Անպտղություն
Ժամանակը անցնում է, իսկ սարսափելի ախտորոշումը դեռ նահանջում, որը կարծես թե դատավճիռ լինի: Սովորության համաձայն՝ կինը այցելում է բազմաթիվ բժիշկների, հանձնում է անալիզներ և փորձում է գտնել պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է:


Առանց երեխայի երիտասարդ ընտանիքը զուրկ է  ամենամեծ հաճույքից` երեխա մեծացնելու երջանկությունից: Բացի դրանից, անզավակ ընտանիքը, որպես կանոն, անկայուն է, այդ ընտանիքում ամուսինները շաղկապված չեն երեխայի հանդեպ ընդհանուր պատասխանատվությամբ և հոգատարությամբ, ուստի հաճախ հեշտությամբ բաժանվում են` առաջին իսկ դժվարություններին բախվելիս:

Շուրջ 80 մլն մարդ աշխարհում այսօր տառապում է չբերությամբ, և նրանց մեծամասնությունը ապրում է զարգացող երկրներում։ Անպտղության հաճախականությունը տարբեր երկրներում ունի տարբեր ցուցանիշներ։ Վիճակագրությունը փաստում է, որ կանանց և տղամարդկանց անպտղությունը հանդիպում է գրեթե նույն հավանականությամբ: Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց անպտղության պատճառները բազմաթիվ են, և տարեց-տարի վիճակը ավելի է բարդանում` էկոլոգիայի ազդեցությունը, սթրեսային վիճակների առատությունը, վնասակար սովորությունները և, իհարկե, ամենակարևորը` անցանկալիությունը  ժամանակ հատկացնել հիվանդության պրոֆիլակտիկայի համար:

 Անպտուղ ամուսնությունը ոչ այնքան քայքայում է երկու մտերիմ անձանց ֆիզիկական առողջությունը, որքան ժանգի պես ներսից կրծում է նրանց փոխադարձ զգացմունքները: Ժամանակի ընթացքում նոր կյանք ծնելու անիրագործելիությունը սպանում է այն ուրախությունը, որը պարգևում է ամուսիններին սեքսուալ զգացումը, հաճախ դառնում է ամուսնալուծության, նաև նոր զուգընկեր կամ զուգընկերուհի որոնելու պատճառ:
Անպտուղ ամուսնությունը կարևոր հիմնախնդիր է սոցիալական և բժշկական առումներով: Յուրաքանչյուր չորրորդ դեպքում անպտղությունը ամուսնալուծության պատճառ է դառնում:

Անպտուղ կոչվում է այն ամուսնությունը, երբ առանց հակաբեղմնավորիչ միջոցների կիրառման հղիություն չի առաջանում կանոնավոր սեռական կյանքի առաջին տարում: Նախկինում սերունդ չունենալու պատճառով հաճախ մեղադրում էին միայն կնոջը: Հիմա արդեն հաստատված է, որ անպտղության համար հավասարապես կարող է մեղավոր լինել թե՛ կինը, թե՛ տղամարդը: Անպտղությանը կարող են հանգեցնել մի շարք հիվանդություններ կամ վիճակներ:

Տղամարդկանց անպտղությունը լինում է առաջնային և երկրորդային: Առաջնային անպտղությունը, երբ առկա է բեղմնավորման անկարողունակությունը, առնչվում է սերմնահեղուկի (սպերմա) ախտաբանական փոփոխությունների հետ, պայմանավորված է սպերմատոզոիդների ոչ բավարար քանակությամբ և շարժունակության պակասով, երբեմն էլ դրանց լրիվ բացակայությամբ: Պատճառները բազմազան են, բայց դրանցից առավել վտանգավոր են հորմոնային խանգարումները, քրոնիկական թունավորումները, այսպես կոչված, մասնագիտական վնասակարությունները, զարգացման բնածին արատները: Տղամարդկանց անպտղության հաճախակի հանդիպող պատճառներից են կրիպտորխիզմը (գաղտնամորձություն), երբ ամորձիները մնում են որովայնի խոռոչում և չեն իջնում ամորձապարկ և սերմնատար երակների լայնացումը (վարիկոցելե), որը պայմանավորված է երիկամային երակում ճնշման բարձրացումով. Օրինակ՝ դրա նեղացման դեպքում, ինչը հանգեցնում է արյան հակառակ հոսքին ամորձաերակում և սերմնատար երակների լայնացման:

Երկրորդային անպտղությունը, որպես օրենք, սեռական օրգանների հիվանդությունների (ամորձիների, շագանակագեղձի բորբոքում), այդ թվում նաև պարօտիտ (խոզուկ), թոքախտ, բրուցելոզ առաջացնող վարակների, ինչպես նաև վնասվածքների հետևանք է: Սակայն ավելի հաճախ պատճառը սեռավարակներն են` գոնոռեա (սուսանակ), տրիխոմոնիազ, խլամիդիոզ, ուրեապլազմոզ, միկոպլազմոզ: Այս հիվանդությունները, առաջացնելով սերմնատար ուղիների, սերմնաբշտերի և գգեղձերի բորբոքում, հաճախ առաջացնում են կպումներ և կոշտություններ, որոնց հետևանքով ստեղծվում է սպերմատոզոիդների դուրս գգալուն խանգարող մեխանիկական արգելք, և սերմը դառնում է անկենսունակ:

Գոյություն ունեն առաջին հայացքից աննշան թվացող երևույթներ, որոնք իրենց հետ հեռուն գնացող հետևանքներ են բերում: Օրինակ` ոչ ճիշտ ընտրված և շատ կիպ հագուստը (ներքնազգեստ, անդրավարտիք), որը կարող է ամորձիների գերտաքացում առաջացնել` դրանով իսկ հետագայում հանգեցնելով տղամարդու անպտղության:
Տարածված պատճառներից մեկը նաև ոչ լիարժեք սնունդն է: Մրգաշաքարը (фруктоза)  անհրաժեշտ է սպերմատոզոիդների լիարժեք հասունացման համար: Ամենօրյա սննդի մեջ ցանկալի է Անպտղություններառել սև շոկոլադ, նարինջ, գրեյֆրուտ եւ հատկապես դեղին քաղցր խնձոր:
Չպետք է մոռանալ նաև կիտրոնի մասին, քանի որ այն պարունակում է թթու, որը երկարացնում է սպերմատոզոիդների կյանքը: Նրանց ակտիվությանը նպաստում են նաև ցինկով հարուստ ծովամթերքներն ու անտառային հատապտուղները:

Սպերմատոզոիդների հասունացմանը նպաստում է լոլիկում պարունակվող լիկոպին հակաօքսիդանտը: Այն հանդիսանում է նաև պրոֆիլակտիկ միջոց շագանակագեղձի բորբոքման համար: Եվ, իհարկե, տղամարդը պետք է բավարար քանակությամբ սպիտակուցներ ստանա:

Երբեմն անպտուղ ամուսնության դեպքեր են լինում կլինիկական առումով առողջ անձանց մոտ: Այս վիճակը բացատրվում է սաղմնաբջիջների անտագոնիզմի (հակադրություն) առկայությամբ, սպերմատոզոիդի և ձվաբջջի բացասական քիմիական ռեակցիայով, ինչը անհնարին է դարձնում նրանց միացումը:

Տարբեր են նաև կանանց անպտղության պատճառները, որոնք նույնպես լինում են առաջնային և երկրորդային: Առաջնայինն այն վիճակն է, երբ կինը, ունենալով մշտական չպաշտպանված սեռական հարաբերություններ, այնուամենայնիվ, չի հղիանում: Երկրորդայինն այն վիճակն է, երբ կինը անպտուղ է դարձել վիժումից կամ մի քանի հղիություններից հետո:

Առաջնային անպտղության գգլխավոր պատճառները զարգացման բնածին արատներն են, ձվարանի թերֆունկցիան կամ բացակայությունը, նյարդահոգեկան և հորմանային խանգարումները: Հաճախ չհղիանալու պատճառ են հանդիսանում ներքին սեռական օրգանների բորբոքային երևույթները, այդ թվում` զանազան սեռավարակները, որոնցով էլ պայմանավորվում է երկրորդային անպտղությունը: Սովորաբար, բորբոքումը վնասում է արգանդափողերը, որոնք այլևս չեն կրճատվում, և արդյունքում դժվարանում է ձվաբջիջների շարժումը ձվարանից դեպի արգանդ: Ավելին` բորբոքման հետևանքով հաճախ առաջանում են կպումներ, փակվում է փողերի լուսանցքը, և սպերմատոզոիդն անկարող է հաղթահարել այդ արգելքը:

Անպտղության առավել տարածված պատճառներից է արհեստական վիժումը (աբորտ): Նույնիսկ եթե արհեստական վիժումը բորբոքում չի առաջացրել, նրա ազդեցությունն օրգանիզմի վրա, այնուամենայնիվ, բացասական է, քանի որ խախտվում է դաշտանային ցիկլի տևողությունը, խանգարվում է էնդոկրին գեղձերի գործունեությունը:
Լինում են դեպքեր, երբ հղիությունն սկսվում է, բայց ավարտվում է պտղի ներարգանդային վախճանով, ինքնաբեր վիժումով: Այս դեպքում խոսում են պտուղը կրելու անկարողունակության մասին: Սա էլ անպտուղ ամուսնության պատճառներից է և պահանջում է տևական ու հետևողական բուժում:

Վտանգավոր է, երբ դեռ չձևավորված դեռահաս աղջիկները, հետևելով մոդայի դատարկամիտ ու անառողջ կանչերին, զբաղվում թերսնմամբ` «վաստակելով» անպտղության հեռանկարը:
Սակայն յուրաքանչյուրը պետք է հիշի, որ օտարածին քամիներից արհեստականորեն հրամցվող  յուրաքանչյուր չափորոշիչ, օրինակ` 90/60/90-ը, անիմաստ է, քանի որ յուրաքանչյուր էակի հատկանիշները ձևավորվում են նրա գենետիկ ծրագրին համապատասխան, և յուրաքանչյուրը գեղեցիկ է հենց իր յուրահատկության շնորհիվ, իսկ այդ «գործարանային շտամպը» իռացիոնալ է և հակաբնական: Սա նման է այն բանին, որ բոլորին ստիպեն ունենալ աչքերի նույն գույնը: Մի՞թե դա իրոք անհրաժեշտ է:
Այն, որ կանանց վերարդադրողական  ֆունկցիան անհամատեղելի է հյուծված և թերսնված օրգանիզմի հետ, ակնհայտ է:

Նիհարեցնող դիետաները խիստ կրճատում են որոշ անփոխարինելի նյութերի՝ ճարպերի և վիտամինների մուտքը օրգանիզմ` առաջացնելով լուրջ խնդիրներ, քանի որ՝

  • կանացի հիմնական և խիստ կարևոր հորմոնների՝ էստրոգենների արտադրության համար անհրաժեշտ  այդ ճարպերի և վիտամինների անբավարարությունն առաջացնում է հորմոնների արտադրության բնական գործընթացի խախտում` ստեղծելով հիվանդագին երևույթներ
  • հղիության բարեհաջող ընթացքի համար անհրաժեշտ է ամուր օրգանիզմ, քանի որ «մեկը երկուս է դառնում»` առաջանելով սննդատու նյութերի մեծ պահանջ` այդ «երկրորդին» ձևավորելու և նորմալ զարգացնելու համար


Եթե մինչև հղիությունը կնոջ օրգանիզմը բավարար ամրություն  չունի, առաջանում է լուրջ խոչընդոտ, քանի որ օրգանիզմը միշտ ձգտում է անբարենպաստ և ծախսատար վիճակների մեջ չհայտնվել: Հետևանքը` ճակատագրական երկընտրանք. կա՛մ հյուծումից խուսափելու համար կնոջ օրգանիզմը ինքնուրույն պիտի ազատվի երեխայից, կա՛մ կնոջ օրգանիզմին լուրջ վնասներ հասցնելու ճանապարհով հղիությունը մեծ դժվարությամբ պիտի հասնի վերջնակետին: Անշուշտ, թե՛ մեկը, թե՛ մյուսը խիստ անցանկալի է: Կարելի է ձևակերպել այսպես՝ կնոջ յուրաքանչյուր ակնհայտ երևացող ոսկոր հակադարձ համեմատական է առողջ երեխա ունենալու հավանականությանը: Ուրեմն այս և այլ խնդիրների առջև չկանգնելու համար  չարժե սեփական օրգանիզմը անտեղի տանջել որևէ նիհարեցնող դիետայով:
Պետք է հիշել, որ առողջ սերունդ ունենալու համար պետք է տեղյակ լինել սեռական կյանքի այբուբենին, զերծ մնալ պատահական, թեթևամիտ սեռական կենսակերպից, զանազան ճակատագրական դիետաներից:  Որակյալ, «պտղատու» սերմ ունենալու համար չափազանց կարևոր նշանակություն ունի սեքսուալ ճիշտ սննդակարգը, ինչպես նաև ծխելուց հրաժարվելը. այսօր ապացուցված է, որ ծխելը մի քանի անգամ նվազեցնում է սերմնահեղուկի որակական և քանակական ցուցանիշները:

Գոյություն ունեն անպտղության բուժման տարբեր եղանակներ: Կարևորը՝ չուշացնել: Պետք է ժամանակին դիմել համապատասխան բժիշկ-մասնագետի օգնությանը և երբեք չկորցնել առողջանալու հույսը:
 

Հեղինակ` Վրեժ Շահրամանյան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
"Առողջապահություն" գիտամեթոդական, տեսական, կազմակերպական, գործնական հանդես, Երևան, N (2), 2012թ.