Մարտի 16-ին Երեւանում կայացավ Հայաստանի բժիշկների միության առաջին ժողովը, որին ներկա էր ոլորտի ավելի քան 200 մասնագետ։

Միության նախագահ, մանկական ուռուցքաբան և արյունաբան Գևորգ Թամամյանի խոսքով՝ բժիշկների միությունը նպատակ ունի մեկ տանիքի տակ հավաքել Հայաստանի բոլոր բժիշկներին, փորձել պաշտպանել նրանց իրավունքները և օրինական շահերը, դրանով հանդերձ նաև նպաստել պացիենտների իրավունքների պաշտպանությանը։


Ժողովի ընթացքում հիմնադիրները զեկույցներով ներկայացրին կազմակերպություն հիմնելու դրդապատճառները, ոլորտի առկա խնդիրները, բժիշկների պաշտպանվածության անհրաժեշտությունը։

Միության հիմնադիր անդամ, վնասվածքաբան-օրթոպեդ Զավեն Քոլոյանը նկատեց, որ եկել է ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծելու և նմանատիպ կառույցներով խնդիրների դեմ պայքարելու ժամանակը։



Ուռուցքաբան Լիլիթ Հարությունյանը, որը նույնպես հանդիսանում է այս միության անդամներից, ներկայացրեց նմանօրինակ կառույցների գործունեության միջազգային փորձը և ինստիտուտների ստեղծման կարևորությունը՝ ընդգծելով, որ միջազգային հարթակում գործում են հարյուրավոր միություններ, որոնց հիմնական առաքելությունը միտված է բժիշկների իրավունքների պաշտպանությանը, իսկ բժշկական սխալի դեպքում համապատասխան իրավական կարգավորում մշակելուն․

«Հայաստանի բժիշկների միությունը նաև ուշադրություն է դարձրել բժշկական սխալի առաջացման հավանականությանը։ Եթե զարգացած երկրներում բժշկական սխալի դեպքում ամբողջությամբ պատասխանատվությունը կրում է այն հաստատությունը, որտեղ աշխատում է բժիշկը, ապա Հայաստանում, ցավոք սրտի, բժիշկն ունենալով քաղաքացիական, քրեական, մամուլի կամ գործատուի հետ տարբեր խնդիրներ, ստիպված է լինում միայնակ հաղթահարել դրանք»։



Զեկույցներից մեկն էլ նվիրված էր կազմակերպության գլխավոր դրույթներից՝ պետական մարմիններում բժիշկների իրավունքների պաշտպանությանը, դատական կամ նմանատիպ այլ խնդիրների դեպքում նրանց աջակցությանը։ Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով՝ միությունը կարող է լինել այն շարժիչ ուժը, որը կմշակի համաձայնագրեր, կներկայացնի լիազոր մարմնին, որը կշրջանառի այն՝ դարձնելով պարտադիր բնույթի։

Հայաստանի բժիշկների միությունը նաև առանձնացրել էր առողջապահության ոլորտում առկա ֆինանսական խնդիրները և ներկայացրել դրանց լուծման իր տեսլականը։ Միության անդամ, տնտեսագետ Ահարոն Բարսեղյանը նշեց դրանցից մի քանիսը․«Մասնավորապես առանձնացնելու ենք բժշկի աշխատավարձի հաշվարկման մեթոդաբանությունը՝ ստեղծելով մի մեխանիզմ, որը հնարավորություն կտա այդ մեթոդաբանությունը նույնությամբ կիրառել բոլոր բուժհաստատություններում»։

Երկրորդ խնդիրը, որ առանձնացրել են անդամները, բժշկական ծառայությունների դիմաց փոխհատուցման մեխանիզմների անկատարությունն է և մատուցած ծառայությունների դիմաց ոչ համարժեք փոխհատուցումը:

Կա ևս մեկ խնդիր․ այն է՝ բժշկական ծառայությունների գնագոյացումը, քանի որ այսօր  առողջապահության ոլորտում չկան ծառայությունների գնագոյացման հստակ մեխանիզմներ և մեթոդաբանություն։

Տնտեսագետ Ահարոն Բարսեղյանի խոսքով, Հայաստանի բժիշկների միությունը նաև ցանկանում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որը կվերաբերի ախտորոշումների գների միջակայքի սահմանմանը․«Սա ենթադրում է ինչպես գների առավելագույն, այնպես էլ նվազագույն շեմի սահմանում, որը հնարավորություն կտա հավասար պայմաններ ապահովել դաշտում գործող կազմակերպությունների կամ բժշկական ծառայություններ մատուցողների համար»։



Զեկույցներից հետո մասնակիցները հարցեր ուղղեցին, մասնավորապես քննարկվեց բժշկական համաձայնագրերի հաստատման և նույնականացման հարցը: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև բժշկական ձևաթղթերն օրինակելի տեսքի բերելուն՝ կազմակերպության անդամ բժիշկներին պարտավորեցնելով, որպեսզի նրանք աշխատեն նմանատիպ ձևաթղթերով։

Հայաստանի բժիշկների միության առաջին ընդհանուր համաժողովը նախատեսվում է անցկացնել այս տարվա հունիս ամսին:


Աղբյուրը՝ Doctors.am
Պատրաստեց Մարիամ Սարգսյանը
Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի