Աղջիկների սեռական օրգանների վնասվածքները հանդիպում են հատկապես 2-11տարեկան հասակում, հիմնականում բութ և սուր առարկաների վրա ընկնելու հետևաքով, հազվադեպ հանդիպում են բռնի, տրանսպորտային և յատրոգեն վնասվածքներ։

Վնասվածքի ծանրության աստիճանը լինում է տարբեր՝ ոչ մեծ քերծվածքներից  մինչև հարակից օրգանների վնասումը և որովայնային խոռոչ թափանցող վնասվածքներ: Ոչ հազվադեպ վնասվում են արտաքին սեռական օրգանները (փոքր սեռական շուրթերի, ծլիկի, հեշտոցի պատերի պատռվածքներ, արտաքին սեռական օրգանների հեմատոմաներ)։

Հետին կպուկի վնասվածքը կարող է սահմանափակվել մաշկով, սակայն կարող է  ընդգրկել շեքի մկանները՝ խախտելով արտաքին սեղմամկանի և ուղիղ աղիքի լորձաթաղանթի ամբողջականությունը։

Փոքր սեռական շուրթերի պատռվածքը երբեմն ներառում է ծլիկի շրջանը և միզուղիները։ Սեռական օրգանների տրավմաները կարող են ուղեկցվել միզուկի, միզապարկի վնասվածքներով և կոնքի ոսկրերի կոտրվածքներով։

Տարբերում են վնասվածքի "սուր" շրջան և դրա հետևանքներ։
Վնասվածքի "սուր" շրջան. Սեռական օրգանների վնասվածքները, որպես կանոն, ուղեկցվում են արյունահոսությամբ, թեև լինում են վնասվածքներ՝ առանց լորձաթաղանթի և մաշկի ամբողջականության խախտման և տարբեր մեծության հեմատոմաների  առաջացմամբ։
Հեմատոման կարող է մնալ անփոփոխ կամ մեծանալ զարկերակի վնասման դեպքում։

Ծանր դեպքերում երևան են գալիս սակավարյունության նշաններ։ Մեծ հեմատոմաները կարող են արտաքին սեռական օրգաններից տարածվել շեքի, նստատեղի, որովայնի առաջնային պատի վրա։ Մեզի, կղանքի մեջ արյան հայտնվելը վկայում է այն  մասին, որ միզապարկի, միզուկի կամ ուղիղ աղիքի ամբողջականության խախտում  կա։

Սիզասեռական օրգանների վնասվածքն առավել ծանր վնասվածքներից է։ Միզուկի պատռվածքների դեպքում մեզի մշտական արտադրությունը և ինքնուրույն միզարտադրության բացակայությունը առաջ է բերում ծանր տառապանքներ, ընկճում հիվանդի հոգեկան աշխարհը։

Ախտորոշումը.
Սեռական օրգանների վնասվածքի ախտորոշումն անցկացվում է համալիր հետազոտությամբ, ներառելով անամնեզի տվյալները, արտաքին սեռական օրգանների զննումը, որովայնի շոշափումը, հեշտոցի զննումը։ Եթե դժվար է որոշել վնասվածք աստիճանը և տարածվածությունը, ապա հետազոտությունն անցկացնում են ընդհանու ցավազրկման պայմաններում։
Միզապարկի կաթետերավորումը թույլ է տալիս բացառել կամ հաստատել միզապարկի և միզուղիների վնասվածքը։

Ուղիղ աղիք-որովայնային հետազոտման արդյունքում որոշվում է ուղիղ աղիք ամբողջականությունը, կոնքի ոսկրերի վիճակը, հեմատոմայի առկայությունը։
Հեշտոցազննումը պատկերացում է տալիս հեշտոցի և կամարների վիճակի մասին:
Ռենտգենաբանական հետազոտություններն անցկացնում են կոնքի ոսկրեր կոտրվածքների, որովայնային խոռոչ թափանցող վնասվածքների կասկածի դեպքում։

Բռնաբարության հետևանքով առաջացած վնասվածքների դեպքում հատկապես մանրազննին պետք է իրականացվի գինեկոլոգիական հետազոտություն, որոշում է վնասվածքի ծանրության աստիճանը և տեղակայումը, վուլվայից և հեշտոցից վերցնում են արտադրության նմուշներ գոնոկոկերի և սպերմատոզոիդների առկայության հետազոտման համար։ Դեպքի մասին իրազեկում են իրավապահ մարմիններին և դրանց հանձնում աղջկա հագուստը և սպիտակեղենը։

Բուժումը.
Սկզբնական փուլում անցկացնում են վերքի նախնական մշակում համընդհանուր կարգով։
Բուժօգնության ծավալը կախված է վնասվածքի բարդությունից։ Մակերեսային քերծվածքների դեպքում սեռական օրգանները մշակում են հակասեպտիկներով։
Ոչ մեծ հեմատոմայի դեպքում ցուցված է սառապարկի տեղային օգտագործումը իսկ հետո՝ ներծծող բուժում։

Խոռոչային մեծ հեմատոման անհրաժեշտ է բացել, հեռացնել մակարդուկները, արյունահոսող անոթի վրա դնել կարեր։ Հնարավոր է խոռոչի դրենավորում։
Հեշտոցի ու շեքի I և II աստիճանի պատռվածքները կարում են։
Միզուկի և միզապարկի պատռվածքների դեպքում կարում են միզապարկը։ Միզապարկին կար դնելը տրավմայից անմիջապես հետո, հատկապես եթե հյուսվածքները ճզմված են, նպատակահարմար չէ։

Այդ գործողությունների հետևանքով կարող է առաջանալ միզուկի նեղացում և/կամ միզասեռական խուղակներ։
Հետվիրահատական շրջանում անցկացնում են արտաքին սեռական օրգաններ լվացում և հեշտոցի սանացիա հակասեպտիկ լուծույթներով։ Միզապարկի կտրելուց հետո 14-15 օրով միզապարկ են դնում կաթետեր և նշանակում ուրոսեպտիկներ։

Միզասեռական օրգանների վնասվածքների հետևանքները միանգամայն բազմազան են, ինչը պայմանավորված է վնասվածքի տեղակայումից (հեշտոց, միզուկ, միզապարկ կամ դրանց համակցում), որը բերում է հիշյալ կառույցների նեղացման, ինչպես նաև միզասեռական խուղակների գոյացման։

Որպես կանոն, միզասեռական խուղակներ ունեցող հիվանդները գանգատվում են հեշտոցից մեզի ծորանքից, իսկ ցիստաստոմիայի դեպքում՝ ինքնուրույն միզարտադրության բացակայությունից։ ժամանակի ընթացքում միզասեռական խուղակներով հիվանդների մոտ մեզից գրգռվելու արդյունքում հեշտոցի լորձաթաղանթում զարգանում է հեշտոցի ծանր բորբոքումներ, երբեմն նաև խուղակի շրջանում միզաքարերի գոյացում:

Արբունքային տարիքի աղջիկներին, որոնք ունեն հեշտոցի (օբլիտերացիա) նեղացում  անհանգստացնում են որովայնի ստորին մասում պարբերաբար կրկնվող ցավեր, որոնք կապված են հեմատոկոլպոսի և/կամ հեմատոմետրիայի առաջացման հետ, ինչը պահանջում է շտապ վիրահատական միջամտություն։
Միզասեռական վնասվածքների հետևանքի ևս մեկ մշտական համախտանիշներից են նևրոզանման խանգարումները՝ դեպրեսիայի և տագնապի տեսքով, սեփական անլիարժեքության զգացումը։

Ախտորոշումը.
Միզասեռական վնասվածքի ախտորոշումը ներառում է անամնեզը, արտաքին սեռական օրգանների զննումը, հեշտոցի զոնդավորումը, ուղիղ աղիք-որովայնային հետազոտությունը։
Հեշտոցի անանցանելիությունը, որը հանգեցնում է հեմատոկոլպոսի, վերջինիս հավաստի ախտորոշման մեթոդը, էխոսկոպիան է։ Հեմատոկոլպոսի բացակայության դեպքում չի հաջողվում էխոսկոպիայի միջոցով ճիշտ որոշել հեշտոցի վիճակը։ Նման դեպքում ցուցված է փոքր կոնքի օրգանների մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան։

Միզուղիների նեղացումը բացահայտելու համար առավել տեղեկատվական է ցիստոուրետրոզննումը։
Միզուկա- և միզապարկա-հեշտոցային պատռվածքները կարելի է հայտնաբերել երկու էնդոսկոպների միաժամանակ կիրառմամբ, որոնցից մեկն անցկացնում են միզուկի մեջ, իսկ մյուսը՝ միզապարկի մեջ ցիստոստոմայի միջով։

Բավական տեղեկատվական է նաև ցիստոուրետրոգրումը, որը թույլ է տալիս բացահայտել ոչ միայն միզասեռական խուղակները, այլև միզապարկի տարողության նվազումը, դրա դեֆորմացիան, ինչպես նաև միզապարկա-միզածորանային ռեֆլյուկսը։

Միզասեռական վնասվածքների հետևանքների բուժումն իրենից ներկայացնում է հիմնախնդիր՝ կապված անատոմիական բավական բարդ վիճակի հետ։ Առավել դժվար է հեշտոցի, միզուկի և միզապարկի համակցված վնասվածքների բուժումը։ Բազմաթիվ միզասեռական վնասվածքների դեպքում ցուցված է վիրահատություններն անցկացնել 2-3 փուլով՝ բարձրակարգ վերապատրաստված մասնագետների կողմից, բազմապրոֆիլային մանկական հիվանդանոցներում։

Սեռական ուղիների վերակազմավորումից հետո հեշտոց են դնում վազելինի յուղով և քլորհեքսիդինի լուծույթով տամպոն 3-5 օրով, որը հետո փոխում են ամեն օր՝ 3-4 օրվա ընթացքում, միաժամանակ անցկացնելով հականեխիչ լուծույթներով հեշտոցի սանացիա։ 10-12-րդ օրից կատարել հեշտոցի կանխարգելիչ լայնացում։

Հետազոտության և վիրահատական բուժման նշված մեթոդներն արդյունավետ են հիվանդների 95.5%-ի մոտ և նախադրյալներ են ստեղծում դաշտանային և վերարտադրողական ֆունկցիաների վերականգնման, ինչպես նաև հիվանդների սոցիալական ապտացիայի համար։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին