Անպտղությունը դատավճիռ չէ

Զանգակը առանց լեզվակի,
ընտանիքը առանց զավակի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշների համաձայն` այն երկիրը, որտեղ անպտղությունը գերազանցում է 15 տոկոսը, լրջագույն աղետի առաջ է կանգնած: Այնինչ Հայաստանում անպտղությունը անցնել է 15 տոկոսի շեմը:

Այսօր մեր կլինիկա դիմող յուրաքանչյուր 3-րդ զույգը անպտղության խնդիր ունի: Արդյունքում անպտղության խնդիրը Հայաստանում վերածվել է ոչ թե բժշկական, այլ բժշկասոցիալական և համազգային խնդրի: Այսինքն` անպտղությունը գործոն է դարձել, որն ազդում է վերարտադրողական առողջության ցուցանիշների և ամենակարևորը` ժողովրդագրության վրա:

Բավական է ասել, որ 18-45 տարեկան վերարտադրողական տարիքի բնակչության 18%-ն անպտղությամբ է տառապում (աշխարհում` միջինը 10-15% է), ինչն ազգապահպանման համար վտանգավոր է:

Անպտղության պատճառները շատ են և նույնն են ամբողջ աշխարհում:
Հայերիս դեպքում` գումարած երկրաշարժը, պատերազմը, ցուրտ ու մութ տարիները, սթրեսը: Այս ամենը, իհարկե, համատարած լուրջ բացասական ներգործություն է ունեցել:
Բայց անպտղության խնդիրներն այսօր ի հայտ են գալիս այն տարիներին նոր-նոր սեռական հասունացում ապրող 10-14 տարեկանների մոտ:
 
Ժամանակը անցնում է, իսկ սարսափելի ախտորոշումը դեռ նահանջում, որը կարծես թե դատավճիռ լինի: Սովորության համաձայն՝ կինը այցելում է բազմաթիվ բժիշկների, հանձնում է անալիզներ և փորձում է գտնել պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է:

Առանց երեխայի երիտասարդ ընտանիքը զուրկ է  ամենամեծ հաճույքից` երեխա մեծացնելու երջանկությունից: Բացի դրանից, անզավակ ընտանիքը, որպես կանոն, անկայուն է, այդ ընտանիքում ամուսինները շաղկապված չեն երեխայի հանդեպ ընդհանուր պատասխանատվությամբ և հոգատարությամբ, ուստի հաճախ հեշտությամբ բաժանվում են` առաջին իսկ դժվարություններին բախվելիս:

Շուրջ 80 մլն մարդ աշխարհում այսօր տառապում է չբերությամբ, և նրանց մեծամասնությունը ապրում է զարգացող երկրներում։ Վիճակագրությունը փաստում է, որ կանանց և տղամարդկանց անպտղությունը հանդիպում է գրեթե նույն հավանականությամբ: Հարաբերակցությունը՝ 50/50: Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց անպտղության պատճառները բազմաթիվ են, և տարեց-տարի վիճակը ավելի է բարդանում` էկոլոգիայի ազդեցությունը, սթրեսային վիճակների առատությունը, վնասակար սովորությունները և, իհարկե, ամենակարևորը` անցանկալիությունը  ժամանակ հատկացնել հիվանդության պրոֆիլակտիկայի համար:

Անպտուղ ամուսնությունը ոչ այնքան քայքայում է երկու մտերիմ անձանց ֆիզիկական առողջությունը, որքան ժանգի պես ներսից կրծում է նրանց փոխադարձ զգացմունքները: Ժամանակի ընթացքում նոր կյանք ծնելու անիրագործելիությունը սպանում է այն ուրախությունը, որը պարգևում է ամուսիններին սեքսուալ զգացումը, հաճախ դառնում է ամուսնալուծության, նաև նոր զուգընկեր կամ զուգընկերուհի որոնելու պատճառ:
Անպտուղ ամուսնությունը կարևոր հիմնախնդիր է սոցիալական և բժշկական առումներով: Յուրաքանչյուր չորրորդ դեպքում անպտղությունը ամուսնալուծության պատճառ է դառնում:
Անպտուղ կոչվում է այն ամուսնությունը, երբ առանց հակաբեղմնավորիչ միջոցների կիրառման հղիություն չի առաջանում կանոնավոր սեռական կյանքի առաջին տարում: Նախկինում սերունդ չունենալու պատճառով հաճախ մեղադրում էին միայն կնոջը:

Հիմա արդեն հաստատված է, որ անպտղության համար հավասարապես կարող է մեղավոր լինել թե՛ կինը, թե՛ տղամարդը: Անպտղությանը կարող են հանգեցնել մի շարք հիվանդություններ կամ վիճակներ:

Պատճառները բազմազան են, բայց դրանցից առավել վտանգավոր են հորմոնային խանգարումները, քրոնիկական թունավորումները, այսպես կոչված, մասնագիտական վնասակարությունները, զարգացման բնածին արատները: Տղամարդկանց անպտղության հաճախակի հանդիպող պատճառներից են կրիպտորխիզմը (գաղտնամորձություն), երբ ամորձիները մնում են որովայնի խոռոչում և չեն իջնում ամորձապարկ և սերմնատար երակների լայնացումը (վարիկոցելե), որը պայմանավորված է երիկամային երակում ճնշման բարձրացումով.

Ավելի հաճախ պատճառը սեռավարակներն են` գոնոռեա (սուսանակ), տրիխոմոնիազ, խլամիդիոզ, ուրեապլազմոզ, միկոպլազմոզ: Այս հիվանդությունները, առաջացնելով սերմնատար ուղիների, սերմնաբշտերի և գեղձերի բորբոքում, հաճախ առաջացնում են կպումներ և կոշտություններ, որոնց հետևանքով ստեղծվում է սպերմատոզոիդների դուրս գգալուն խանգարող մեխանիկական արգելք, և սերմը դառնում է անկենսունակ:
Գոյություն ունեն առաջին հայացքից աննշան թվացող երևույթներ, որոնք իրենց հետ հեռուն գնացող հետևանքներ են բերում:

Օրինակ` ոչ ճիշտ ընտրված և շատ կիպ հագուստը (ներքնազգեստ, անդրավարտիք), որը կարող է ամորձիների գերտաքացում առաջացնել` դրանով իսկ հետագայում հանգեցնելով տղամարդու անպտղության:

Տարածված պատճառներից մեկը նաև ոչ լիարժեք սնունդն է:

Կանանց համար՝ նյարդահոգեկան և հորմանային խանգարումները:

Հաճախ չհղիանալու պատճառ են հանդիսանում ներքին սեռական օրգանների բորբոքային երևույթները, այդ թվում` զանազան սեռավարակները, որոնցով էլ պայմանավորվում է երկրորդային անպտղությունը: Սովորաբար, բորբոքումը վնասում է արգանդափողերը, որոնք այլևս չեն կրճատվում, և արդյունքում դժվարանում է ձվաբջիջների շարժումը ձվարանից դեպի արգանդ: Ավելին` բորբոքման հետևանքով հաճախ առաջանում են կպումներ, փակվում է փողերի լուսանցքը, և սպերմատոզոիդն անկարող է հաղթահարել այդ արգելքը:

Անպտղության առավել տարածված պատճառներից է արհեստական վիժումը (աբորտ):

Նույնիսկ եթե արհեստական վիժումը բորբոքում չի առաջացրել, նրա ազդեցությունն օրգանիզմի վրա, այնուամենայնիվ, բացասական է, քանի որ խախտվում է դաշտանային ցիկլի տևողությունը, խանգարվում է էնդոկրին գեղձերի գործունեությունը:
Եթե առաջ չկային մինչամուսնական սեռական կապեր, ապա հիմա նկատելի են: Այդ կապերի արդյունքում շատ են լինում անցանկալի հղիությունները, ինչից ազատվելու համար կանայք դիմում են հղիության արհեստական ընդհատման, որը կարող է ճակատագրական լինել կնոջ համարե:

Վտանգավոր է, երբ դեռ չձևավորված դեռահաս աղջիկները, հետևելով մոդայի դատարկամիտ ու անառողջ կանչերին, զբաղվում թերսնմամբ` «վաստակելովե անպտղության հեռանկարը:
Սակայն յուրաքանչյուրը պետք է հիշի, որ օտարածին քամիներից արհեստականորեն հրամցվող  յուրաքանչյուր չափորոշիչ, օրինակ` 90/60/90-ը, անիմաստ է, քանի որ յուրաքանչյուր էակի հատկանիշները ձևավորվում են նրա գենետիկ ծրագրին համապատասխան, և յուրաքանչյուրը գեղեցիկ է հենց իր յուրահատկության շնորհիվ, իսկ այդ «գործարանային շտամպըե իռացիոնալ է և հակաբնական: Սա նման է այն բանին, որ բոլորին ստիպեն ունենալ աչքերի նույն գույնը: Մի՞թե դա իրոք անհրաժեշտ է:

Այն, որ կանանց վերարդադրողական  ֆունկցիան անհամատեղելի է հյուծված և թերսնված օրգանիզմի հետ, ակնհայտ է: Նիհարեցնող դիետաները խիստ կրճատում են որոշ անփոխարինելի նյութերի՝ ճարպերի և վիտամինների մուտքը օրգանիզմ` առաջացնելով լուրջ խնդիրներ:

Կնոջ յուրաքանչյուր ակնհայտ երևացող ոսկոր հակադարձ համեմատական է առողջ երեխա ունենալու հավանականությանը:
Պետք է հիշել, որ առողջ սերունդ ունենալու համար պետք է տեղյակ լինել սեռական կյանքի այբուբենին, զերծ մնալ պատահական, թեթևամիտ սեռական կենսակերպից, զանազան ճակատագրական դիետաներից:  Որակյալ, "պտղատու" սերմ ունենալու համար չափազանց կարևոր նշանակություն ունի սեքսուալ ճիշտ սննդակարգը, ինչպես նաև ծխելուց հրաժարվելը. այսօր ապացուցված է, որ ծխելը մի քանի անգամ նվազեցնում է սերմնահեղուկի որակական և քանակական ցուցանիշները:

Գոյություն ունեն անպտղության բուժման տարբեր եղանակներ: Կարևորը՝ չուշացնել: Պետք է ժամանակին դիմել համապատասխան բժիշկ-մասնագետի օգնությանը և երբեք չկորցնել առողջանալու հույսը:

Կա մի առանձնահատկություն, որ բնորոշ է հենց Հայաստանին,  1990-ական թվականների սերնդի ներկայացուցիչները, որոնք պատերազմական շրջանում մութ, ցուրտ ու սթրեսային տարիներ են անցկացրել, այսօր գալիս են մեզ մոտ որպես պոտենցիալ մայրեր:

Անպտղության մակարդակը հատկապես բարձր է շրջաններում՝ Երեւանում, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում: Անպտղության բարձր ցուցանիշ ունեն նաև հայ տղամարդիկ. հատկապես Երեւանից ու Գեղարքունիքից, ինչը պայմանավորում են այդ բնակավայրերից արտագնա աշխատանքի մեկնողների մեծ թվով:


Հեղինակ`  Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ,
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս

Ներկայացնող` Doctors.am