Հուլիսի 4-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի նիստը, որը նվիրված էր ԲՈւՀ-ի՝ 2015թ.-ի շրջանավարտների ավարտական հանդիսությանը:
 
Նիստի բացմանը շնորհավորական խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը.
«Սիրելի՛ շրջանավարտներ, տարիներ առաջ դուք ներքին մղումով կամ ծնողների խորհրդով, ոմանք էլ՝ ծնողների օրինակով ընտրել եք մեր համալսարանը՝ բարձրագույն բժշկական կրթություն ստանալու նպատակով: Եվ այսօր կարող ենք փաստել, որ ձեր ընտրությունը, ձեր ցանկությունը, ձեր երազանքը կատարվեց. շնորհավորում եմ ձեզ: Որպես ռեկտոր՝ ձեր անունից այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր պրոֆեսորադասախոսական կազմին, մեր ադմիսնիստրացիային, բոլոր նրանց, ովքեր փոխանցել են ձեզ գիտելիքներ, իրենց ունակությունները, բժշկական էթիկայի նորմերը, շնորհքը, բոլոր նրանց, ովքեր մարմնավորում են այն ամենը, ինչը կրում է Բժշկական համալսարան բարձր անունը: Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին, քանի որ պատկերացնում եմ, թե ինչ հուզմունքով և սրտի թրթիռով են նրանք սպասել այս օրվան»: 

Ռեկտորը նշեց, որ շրջանավարտների առաջ բացվում են նոր դռներ, քանի որ այժմ իրենք ընտրելու են իրենց նեղ մասնագիտացման ուղին, և այսօր արտերկրում աշխատող մեր հայ բժիշկների աջակցությամբ նրանք ունեն հնարավորություններ այդ մասնագիտացման մի մասն անցնելու արտասահմանյան առաջատար բուհերում: «Ձեր սերնդի օգնությամբ մենք պետք է իրականացնենք, լուծենք նաև մի շատ կարևոր խնդիր՝ մարզերի համալրումը բարձրորակ մասնագետներով, բժիշկներով, ինչը, համոզված եմ, մեզ կհաջողվի», - ընդգծեց ռեկտորը: Միքայել Նարիմանյանը շրջանավարտներին խորհուրդ տվեց շարունակել մասնագիտանալ և կատարելագործվել ամբողջ կյանքում, քանի որ հաջողությունը նկատում է, ընտրում է պատրաստվածներին. «Եվ երբ դու հասնեք հաջողության, հիշեք իմ լավ խորհուրդը՝ միշտ հիշեք, որ ցանկացած բժշկի մասնագիտական ամենամեծ հաջողությունը իր պացիենտի կյանքն ու առողջությունն է բժշկի մասնագիտական ամենամեծ հաջողությունը իր պացիենտի կյանքն ու առողջությունն է: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալություն»:
 
Ռեկտորի շնորհավորական խոսքից հետո շրջանավարտները երդվեցին լինել Հիպոկրատի, Մխիթար Հերացու և այլ մեծանուն բժշկապետերի արժանի հետևորդներ:
            
 
Այնուհետև ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն այն շրջանավարտներին, ովքեր ուսման տարիներին ցուցաբերել են փայլուն առաջադիմություն, հանձնեց առաջին կարգի (կարմիր) դիպլոմներ:
 
Գիտական խորհրդի հանդիսավոր նիստն ավարտվեց ուսանողների ուժերով պատրաստված համերգային ծրագրով:

 
Տեղեկատվությունը՝ YSMU.am
Աղբյուրը՝ Doctors.am
06 Հուլիսի. 2015