Ադենոիդ վեգետացիաՔթըմպանային նշիկի գերաճն առաջատար տեղ է զբաղեցում քթըմպանի ախտաբանության մեջ, որն անուղղակիորեն կապված է դիմածնոտային ապարատի ախտաբանաության հետ: Ադենոիդներն ավելի հաճախ հանդիպում են մանկական հասակում, երբ դիմային գանգի ոսկրերը շարունակում են աճել` ձեռք բերելով մեծահասակին բնորոշ կոնֆիգուրացիա և ձևավորվում է ատամնաշարը:

Հետևաբար, կարծր քիմքի և ատամների աննորմալ զարգացումը կանխելու համար քթային շնչառությունը պետք է լինի բավարար: Ադենոիդները կարող են դառնալ քթային շնչառության կայուն խանգարման, քթի և հարքթային ծոցերի լորձաթաղանթի կանգային պրոցեսների, ինչպես նաև կայուն ռինիտների և միջին ականջաբորբերի պատճառ:

Ախտանիշներն են՝ քթային դժվարաշնչություն, խրոնիկական ռինիտ, գլխացավ, ապաթիա և ախորժակի վատացում: Բնորոշ են գունատությունը, դեմքի ապաթիկ արտահայտությունը, քիթևշրթունքային ծալքերի հարթեցումը և կարիոզ ատամներով կիսաբաց բերանը:

Ախտորոշումը հիմնված է վերհուշության (անամնեզ) և երեխայի արտաքինի վրա: Հետին քթազննման ժամանակ քթըմպանի թաղում հայտնաբերվում է անհարթ մակերեսով ադենոիդ վեգետացիա, որը փակում է խոանները: Բացի դրանից, մեծ ախտորոշիչ նշանակություն ունի քթըմպանի մատնային հետազոտությունը: Այն կատարվում է աջ ցուցամատով, որն անցկացվում է փափուկ քիմքից հետ դեպի քթըմպան, երբեմն ախտորոշմանն օգնում է կողմնային ռենտգեն հետազոտությունը:

Տարբերում են ադենոիդ հյուսվածքի գերաճի երեք աստիճան:

I աստիճանի ադենոիդը ձգվում է խոանների վերին եզրով

II աստիճանի գերաճի դեպքում այն զբաղեցնում է քթըմպանի զգալի մասը և կիսով չափ ծածկում խոփը

III աստիճանի ժամանակ՝ ամբողջությամբ փակում է խոանները:

Ադենոիդ հյուսվածքի գերաճով տառապող հիվանդների քթային շնչառության վերականգնման միակ եղանակը վիրաբուժականն է՝ ադենոտոմիան կատարվում է ադենոտոմ կոչվող հատուկ պատուհանավոր դանակի օգնությամբ: Ժամանակին կատարված ադենոտոմիան կանխում է քթի և հարքթային ծոցերի հիվանդությունների և դիմածնոտային ապարատի անկանոնությունների (ստոմատիտ, գինգիվիտ, կարիես և կծվածքի խանգարում) զարգացումը:

 

Սկզբնաղբյուրը՝ Doctors.am