Աորտայի փականների անբավարարությունը սովորաբար ի հայտ է գալիս արդեն գոյություն ունեցող երկփեղկ փականների ախտահարման ֆոնի վրա։ Նրա ինքնուրույն ախտահարումը ռևմատիզմային պրոցեսի հետևանքով՝ հազվադեպ է հանդիպում։ Աորտայի փականների ոչ լրիվ փակվելու հետևանքով արյան մի մասը դիստոլայի ժամանակ աորտայից ետ է վերադառնում դեպի ձախ փորոք։ Արյան այդ քանակը գումարվում է դիաստոլայի ժամանակ ձախ նախասրտից ձախ փորոքը լցվող արյան քանակին։ Ձախ փորոքը հարկադրաբար նորմայից ավելի մեծ քանակությամբ արյուն է մղում դեպի աորտան։ Առաջանում է ձախ փորոքի տոնոգեն լայնացում։

Օբյեկտիվ քննության ժամանակ ուշագրավ է այդ հիվանդների գունատությունը; Աչքով նկատելի է ծայրամասային անոթների պուլսացիան, կարոտիսների «պարը»։ Հայտնաբերվում է մազանոթային և ֆալանգային պուլս։ Սրտի շրջանի զննման ժամանակ նկատվում Է խիստ ուժեղացած, տարածուն, բարձրացող գագաթային hրոց, որը տեղաշարժված է ձախ և ցած մինչև 5-6 միջկողային տարածությունը, միջին, նույնիսկ ետին անութային գծով։ Ականջելիս լսվում է դիստոլային աղմուկ, որը սկսվում է II տոնից անմիջապես hետո։ Աղմուկը սովորաբար զբաղեցնում է ամբողջ դիստոլան կամ նրա մեծ մասը։ Դիաստոլային աղմուկը հաճախ լսվում է V կետում և միայն, արտահայտված արատների դեպքում աորտայի փականների տեղադրությամբ՝ կրծոսկրի աջ եզրին, II միջկողային տարածության մեջ։ Այս արատի ժամանակ պուլսն ունի զգալի բարձրացող և արագ իջնող ալիքներ (celer et altus): Արյան ճնշման փոփոխությունը բավականին բնորոշ է. առավելագույն ճնշումը քիչ բարձրացած է, իսկ նվազագույնը՝ խիստ իջած (շատ հաճախ լինում է 0)։

Էլեկտրասրտագիրը ձախ տիպի է։ Հայտնաբերվում են ձախ փորոքի հիպերտրոֆիայի նշաններ՝ ձախ կրծքային արտածումներում բարձր R ատամիկ, աջ կրծքայինում՝ խոր Տ, QRS ինտերվալի երկարացում, ST սեգմենը շեղվում է դեպի ցած։ Ռենտգենյան քննության ժամանակ հայտնաբերվում է «աորտային սիրտ», սրտի իրանը խիստ է արտահայտվում, աորտայի ստվերը մեծանում է։ Ձախ փորոքի խիստ մեծացումը սրտին տալիս է «թեք դրված ձվի» կամ «նստած բադի» տեսք։
 

 


 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին