Ականջի օմբախցանՆկարագրություն
Ականջի օմբախցանն իրենից ներկայացնում է ծծմբի կուտակումը ականջի արտաքին լսողական անցուղում, որն այդ վայրում գտնվող ծծմբային գեղձերի գերարտազատության հետևանք Է։ Ականջի ծծումբը չի հանդիսանում հիգիենիկ խնամքի կանոնների խախտման արդյունք: Օմբախցանի առաջացմանը նպաստում են ականջի ծծումբի բարձր մածուցիկությունը, արտաքին լսողական անցուղու նեղությունը և ոլորունությունը: Ականջի օմբախցանի առաջացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում նաև անցուղու մեջ օտար մարմինների` ցեմենտի, ալյուրի փոշու ներթափանցումը:

Պաթոգենեզ
Օմբախցանը սկզբում փափուկ է, այնուհետև` գնալով քարանում է։ Կկարող է ունենալ գունային տարբեր դիապազոն` բաց դեղինից մինչև մուգ դարչնագույն։ Այն դեպքերում, երբ ականջի օմբախցանն ամբողջությամբ չի փակում լսողական անցուղին, այն չի հանդիսանում որևէ խանգարման պատճառ: Իսկ, երբ լսողական անցուղին լիովին խցանված է, հիվանդը սկսում է զգալ ականջի փակվածություն, ինչպես նաև լսողության զգալի թուլացում, բնորոշ է նաև այնպիսի ախտանիշ, ինչպիսին է` սեփական ձայնի ռեզոնանս փակված ականջում։ Վերը նշված ախտանիշների առաջացման բարենպաստ պայմանը ականջի մեջ հանկարծակի ջուր լցվելը կամ ականջը քչփորելն է: Այն դեպքում, երբ ականջի օմբախցանը ճնշում է լսողական անցուղու պատերը և թմբկաթաղանթը, այն դառնում է մի շարք այլ տիպի խանգարումների պատճառ, ինչպիսիք են` հազ, աղմուկ ականջներում և նույնիսկ գլխապտույտ։

Կանխարգելում / Բուժում
Նշված խանգարումներն ի հայտ գալուն պես անհապաղ պետք է դիմել բուժօգնության։ Մինչև ծծմբախցանը հեռացնելը, որոշ դեպքերում բժիշկը նշանակում է փափկացնող միջոցներ։ Անհրաժեշտ է նշել, որ վերընշված փափկացնող միջոցների օգտագործումից խցանը կարող է ընդարձակվել և ծանրալուրությունն ուժեղացնել, այնուամենայնիվ, դա չպետք է անհանգստության առիթ հանդիսանա։

Խստիվ արգելվում է ականջի օմբախցանը հեռացնել ինքնուրույն` որևէ սուր առարկայի կիրառմամբ: Դա կարող է վնասել թմբկաթաղանթը, դրա հետ մեկտեղ` արտաքին լսողական անցուղու պատերը։


Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին