Զարգանում է հոդերի բաց թափանցող կամ փակ վնասումներից։ Լինում է.
1. թարախային 
2. շճային։
Երեխաների և հատկապես սպորտով զբաղվող դեռահասների մոտ առավել հաճախ են հանդիպում հոդերի փակ վնասումներ, որոնց հետևանքով կարող են զարգանալ հետվնասվածքային շճային հոդաբորբեր (սինովիտ), գերազանցապես ծնկային, սրունք-թաթային, հազվադեպ՝ արմնկային հոդերում։

Կլինիկան։ Ծնկային հոդի վնասվածքային սինովիտի ընթացքը բարորակ է։ Երեխաների հոդերում բորբոքային հեղուկի նկատելի կուտակում և հոդային հյուսվածքների խիստ լարվածություն չի լինում։ Մեծ մասամբ նշվում է ցավոտություն և ցավեր՝ ֆիզիկական ծանրաբեռնումների ժամանակ։ Երեխաների ու անչափահասների սրունքթաթային հոդի ձուսպապատյանի բորբոքումը հաճախ զարգանում է կապանային ապարատի գերձգման հետևանքով։ Ձուսպապատյանի բորբոքումն այդ հոդում ուղեկցվում է ցավով, որը սովորաբար ծագում է ոտնաթաթի կրկնակի ոլորումների հետևանքով՝ մեծ ծանրաբեռնումներից կամ ցատկումներից հետո։ Վնասման տեղում նկատվում է փափուկ հյուսվածքների արտահայտված ուռածություն, ցավոտություն։ Չնայած հետվնասվածքային սինովիտի բարորակ ընթացքին, բուժումն անհոաժեշտ է, քանի որ կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել այլաձևող արթրոզի վաղ զարգացման համար։

Բուժումը։ Թերծանրաբեռնում, քայլքի սահմանափակում, լրացուցիչ հենարան (ձեռնափայտ), ցավազրկողներ (անալգետիկներ), կորտիկոստերոիդների ոչ մեծ դեղաչափերով ներհոդային ներարկումներ։

 

 

 


 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին