Doctors.am

Խրոնիկական, աճական (խոցային-աճական) պիոդերմիա։

Զարգացած վիճակում հանդես է գալիս սահմանափակ, ինֆիլտրացված բորբոքային կուտակների ձևով՝ կապտակարմիր գույնի պտկիկավոր մակերեսով, տեղ֊տեղ ծածկված թարախային կեղևներով։ Վերջիններիս ճնշման ժամանակ միջպտկիկային ճեղքերից, խորը ճեղքվածքներից ու ոչ մեծ խուղակային բացվածքներից արտադրվում են թանձր, կանաչ գույնի թարախի կաթիլներ։ Կուտակներն ունեն տարբեր չափեր և մեծանում են դանդաղ՝ ծայրամասային աճման ճանապարհով։ Հիմնական օջախի շուրջը շատ անգամ դիտվում են խորը պուստուլաներ։ Գնդիկավոր զոնդի օգնությամբ հետազոտելիս ինֆիլտրատի խորքում հայտնաբերվում են թարախային խոռոչներ։ Հիվանդությունն ընթանում է ծայրահեղ դանդաղ և կարող է ձգձգվել ամիսներ և նույնիսկ տարիներ. ավարտվում է յուրահատուկ սպիի գոյացումով՝ առողջ մնացած բնականոն մաշկի ոչ մեծ կղզյակների հետ։

Ախտահարումն հաճախ տեղակայվում է դաստակի մեջքային մակերեսին, կոճերի շուրջը, ոտնաթաթերի թիկունքին։ Դաստակի, ոտնաթաթերի թիկունքին տեղակայվելու դեպքում հնարավոր է ախտաբանական պրոցեսի տարածում դեպի ստորադաս հյուսվածքները և հոդերի թարախային բորբոքման զարգացում։

Բուժումը

Առատ թարախային արտադրության ժամանակ ցուցված են տաքացնող կոմպրեսներ էթակրիդինի 1։1000 լուծույթով, ռեզորցինի 2 %-անոց լուծույթով և այլն։ Հանգիստ շրջանում՝ վիրակապ 2 %-անոց գենցիանվիոլետային օծանելիքով։ Բուժումը հակաբիոտիկներով սովորաբար նվազ արդյունավետ է։ Այն հարկավոր է զուգակցել ոչ սպեցիֆիկ խթանիչ թերապիայի հետ (աուտոհեմոթերապիա, հեմոտրանսֆուզիա)։ Երբեմն լավ արդյունք է տալիս ախտահարման օջախի ծակծկումը հակաբիոտիկների լուծույթներով: Կոնսերվատիվ բուժման անհաջողության դեպքում հանձնարարվում է քերում սուր գդալով։

 

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am 
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին