Նյարդային անոռեքսիան ինչպես նաև՝ նյարդային բուլիմիան, ընդգրկված է ֆիզիոլոգիական խանգարումներով և ֆիզիկական գործոններով պայմանավորված վարքային համախտանիշների խմբում։ Նյարդային անոռեքսիան առաջին անգամ նկարագրել է Վիլյամ Գուլլը1888թ.։ Նա առաջինը նշեց այս խանգարման հոգեբանական պատճառները։ Այս խանգարումն ավելի հաճախ առաջանում է դեռահաս աղջիկների և երիտասարդ կանանց շրջանում։ Սովորաբար, այն սկսվում է սննդակարգի միջոցով ավելորդ քաշից ազատվելու անմեղ փորձից։ Նիհարելու ցանկությունը ձեռք է բերում գերարժեք նշանակություն, հիվանդի մոտ ձևավորվում են իր մարմնի վերաբերյալ աղավաղված պատկերացումներ` անգամ նորմայից ցածր քաշը հիվանդին չի բավարարում և ինքն իրեն չափազանց գեր է համարում։

Նիհարելու ձգտումը հիվանդները տարբեր ձևերով են իրականացնում։ Սովորաբար, կտրուկ սահմանափակում են սննդի քանակը, հատկապես խուսափում են ածխաջրերից։ Ինքնուրույն սահմանում են առավելագույն թույլատրելի օրական նորմա (մինչև 1000 կիլոկալորիա)։ Ոմանք «քաշը գցելու» այլ ճանապարհ են ընտրում` արհեստական փսխում են առաջացնում։ Իսկ ոմանք էլ գբաղվում են ինտենսիվ հյուծող ֆիզիկական վարժություններով։ Կան նաև այնպիսիները, ովքեր լուծողական, միզամուղ կամ ախորժակը ճնշող միջոցներ են ընդունում: Անոռեքսիայով հիվանդների շուրջ 50%-ի մոտ դիտվում են շրջաններ, երբ հիվանդները տրվում են անհագ շատակերության։ Այդ շրջանում նրանք ուտում են «անսահման» քանակով այն ամենը, ինչից խուսափել են, որից հետո կրկին դիմում են փսխման և այլ միջոցների՝ նախկին քաշը վերականգնելու նպատակով։

Մեկ այլ շատ կարևոր ախտանիշ է համարվում ամենոռեան (դաշտանի բացակայությունը)։ Այն ձևավորվում է նյարդային անոռեքսիայի վաղ շրջաններում, անգամ մինչև հիվանդի ընդգծված նիհարելը։ Որոշ հիվանդներ բժշկի տեսադաշտում են հայտնվում ավելի շուտ ամենոռեայի պատճառով, և ոչ թե սննդի ընդունման խանգարումների։ Այն արտահայտվում է դաշտանային ցիկլի ուշացումով և արյան հոսքի նվազելով։ Ընդհանրապես, նյարդային անոռեքսիային բնորոշ են ներզատիչ գեղձերի գործունեության ընդհանուր խանգարումները, կարող են նկատվել աճի հորմոնի, կորտիզոլի քանակի բարձրացում, պերիֆերիկ նյութափոխանակության փոփոխություններ, ինսուլինի արտազատման խանգարում։ Տղամարդկանց շրջանում այս գեղձերի խանգարումները արտահայտվում են սեռական ցանկության (լիբիդոյի) և կարողության (պոտենցիայի) իջեցումով։ Նյարդային անոռեքսիային բնորոշ են նաև դեպրեսիվ ախտանիշները, հուզական անկայունությունը, սոցիալական մեկուսացումը։ Թե՛ աղջիկների, թե՛ տղաների մոտ բացակայում է սեռական ցանկությունը։

Սննդից խուսափելը և, այսպես կոչված, «հացադուլը» հղի են մի շարք մարմնական բարդություններով, որոնք բավականին հաճախ են իրենց զգացնել տալիս։ Հիվանդները նշում են արյան ճնշման անկում, փորկապություն, ջերմության անկում, հազվասրտություն։ Հետազոտություններով հայտնաբերվում են լեյկոպենիա, հիպոկալիեմիա, ալկալոզ, սրտի առիթմիա, հորմոնալ փոփոխություններ։ Այս խանգարման իրական տարածվածությունը գրեթե անհնար է ճշտել, քանի որ հիվանդներից շատերը ժխտում են և թաքցնում իրենց ախտանիշները։ Հավանական թիվ է համարվում 1-2%-ը, ընդ որում՝ հիվանդներից միայն 5-10%-ն են կազմում տղաները։ Հիվանդության հիմնական պատճառները դեռևս ճշտված չեն։ Առկա են տվյալներ հիվանդության սոցիալ-մշակութային և կենսաբանական գործոնների փոխազդեցության, ինչպես նաև՝ հոգեբանական և անձի խոցելիության գործոնների վերաբերյալ՝ դրանցից են ժառանգական գործոնը, հիպոթալամիկ դիսֆունկցիան, բարձր սոցիալական կարգավիճակը, որոշ մասնագիտական պահաջները, ընտանեկան դաստիրակության առանձնահատկություններ (ընտանիքում սնվելու կուլտուրան, ծնողների փոխհարաբերությունները)։ Սովորաբար, այն խրոնիկական ընթացք ունի, և դեպքերի շուրջ 10%-ն ավարտվում է մահով մարմնական բարդությունների, կամ էլ՝ ինքնասպանության պատճառով։ Դեպքերի շուրջ 20%-ն ավարտվում է առողջանալով, ևս 20%-ը՝ մնում է որպես լուրջ խրոնիկական հիվանդ։

 

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին