Թարախային արթիտը զարգանում է արյունածին ճանապարհով, երբ վարակի առաջնային օջախից մանրէները (ստաֆիլոկոկ, ստրեպտոկոկ և այլն) ներթափանցում են հոդի մեջ։ Թարախային սուր հոդաբորբը երեխաների մոտ կարող է ծագել անգինայի, քութեշի, սեպտիկ էնդոկարդիտի, ֆուրունկուլոզի ժամանակ։ Թարախային սուր հոդաբորբ հաճախ կարող է զարգանալ նաև հոդերի թափանցող վնասվածքների դեպքում։ Հիվանդությունը, որպես կանոն, սկսվում է սուր՝ դողով, հեկտիկ բնույթի տենդով, հաճախ մեկ հոդի խիստ ցավոտությամբ։ 

Ախտահարված հոդում հայտնվում է թեթևակի ուռածություն, կարմրություն։ Սեպտիկ պրոցեսներից թուլացած հիվանդների մոտ արթրիտը կարող է սկսվել աստիճանաբար, առանց տեղային բորբոքման արտահայտված նշանների։ Հոդերից վերցրած ձուսպային (սինովիալ) հեղուկը պղտոր է, բարձր բջջապարունակությամբ և նեյտրոֆիլ լեյկոցիտների գերակշռումով։ Արյան մեջ հայտնաբերվում է ձախ թեքումով բարձր լեյկոցիտոզ, ԷՆԱ-ի խիստ արագացում։ Ռենտգենաբանական հետազոտությունները հայտնաբերում են տարածուն օստեոպորոզ։
 
Ախտորոշումը կատարվում է սեպսիսի ընդհանուր ախտանիշների առկայության և ձուսպային հեղուկի մանրէաբանական ու մանրադիտակային ուսումնասիրությունների հիման վրա։

Բուժումը։ Պարտադիր է հոդի անշարժացումը։ Նշանակվում են հիմնականում հակաբիոտիկներ։ Բուժման լավ արդյունքի համար ցանկալի է որոշել հակաբիոտիկների նկատմամբ միկրոֆլորայի զգայնությունը։ Կատարվում են հակաբիոտիկների ներհոդային սրսկումներ։ Ծանր դեպքերում ցուցված է վիրաբուժական դրենավորում։

 

 


 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին