Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել առողջությանը, քանի որ հղիության ժամանակ ձեռք բերված խնդիրները կարող են բացասաբար ազդել երեխայի առողջության վրա: Խորհուրդ է տրվում ստուգել առողջական վիճակը նախքան հղիանալը և հատկապես ուշադրություն դարձնել ատամներին և բերանի խոռոչին:
Անգամ եթե ատամների հետ կապված խնդիրներ չեք ունեցել, այնուամենայնիվ հղիության առաջին շաբաթների ընթացքում անպայման պետք է այցելել ատամնաբույժին: Բերանի խոռոչում բազմացող մանրէները լուրջ սպառնալիք են կնոջ օրգանիզմի համար: Բացի այդ, զարգացող պտուղը սկսում է մոր օրգանիզմից վերցնել կալցիումի պաշարները, ինչն էլ հանգեցնում է կարիեսի առաջացման:
Սխալ կարծիք կա, որ հղիության ընքացքում չի կարելի բուժել ատամները: Ընհակառակը՝ կինն իր և փոքրիկի առողջությունը մեծ վտանգի տակ է դնում, եթե համապատասխան միջոցներ չի ձեռնարկում ատամները բուժելու համար:
Նախ և առաջ անհրաժեշտ է հետևել բերանի խոռոչի հիգիենային՝ օրը երկու անգամ մաքրել ատամները, կատարել բերանի ողողումներ, հատուկ փայտիկների միջոցով հեռացնել կերակրի մնացորդները ատամների վրայից: Ի դեպ, հղիության ընթացքում պետք է հրաժարվել ատամները սպիտակեցնելու մտքից:
Ինչ վերաբերում է ատամները բուժելու պրոցեսին, ապա նշենք, որ թույլ է տրվում անել պլոմբավորում, ատամի հեռացում: Ցավոտ գործողությունների համար կիրառվում է տեղային անզգայացում, սակայն պետք է հիշել, որ չի կարելի ադրենալին օգտագործել: Ընդհանուր անզգայացումը հղիության շրջանում խստիվ արգելվում է:
Պլոմբավորման համար այսօր կիրառվում են անվնաս միջոցներ, այնպես որ, բուժման այս պրոցեսը միանգամայն թույլատրելի է:
Ատամների բուժումը պետք է վստահել միայն փորձված մասնագետներին, դրա համար գերադասելի է ընտրել այնպիսի կլինիկաներ, որտեղ հղիների համար առանձնացված կաբինետներ կան:
Հղիության շրջանում ատամների բուժումը պարտադիր է: Կարևոր է՝ բուժման մեթոդները լինեն միանգամայն անվտանգ մոր և մանկան առողջության համար:
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am