Բնածին սիֆիլիսի դեպքում հաճախ ախտահարվում է ոսկրահոդային համակարգը։ Վաղ բնածին սիֆիլիսի համար, որն արտահայտվում է ծնվելու պահից մինչև 5 տարեկանը, հատկանշական է սպեցիֆիկ օստեոխոնդրիտների և պերիօստիտների զարգացումը։ Այս շրջանի համար սակավ բնորոշ են ոսկրերի գումոզ փոփոխությունները (Բ.Մ. Պաշկով, Մ.Մ. Ռայց):
 
Ուշ բնածին սիֆիլիսը, որի առաջին նշանները հայտնաբերվում են 5-17 տարեկանում և, երբեմն ավելի ուշ, դիտվում է որպես վաղ մանկական տարիքում կրած հիվանդության կրկնություն (ռեցիդիվ)։ Ուշ բնածին սիֆիլիսի մասին վկայող կլինիկական ախտանիշներից է Գետչիսոնի տրիադան՝ գետչիսոնյան ատամներ, աչքի եղջերաթաղանթի բորբոքում (կեռատիտ) և լաբիրինթային խլություն։ Բնածին սիֆիլիսի ախտորոշման համար կարևոր նշանակություն ունեն նաև խորիոռետինիտը, «թրաձև» սրունքները, քթի այլաձևությունը, հետույքաձև գանգը, ատամների դիստրոֆիան, ծնկային հոդերի ձուսպաթաղանթների բորբոքումը և այլն։
 
Ոսկրերի ախտահարման ամենաբնորոշ կլինիկական արտահայտությունը ոլոքոսկրերի տարածուն դիաֆիզար պանօստիտն է, որի հետևանքով տեղի է ունենում ոլոքոսկրերի հաստացում և թրաձև ծռում։ Հոդային ախտահարում հազվադեպ է նկատվում։ Տարբերում են սիֆիլիսային սինովիտ (առանց աճառի և ոսկրերի ախտահարման) և օստեոարթրիտ։ Սինովիտներից առավել հաճախ հանդիպում է համաչափ քրոնիկական գոնիտը, որը զարգանում է աստիճանաբար, երբեմն վնասվածքներից հետո և բնորոշվում է ծնկային երկու հոդերի չափավոր արտահայտված բորբոքումով։ Հիվանդների գրեթե կեսի մոտ միաժամանակ հայտնվում են պարենխիմատոզ կեռատիտի նշաններ, ինչպես նաև բնածին սիֆիլիսի այլ նշանների զուգակցումներ։ Օստեոարթրիտները քրոնիկական և երկարատև ընթացք են ունենում։ Ախտահարումը լինում է միակողմանի և մեծ մասամբ արմնկային ու ծնկային հոդերն է ընդգրկում։ Չնայած հոդերի ձևի փոփոխությանը, նրանց ֆունկցիան չափավոր է խանգարվում։ Հոդացավերը գիշերային բնույթ ունեն, հոդի անշարժություն սովորաբար չի զարգանում։ Ախտորոշումը կատարվում է անամնեզի տվյալների, սիֆիլիսի արտահոդային արտահայտությունների առկայության, արթրիտներ կլինիկական առանձնահատկությունների, ռենտգենաբանական և բորատոր (շճաբանական ռեակցիաներ) հետազոտությունների հիման վրա։

Բուժումը սպեցիֆիկ է և կատարվում է մասնագետ վեներոլոգի կողմից։ Հոդային երևույթները նվազեցնելու նպատակով կարող են օգտագործվել ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ։
 

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին