Հոդաբորբեր են, որոնք զարգանում են վարակային պրոցեսի ազդեցության հետևանքով։ Վարակային հոդաբորբեր կարող են առաջանալ տարբեր մեխանիզմներով։

Տարբերում են.
1. Վարակային (սեպտիկ) արթրիտներ, երբ բորբոքային պրոցեսը հոդում զարգանում է մանրէների առկայությունից։ Այս դեպքում հոդային խոռոչի պարունակությունից կարելի է անջատել բորբոքում առաջացնող անմիջական պատճառը՝ ակտիվ բազմացող հարուցիչը։ Այս խմբի ախտաբանության ամենաբնորոշ ներկայացուցիչը թարախային հոդաբորբն է։
2. Հետվարակային (պոստինֆեկցիոն) հոդաբորբեր։ Հոդային խոռոչներում մանրէներ չեն բազմանում։ Հոդախոռոչից կարելի է հայտնաբերել ոչ թե կենդանի ակտիվ հարուցիչներ, այլ վարակային հակամարմիններ։ Ի տարբերություն սեպտիկ արթրիտների, սինովիալ հեղուկը թարախային բնույթ չունի։ Հետվարակային արթրիտների ծագումը կապում են հոդի հյուսվածքներում իմուն կոմպլեքսների կուտակման հետ։
3. Ռեակտիվ արթրիտներ։ Չնայած նման հոդաբորբերի ծագումը կապված է որոշակի վարակի հետ, այնուամենայնիվ հոդի խոռոչում չեն հայտնաբերվում ոչ միայն վարակի հարուցիչներ, այլև իմուն կոմպլեքսներ։
Ռեակտիվ հոդաբորբերը սովորաբար զարգացման սուր ընթացք են ունենում, սակայն արագ անցնում են և մնացորդային երևույթներ չեն թողնում։ Այդպիսի հոդաբորբերի շարքին կարելի է դասել ռևմատիկ արթրիտները, ինչպես նաև դիզենտերիային, սալմոնելոզային արթրիտները և այլն։

 

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին