Պատկանում է սեզոնային կատառների շարքին։ Վիրուսը հիմնականում անջատվում է ավշային հանգույցների հյուսվածքից, ինչպես նաև քթաըմպանի քսուքներից։ Այս վարակի դեպքում, բացի շնչական ուղիներից, ախտահարվում են նաև ավշային հանգույցները, պարենխիմատոզ օրգանները, աչքերի լորձաթաղանթը, աղիքները, որտեղ զարգանում են էքսուդատիվ բորբոքման երևույթներ։
Կլինիկորեն առավել հաճախ հանդիպող ձևերից են.
1. Վերին շնչուղիների կատառը, որն ուղեկցվում է նշիկների, ըմպանի ախտահարումներով և լորձաշճային արտադրությամբ, չափավոր ջերմությամբ, տվյալ շրջանի լիմֆադենիտով, փորլուծությունով։
2. Ֆարինգո-կոնյունկտիվային տենդ՝ կատառային, ապա թարախային կոնյունկտիվիտի պատկերով, արտահայտված նշիկաբորբով ն ֆարինգիտով։
3. Պարենխիմատոզ օրգանների ախտահարումներ, հիմնականում լյարդաբորբ, հաճախ դեղնուկային ձևերով, որը թյուրիմացաբար ընդունվում է որպես վիրուսային հեպատիտ։
4. Ավշահանգույցների ախտահարումներ, մասնավորապես մեջընդերային ավշահանգույցների բորբոքում (մեզադենիտ)։
Սուր շնչական վիրուսային վարակների ախտորոշումը հիմնականում կատարվում է համեմատաբար յուրահատուկ կլինիկական տվյալների հիման վրա՝ սուր սկիզբ, թունավորում, վերին շնչուղիների ախտահարում և այլն։
Արյան կողմից առաջին օրերին նկատվում է նորմոցիտոզ կամ կարճատև անցողիկ նեյտրոֆիլային բնույթի լեյկոցիտոզ, ապա բնորոշ լեյկոպենիա, լիմֆոցիտոզ, էՆԱ-ն՝ նորմայի սահմաններում։
Ախտորոշման նպատակով կարևոր տեղ է հատկացվում վիրուսաբանական, շճաբանական հետազոտություններին (կոմպլեմենտի կապման ռեակցիա)։
Տարբերակիչ ախտորոշումը հիմնականում պետք է տարվի սուր շնչական վիրուսային վարակների տարատեսակների միջև։
Բուժում
Սպեցիֆիկ բուժում կազմակերպվում է հազվադեպ և միայն գրիպի դեպքում։ Այդ նպատակով ներարկվում է 1-3 մլ հակագրիպային գամագլոբուլին։ Քիմիոթերապիայի միջոցառումները դեռևս լիարժեք չեն և գործնական կիրառում չունեն։ Բուժման հիմնական նպատակն է.
1. Պայքար թունավորման դեմ (բոլոր հանրահայտ միջոցներով)
2. Միջոցառումներ երկրորդային միկրոբային ֆլորայի ակտիվացման դեմ (հակաբիոտիկների չափավոր դեղաչափերի կիրառում)
3. Ախտանշանային թերապիա։
Կանխարգելում
Սպեցիֆիկ կանխարգելում կատարվում է միայն գրիպի դեպքում։ Ավելի մեծ տարիքի երեխաների մոտ կիրառվում է ինակտիվացրած հակագրիպային վակցինա։ Լավ արդյունք է նկատվում ինտերֆերոնի օգտագործումից։ Հիմնականում տարվում են ընդհանուր սանիտարական կանխարգելիչ միջոցառումներ։
Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին