Մայիսի 15-ին Ս. Վ. Մալայանի անվ. ակնաբուժական  կենտրոնի բժշկական կազմի հետ հանդիպեցին «Երկրապահ կամավորական միության» անդամներ  «Ազատագրում» ՀԿ-ի նախագահ, գնդապետ Մարկոս Մելքոնյանը և Երկրապահ կամավորական միության «Արագած» տարածքային բաժանմունքի փոխնախագահ, ավագ լեյտենանտ Արարատ Խանդոյանը::

Հանդիպման առիթը յուրահատուկ էր. ազատամարտիկները, սեփական նախաձեռնությամբ  եկել էին հայտնելու իրենց երախտիքն ակնաբույժներին, ովքեր պատերազմի տարիներին կանգնած են եղել մարտնչող զինվորի կողքին և այսօր էլ հոգատար բժշկական օգնություն են ցուցաբերում ազատամարտիկներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

-  Ոչինչ չի մոռացվում, մեզնից յուրաքանչյուրը ծանոթ է Արցախյան մարտական պատմություններին, շատերը նույնիսկ մասնակից են եղել: Այս ժամանակահատվածն, իհարկե, լի էր ինչպես ողբերգական, այնպես էլ ուրախալի պահերով, երբ Հայաստանի հանրապետության և Արցախի ժողովուրդը համախմբված արեց հնարավորը և անհնարինը, սերունդների առջև իր պարտքը կատարելու համար. Պահեց արցախյան հողը՝ կյանքի գնով,-ասում է ՀՀ ԱՆ Գլխավոր ակնաբույժ, Ս. Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Ալեքսանդր Մալայանը,- մեր ուժերի սահմաններում՝ օգնություն է ցուցաբերել նաև մեր կենտրոնի աշխատակազմը: Բժիշկներն աջակցել են ինչպես պատերազմական տարիներին, այնպես էլ այսօր՝ խաղաղ պայմաններում, ազատամարտիկներին, նրանց ընտանիքներին… Ես շնորհակալությունս եմ հայտնում բոլոր այն բժիշկներին, ովքեր մարտական գործողությունների ընթացքում եղել են զինվորի կողքին և այսօր էլ հնարավոր ամեն բան անում են՝ որևէ հարցով օգտակար լինելու համար նրանց կամ նրանց ընտանիքներին:

Նշենք, որ Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնը , արցախյան պատերազմի տարիներին 3 հենակետային հիվանդանոցների շարքում է եղել:

-  Խիստ կարևորում եմ զինվորի արած գործի կարևորումը և գնահատումը պատերազմից հետո: Եվ այսօր մեր հանդիպման նպատակը հենց բժշկների կատարած հայրենանվեր և անչափ կարևոր գործի գնահատումն է: Մենք պատերազմում կարողացանք հաղթել միայն միասնական ուժի շնորհիվ: Իմ շա՜տ սիրելի բժիշկնե՛ր, ողջունում և շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ բոլոր ազատամարտիկների անունից: Մեր ազգի համար առողջությունը ռազմավարական նշանակություն ունի: Պրոֆեսոր Մալայա՛ն և ներկա բոլոր բժիշկներ, շնորհակալ եմ այն  մեծ ջերմության և հարգանքի համար, որ արժանացել այս պատերից ներս, իսկապես հաճելի է գտնվել այս աշխատակազմի բժիշկների հոգատար ձեռքերում: Մեր հանդիպումը, վստահությամբ կարող եմ ասել, որ վերջինը չի լինի, - ասում է Երկրապահ կամավորականներ միության անդամներ  «Ազատագրում» ՀԿ-ի նախագահ, գնդապետ Մարկոս Մելքոնյանը:

Արցախի հերոս, «Երկրապահ կամավորականների միության վարչության» նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով՝ Ս. Վ Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Ալեքսանդր Մալայանը և բ. գ. թ. դոցենտ Գլաուկոմայի  բաժանմունքի վարիչ Լիլիթ Ոսկանյանը պարգևատրվեցին «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար՝  Երկրապահ կամավորականների միության պատվոգրերով պարգևատրվեցին նաև բժիշկ-ակնաբույժներ Ս. Վ. Մալայանի անվ. աչքի կենտրոնի Անոթային պաթոլոգիաների բաժանմունքի վարիչ, բ.գ.թ.  դոցենտ Գեորգի Գրիգորյանը, Սրբուհի Բաբաջանյանը, Արսեն Սարգսյանը, Սպարտակ Օհանյանը:

-Բժշկի և հատկապես ակնաբույժի դերն անգնահատելի է եղել մարտի դաշտում. Դուք լույս և տեսողություն եք նվիրել կռվող զինվորին, - ասաց ավագ լեյտենանտ Արարատ Խանդոյանը:

Հանդիպման ավարտին, Ալեքսանդր Մալայանը վստահություն հայտնեց, որ Երկրապահ կամավորականների, ազատամարտիկների հետ հանդիպումները լինելու են շարունակական:

- Այս ամենն արվում է որպես երախտիք այն բանի, ինչ դուք քաջությամբ իրագործեցիք տարիներ առաջ՝ պատերազմի դաշտում: Ապագայում ևս, մեր պարտքն է հոգալ ձեր առողջության մասին:


Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
Սկզբնաղբյուր՝ Doctors.am