Համացանցում անգամ ակտիվ ներգրավված չլինելու պարագայում, անհնար է չնկատել այն բացասական տրամադրությունների հոսքը, որը հաճախ տարբեր լրատվամիջոցների կամ անհատ օգտատերերի կողմից անհարկի ուղղվում է բուժաշխատողների հասցեին: Երբեմն այդ անկառավարելի գրառումներն անցնում են թույլատրելիի սահմանը և հաճախ շատ հեռու են իրականությունը օբյեկտիվ ներկայացնելու ցանկությունից: 
 
Գաղտնիք չէ, որ հաճախ ամենից անպաշտպան կարգավիճակում հայտնվում է հենց բուժաշխատողը: Անկախ մեղքի բաժնից, բժշկին, որի ձեռքերում հազարավոր նոր կյանքեր են ծնվել, չի կարելի «ֆեյսբուքյան դատաստանի» ենթարկել: Բժիշկների կողքին լինելու նպատակով օրեր առաջ բացված ֆեյսբուքյան մեկ այլ էջ անտարբեր չթողեց օգտատերին: Համացանցում բժիշկի ձերբակալման շուրջ լայն տարածում ստացած քննարկումներին տասնյակ մարդիկ որոշեցին հակափաստարկել՝ պարզապես էջում իրենց փոքրիկի լուսանկարը տեղադրելով: Խոսքը այն փոքրիկների մասին է, որոնց լույս աշխարհ գալու գործում այս մասնագետը կարևոր դեր է խաղացել: 
 
Նախաձեռնությունը ցույց տվեց, որ անկախ իրավիճակից, բժիշկներն էլ ունեն բոլորիս սատարումի և աջակցության կարիքը: Ուրախալի է, որ ամենալայն տարածվածությունն ունեցող սոցիալական ցանցերից մեկը համալրվում է բժիշկի պատիվն ու հեղինակությունը բարձրացնել ցանկացող նախաձեռնություններով, որոնք սթափեցնում են և ամենակարևորը լավատեսական տրամադրություն են տարածում հանրության շրջանում: Լինելով բժիշկի կողքին՝ չէինք ցանկանա, որ շատ արժանավոր մասնագետներ, իրենց գործի գիտակ և արհեստավարժ բուժաշխատողներ լքեն իրենց երկիրը և հրաժարվեն ամենամարդասիրական մասնագիտությունից: 

Աղբյուրը` Doctors.am