Ոսկրահոդային տուբերկուլոզը տուբերկուլոզային վարակի արտահայտություններից է. Ոսկրում տուբերկուլոզային օջախի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվում նրա աճման ու զարգացման ժամանակ, երբ ոսկրային հյուսվածքն առավել վնասելի է։ Այդ շրջանում ոսկրային հյուսվածքը հարուստ է արյան դանդաղ հոսք ունեցող անոթներով, որն էլ նպաստում է տուբերկուլոզային հարուցիչների կուտակմանը։ Այդ պատճառով էլ երկար տարիներ ոսկրահոդային տուբերկուլոզը մանկական հիվանդություն էր համարվում։

Մեր երկրում տուբերկուլոզի վերացման ուղղությամբ կիրառվող լայն կանխարգելիչ միջոցառումների և մասսայական հակատուբերկուլոզային պատվաստումների շնորհիվ, ներկայումս ոսկրահոդային տուբերկուլոզով երեխաների հիվանդացությունը խիստ նվազել է։ Երեխաների մոտ հիվանդությունը առավելապես հանդիպում է 7-14 տարեկանում։ Ոսկրահոդային տուբերկուլոզի ամենահաճախ հանդիպող տեղակայումը, ինչպես և նախկինում, ողնաշարն է, այնուհետև կոնքազդրային և ծնկային հոդերը։ Շատ հազվադեպ հանդիպում են նաև այլ տեղակայումներ՝ սրունք-թաթային հոդ և թաթի ոսկրեր, վերին վերջույթների, ինչպես նաև մանր խողովակավոր և տափակ ոսկրեր։
 
Հոդերի տուբերկուլոզը երեխաների մոտ զարգանում է տուբեոկուլոզային վարակման առաջնային շրջանում (Զ.Ա. Լեբեդևա): Հիվանդության ախտածագումն առաջին հերթին կապված է միելոիդ ոսկրածուծում ավշաարյունային ճանապարհով տուբերկուլոզային վարակի հայտնվելու հետ, որով էլ պայմանավորվում է ոսկրերի առավելապես այն բաժինների ախտահարումը, որոնք կազմված են սպունգանման ոսկրային հյուսվածքից (էպիֆիզ, մետաֆիզ): Միելոիդ ոսկրածուծում. որպես տուբերկուլոզային հարուցիչների ներթափանցման պատասխան ձևավորվում են տուբերկուլոզային թմբիկներ (գրանուլոմաներ), որոնք շրջափակվում են ոչ ախտահատուկ գրանուլյացիոն հյուսվածքով։ Անբարենպաստ կենցաղային պայմանները, օրգանիզմի իմունակենսաբանական ռեակցիաների թուլացումը, ինչպես նաև տուբերկուլոզային հիվանդների հետ երկարատև, սերտ ընտանեկան շփումը տուբերկուլոզային զանգվածային վարակի առկայության դեպքում, նպաստում են երեխայի ոսկրածուծում բորբոքային պրոցեսների հարաճմանը։

Գրանուլյացիոն հյուսվածքը, որն աճում է կենտրոնից դեպի ծայրամաս, խախտում է ոսկրերի հեծանիկների սնուցումը՝ առաջացնելով մեռուկներ։ Զարգանում է տուբերկուլոզային ոսկրԱաբորբ (օստիտ)։ Պրոցեսի հետագա աճն ուղեկցվում է ոսկրի կեղևաշերտի կազմության խանգարումով և հոդապարկի ու շուրջհոդային հյուսվածքների ընդգրկումով։ Առաջացած թարախակույտը ոսկրի հիմնական օջախից կարող է տարածվել բավականին հեռու և հասնելով մաշկին՝ գոյացնել խուղակներ։ Երկրորդային վարակի միացումն ավելի է ուժեղացնում թարախային պրոցեսը, որն էլ կարող է պարենխիմատոզ օրգանների ամիլոիդոզ առաջացնել։ Հոդային տուբերկուլոզն ընթանում է զարգացման չորս փուլով՝ ակտրվ, ակտիվության կորստի, մարման և առողջացման։ Հիվանդության ելքը շատ դեպքերում կախված է տուբերկուլոզային պրոցեսի ակտիվության փուլից, երբ թոքերում, ավշահանգույցներում, երիկամներում, ուղեղաթաղանթներում զարգանում են ախտահատուկ փոփոխություններ։ Հոդերի տուբերկուլոզի ելքը կախված է նաև ոսկրերի հոդամակերեսների քայքայման աստիճանից։ Հոդային ոսկրերի արտահայտված կազմալուծման (դեստրուկցիա) դեպքում ոսկրերի կառուցվածքի վերականգնումը միայն մասնակի է լինում։
 

 

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին