Հայտնի է, որ շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների հավանականությունը մի քանի անգամ բարձր է: Ի՞նչն է սրա պատճառը, ո՞րն է բուժման ընդունելի տարբերակը: Այս և այլ կարևոր հարցերի մասին խոսել ենք «ԴիաԼաբ» ԲԿ-ի սրտաբան, բ.գ.թ. Մարինե Օրդյանի հետ: 


Ի՞նչն է պատճառը, որ շաքարային դիաբետն առաջացնում է սիրտ-անոթային համակարգի լուրջ հիվանդություններ: 

Երբ մենք խոսում ենք շաքարային դիաբետի և սիրտ-անոթային հիվանդությունների կապի մասին, ապա հարկ է նշել, որ հիմնականում նկատի ունենք 2-րդ տիպի շաքարային դիաբետը: Շաքարային դիաբետով տառապում են ամբողջ աշխարհի բնակչության գրեթե 15%-ը, սակայն հիվանդացության դինամիկան ցույց է տալիս, որ հաջորդ 10 տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ կավելանա շաքարային դիաբետով հիվանդների քանակը: Շաքարային դիաբետը համարվում է սխալ ապրելակերպի հիվանդություն՝ կապված գիրության, ցածր ֆիզիկական ակտիվության, անառողջ սննդի օգտագործման հետ:

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ երբ հիվանդի մոտ ախտորոշվում է շաքարային դիաբետ, ապա  հաճախ պարզվում է, որ հիվանդն արդեն 5-ից 10 տարի է, ինչ ունեցել է այդ հիվանդությունը, պարզապես դա հայտնաբերվել է այն ժամանակ, երբ հիվանդի մոտ առաջացել են սիրտ-անոթային համակարգի բարդություններ:

Կարևոր է նշել, որ շաքարային դիաբետ ունեցող հիվանդները հիմնականում  մահանում են առաջացած սիրտ-անոթային բարդություններից՝ սրտամկանի ինֆարկտ, ուղեղի անոթների ինսուլտ, երիկամային անբավարարություն: Շաքարային դիաբետի դեպքում քայքայվում է օրգանիզմի թիրախ օրգանների անոթային ցանցը (սիրտ, գլխուղեղ, երիկամներ), ինչը հանգեցնում է զարկերակային գերճնշման, սրտի իշեմիկ հիվանդության, երիկամային անբավարարության: Զարկերակային գերճնշումով հիվանդների գրեթե 40%-ն ունի նաև շաքարային դիաբետ, և հակառակը՝ շաքարային դիաբետով հիվանդների 60%-ը ունի զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն: Այդ պատճառով էլ շատ կարևոր է, որ հիվանդը միաժամանակ հսկվի և՛ էնդոկրինոլոգի, և՛ սրտաբանի կողմից: Երբ հիվանդը այցելում է սրտաբանի, նրան նշանակվում են արյան լաբորատոր հետազոտություններ, որոնք ներառում են նաև գլյուկոզան և գլիկոլիզացված հեմոգլոբինը: Եթե հայտնաբերվում են  այդ ցուցանիշների շեղումներ, ապա սրտաբանը պարտավոր է հիվանդին ուղղորդել  նաև էնդոկրինոլոգի մոտ, քանի որ դա նշանակում է, որ հիվանդը կամ գտնվում է շաքարային դիաբետի զարգացման ռիսկի խմբում, կամ արդեն ունի շաքարային դիաբետ: 


Հայտնի է, որ շաքարային դիաբետով հիվանդների մոտ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները հաճախ ունենում են անախտանիշ ընթացք: Ո՞րն է դրա պատճառը և ի՞նչով է դա վտանգավոր: 

Այս դեպքում խոսքը գնում է սրտի իշեմիկ հիվանդության մասին: Սրտի իշեմիկ հիվանդությունը ախտորոշելու համար  բացի գործիքային հետազոտություններից, շատ կարևոր են նաև հիվանդի գանգատները: Հիմնական դասական գանգատը  ստենոկարդիայի նոպան է՝ կրծկահեղձուկը: Հիվանդները նշում են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության, կամ էմոցիոնալ սթրեսի  ժամանակ ունենում են ցավի կամ սեղմոցի զգացում կրծքոսկրի ետևում, որը կարող է ճառագայթել աջ կամ ձախ ուսագլուխ, ձեռքերը, ստորին  ծնոտը, կամ թիկունքի հատվածը:

Քանի որ շաքարային դիաբետով հիվանդների մոտ առկա է նեյրոպաթիա, այսինքն՝ ծայրամասային (պերիֆերիկ) նյարդերի զգայունության իջեցում, ապա հիվանդներն այդ ցավը չեն զգում: Շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ այդ երևույթները հիմնականում արտահայտվում են շնչարգելության տեսքով՝ հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Ուզում եմ նաև նշել, որ նմանատիպ ձևով, այսինքն շնչարգելության տեսքով կարող է ընթանալ նաև սրտի իշեմիկ հիվանդությունը կանանց մոտ: Շատ հաճախ հիվանդները կամ նրանց հարազատները չեն էլ հասկանում, որ դա կարող է կապված լինել սրտի հիվանդության  հետ: Մտածում են՝ գուցե հիվանդի քաշն է ավելացել և դա է պատճառը, որ աստիճան բարձրանալիս շունչը կտրվում է: Հետագայում՝ հետազոտության ընթացքում պարզվում է, որ շնչարգելությունը ստենոկարդիայի նոպայի արդյունք է:

Շաքարային դիաբետով հիվանդների մոտ շատ հաճախ լինում է նաև «համր» իշեմիա, այսինքն սրտամկանի սնուցման խանգարում, որը գանգատներով չի արտահայտվում, սակայն ունի նույնպես վտանգավոր պրոգնոստիկ նշանակություն: «Համր» իշեմիան  հնարավոր է պարզել  միայն ծանրաբեռնվածության փորձով (տրեդմիլ-թեստ), կամ  24-ժամյա էլեկտրասրտագրության Հոլտեր - մոնիտորինգի միջոցով: Պատահում է, որ շաքարային դիաբետով հիվանդը տանում է սրտամկանի ինֆարկտ, որը հայտնաբերվում է ուշացումով, երբ արդեն հիվանդի մոտ առաջանում է սրտային անբավարարություն:

Վերը նշվածները  կյանքին սպառնացող լուրջ վտանգներ են, սակայն այս ամենը կանխելու համար պետք է հնարավորինս հետևողական լինել սեփական առողջության նկատմամբ: Ի՞նչ է դա նշանակում: 40 տարեկանից հետո յուրաքանչյուր տղամարդ, և 50 տարեկանից հետո յուրաքանչյուր կին ամեն տարի պետք է անցնի նվազագույն սկրինինգային հետազոտություններ և լաբորատոր անալիզներ՝ առողջական վիճակը գնահատելու, և հետագա խնդիրները կանխելու համար: Իսկ եթե ժառանգականությունը ծանրաբեռնված է, այսինքն ազգականների մեջ եղել են շաքարային դիաբետով  կամ սիրտ- անոթային հիվանդություններով տառապող մարդիկ, կանխարգելիչ միջոցառումները պետք է սկսել ավելի վաղ տարիքից:


Շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ  սիրտ-անոթային համակարգի հիվանդություններն առավել դժվար են բուժվում, ո՞րն է դրա պատճառը:

Հարցը շատ կարևոր է, քանի որ շաքարային դիաբետով հիվանդների մոտ սիրտ-անոթային հիվանդություններն ավելի ծանր են ընթանում, օրինակ՝ զարկերակային գերճնշման դեպքում ավելի հաճախ են լինում ճնշման տատանումները օրվա ընթացքում,  նաև ճնշման զգալի բարձրացումներ գիշերային ժամերին, որոնք  կարող են բերել սիրտ-անոթային պատահարների՝ գիշերային կամ վաղ առավոտյան ժամերին: Հետևաբար, շաքարային դիաբետով հիվանդի զարկերակային ճնշումը դժվար է ենթարկվում բուժման, և պահանջվում է մի քանի հակահիպերտենզիվ կոմբինացված դեղամիջոցների օգտագործում զարկերակային ճնշման թիրախային թվերին հասնելու համար՝ 130 /80մմ ս.ս-ից ոչ բարձր և 120/70 մմ ս.ս - ից ոչ ցածր: Բուժման նպատակին հասնելու համար շատ կարևոր է հիվանդի հակվածությունը բուժման նկատմամբ, որը կախված է հիվանդության և նրա բարդություների մասին հիվանդի տեղեկացվածությունից, դեղորայքի արդյունավետությունից և անվտանգությունից: Բժիշկն էլ այս դեպքում պետք է շատ ուշադիր լինի, քանի որ կան որոշ դեղամիջոցներ, որոնք շաքարային դիաբետով հիվանդներին ցուցված չեն: Սակայն ուզում եմ այս կարևոր թեմայի լուսաբանումը ավարտել լավատեսորեն: Ցանկանում եմ հիշեցնել ճիշտ ապրելակերպի մասին, որն է՝ քաշի նվազեցումը, ծխելուց հրաժարվելը, բավարար ֆիզիկական ակտիվությունը (նվազագույնը՝ շաբաթական 150 րոպե), մյուս ռիսկի գործոնների («վատ» խոլեստերինի, գլյուկոզայի, միզաթթվի) դեմ պայքարը, կերակրի աղի սահմանափակումը (օրեկան մինչև 5 գրամ), խմիչքի չափավոր օգտագործումը: Այս ամենի արդյունքում կունենանք շաքարային դիաբետի և սիրտ- անոթային հիվանդությունների նվազում և ամենակարևորը՝ կյանքի որակի լավացում:
            Հավատացեք ձեր բժշկին և միասին հաղթահարեք հիվանդությունը:


Պատրաստեց Արմինե Սարգսյանը