Ակտինոմիկոզ

 

Ակտինոմիկոզը (actinomycosis) խրոնիկական հիվանդություն է, հարուցիչը տարբեր տեսակի ակտինոմիցետներն են, որոնք տարածված են բնության մեջ։ Նրանց սապրոֆիտ տեսակները ապրում են բերանի խոռոչում ու ստամոքսաաղիքային ուղու լորձաթաղանթների վրա։ Թարախային արտադրության մանրադիտակային հետազոտման, ինչպես նաև ախտահարված հյուսվածքների հյուսվածաբանական հետազոտման ժամանակ ակտինոմիցետները հայտնաբերվում են մանր թելերից բաղկացած կծիկի ձևով՝ շրջապատված ճառագայթաձև հեռացող ու գնդասեղանման հաստացումներ (դրուզներ) ունեցող թելերով։
Մաշկի ախտահարումը հաճախ առաջանում է երկրորդայնորեն՝ ախտաբանական պրոցես խորը տեղադրված հյուսվածքներից ու օրգաններից per continuitatem կամ մետաստազների միջոցով տարածվելու, ավելի պակաս առաջնայնորեն՝ արտաքինից վարակվելու հետևանքով։ Ամենից հաճախ հանդիպում է գումոզհանգուցային ձևը, որը բնորոշվում է ենթամաշկային բջջանքում մեկ կամ մի քանի, առողջ մաշկով ծածկված ամուր հանգույցների առաջացումով։

Աստիճանաբար մեծանալով, հանգույցները միաձուլվում են և գոյացնում տախտակի ամրություն ունեցող անհարթ ինֆիլտրատ, որի վրայի մաշկը ստանում է կապտակարմիր գույն։ Հետագայում ինֆիլտրատը առանձին տեղերում փափկում է և բացվում ոչ մեծ խուղակային անցքերով, որոնցից արտադրվում է հեղուկ թարախ։ Վերջինիս մեջ երբեմն կարելի է հայտնաբերել դեղնավուն հատիկներ՝ դրուզներ:

Հազվադեպ է հանդիպում խոցային ձևը, որն առաջանում է խոշոր հանգույցների քայքայման հետևանքով։ Մաշկի ակտինոմիկոզը առավել հաճախ տեղակայվում է պարանոցադիմային շրջանի, նստատեղերի (ակտինոմիկոզային պարապրոկտիտների ժամանակ), կրծքի (թոքերի առաջնային ախտահարման ժամանակ) և որովայնի (աղիների առաջնային ախտահարման ժամանակ) մաշկի վրա։ Ընթացքը խրոնիկական է՝ տարածվելու հակումով։

Ակտինոմիկոզի ախտորոշումը հիմնված է անհարթ ինֆիլտրատի արտակարգ ամրության և խուղակային անցքերի առկայության վրա։ Վերջնական ախտորոշումը հաստատվում է թարախային արտադրուկի մեջ հարուցիչների (սնկի դրուզի) հայտնաբերումով, սնկի կուլտուրայի ստացումով, ինչպես նաև ակտիոնոլիզատով կատարվող մաշկաալերիկ վարձի հիման վրա։

Բուժումը։

Նշանակվում են իմունոպրեպարատներ (ակտինոլիզատ, ակտինոմիցետային բազմավալենտ վակցինա), հակաբիոտիկներ (պենիցիլին, ստրեպտոմիցին, տետրացիկլին, էրիտրոմիցին) կամ սուլֆանիլամիդներ, արյան փոխներարկում։ Օ. Բ Մինսկերը խորհուրդ է տալիս ախտահարման օջախի վիրաբուժական հեռացում առողջ հյուսվածքների սահմաններում։

 
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին