Արթրիտը (հոդաբորբ) հաճախ հանդիպող հոդի բորբոքային հիվանդություն է:

Պատճառներ
Այս հիվանդությունը կարող է առաջանալ վարակիչ հիվանդությունների (տուբերկուլոզ, գոնորեա, բռուցելոզ, դիզինտերիա, անգինա և այլն), ինչպես նաև վնասվածքների հետևանքով: Արթրիտի շատ տարածված ձևերի (օրինակ` ռևմատիզմի ժամանակ) առաջացմանը նպաստում են ալերգիան, իմունիտետի խանգարումները: Արթրիտի առաջացման նախապայմաններ են օրգանիզմի ժառանգական նախատրամադրվածությունը, քրոնիկակն օջախային վարակը` նշագեղձերի բորբոքումը, քթի հավելյալ ծոցերի բորբոքումը և օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները թուլացնող այլ գործոններ: Այսպես, օրինակ` ռևմատոիդ արթրիտը բնորոշվում է երկարատև ընթացքով և հաճախ հանգեցնում է հոդի խիստ ձևախախտման:

Պաթոգենեզ
Արթրիտը դրսևորվում է հոդացավերով, որոնք ուժեղանում են շարժումների ժամանակ, գամվածության զգացումով, նկատվում է ուռածություն, հոդի ձևի և ուրվագծերի փոփոխություն, որը պայմանավորված է հոդային հյուսվածքների բորբոքմամբ, հոդի ոսկրաաճառային մակերևույթների խախտումներով, դրա խոռոչում բորբոքային հեղուկի կուտակմամբ: Հոդին հարող մաշկը շոշափելիս տաք է, երբեմն` կարմրած: Հիվանդությունն ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, երբեմն` ջերմաստիճանի բարձրացմամբ: Հոդերի հիվանդություններն արտաքուստ իրար նման են, ուստի դրանց բազմազանությունն ախտորոշել կարող է միայն բժիշկը:

Բուժում
Ժամանակին սկսած և ճիշտ բուժումը (միայն բժշկի նշանակմամբ), դեղանյութերը և ֆիզիկական մեթոդները սովորաբար առողջացնում են: Երբեմն, հատկապես անուշադրության մատնված, ինչպես նաև քրոնիկական ձևերի կանոնավոր բուժման բացակայության դեպքերում կարող են առաջանալ հոդերի ձևախախտումներ` շարժումների սահմանափակմամբ: Բուժական ֆիզկուլտուրան և մերսումը սկսում են անմիջապես` սուր երևույթներն անհետանալուց հետո: Սկզբում կատարում են պարզ վարժություններ` մկանների լարումներն ու թուլացումները իրար հաջորդելով, աստիճանաբար դրանք բարձրացնում են:Այդ նպատակով մշակվել է վարժությունների հատուկ համալիր:Հիվանդության քրոնիկական ձևերի և հոդերի ֆունկցիայի արտահայտված խանգարումների դեպքում անհրաժեշտ է կանոնավոր մարզում, այլապես ծանրաշարժությունը կարող է խորանալ: Բավականին դժվար է գեր հիվանդների ողնաշարի, ոտքերի, կոնքի ախտահարված հոդերի բուժումը: Հեղուկները և քսուքներն օգտագործում են որպես ցավը հանգստացնող միջոց` բժշկի նշանակմամբ: Տնային միջոցները, որոնք հաճախ պարունակում են քիմիական ուժեղ գրգռիչներ, կարող են ակտիվացնել բորբոքային գործընթացը և առաջացնել մաշկի այրվածք: Առողջարանային բուժումը խորհուրդ է տրվում բորբոքային գործընթացի մեղմանալու շրջանում` միայն բժշկի նշանակմամբ:

Կանխարգելում
Արթրիտը կանխարգելելու համար անհրաժեշտ է ժամանակին բուժել վարակիչ հիվանդությունները, խուսափել մրսելուց, պահպանել բժշկի նշանակած ռեժիմն ու սննդակարգը: Մեծ նշանակություն ունեն օրգանիզմի կոփումը և ճիշտ ֆիզիկական դաստիարակությունը, ինչպես նաև աշխատանքի ու հանգստի պայմանների բավարարումը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին