երկարատև դաշտանները, դրանց առատությունը կամ սակավ արյունային արտադրությունը, ինչպես նաև անկանոն արյունահոսությունները տարբեր հիվանդությունների ախտանշաններ են, որոնց ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի։ Արդյունավետ բուժումը հնարավոր է միայն հիվանդության իսկական պատճառների վաղ ախտորոշման դեպքում։ Դաշտանադադարից մի քանի տարի անց արյունային արտադրություն ի հայտ գալիս պետք է անհապաղ դիմել գինեկոլոգի։ Սեռական հասունացման շրջանում հարկավոր է ուշադիր հետևել աղջիկների առողջական վիճակին, ստեղծել մտերիմ և անկեղծ հարաբերություններ, որպեսզի նրանք, առանց ամաչելու, մայրերին հայտնեն արյունային արտադրության առկայության մասին։ Դա հնարավորություն կտա հետևել դաշտանի բնույթին, հայտնաբերել դաշտանային ցիկլի շեղումները և ժամանակին դիմել բժշկի։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին