Արգանդի վզիկի հեշտոցային հատվածի ամբողջականության խախտումը կամ էպիթելային ծածկույթի փոփոխությունն իրենից ներկայացնում է արգանդի վզիկի լորձենախախտ: Այն կարող է լինել նաև բնածին:

Պատճառներ
Արգանդի վզիկի լորձենախախտը հաճախ կապված է սեռական օրգանների այն բորբոքումների հետ, որոնք ուղեկցվում են լորձաթաղանթը գրգռող և փխրունացնող արտադրությամբ (օրինակ` արգանդի վզիկի լորձաթաղանթի բորբոքում, հեշտոցաբորբ, արգանդի հավելումների բորբոքում և այլն): Լորձենախախտը կարող է առաջանալ նաև ծննդաբերության և վիժումների ժամանակ արգանդի վզիկի լորձաթաղանթի վնասման ժամանակ, ինչպես նաև հորմոնային խանգարումների դեպքերում:

Պաթոգենեզ
Եթե հայելու օգնությամբ զննենք, ապա արգանդի վզիկի բացվածքի շուրջ կնկատվեն վառ կարմիր հատվածներ: Հիվանդությունը կարող է տևել ամիսներ և նույնիսկ տարիներ առանց զգացնել տալու և կինը բժշկի չդիմի: Սակայն երկարատև չբուժված լորձենախախտը կարող է չարորակ ուռուցքի առաջացման պատճառ դառնալ:

Բուժում / Կանխարգելում
Որքան վաղ հայտնաբերվի արգանդի վզիկի լորձենախախտը, այնքան դյուրին և արագ կբուժվի: Հիվանդության կանխարգելման համար կարևոր են կանխարգելիչ զննումները: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր կին տարին 2 անգամ դիմի գինեկոլոգի: Շատ կարևոր է նաև սեռական օրգանների բորբոքումների, ինչպես նաև ծննդաբերության կամ վիժման ժամանակ առաջացած վնասվածքների բուժումը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին