Ցավոք սրտի այս վիճակը բնորոշ է ալկոհոլամոլությամբ տառապող մարդկանց և բնորոշվում է որպես ալկոհոլային խանդի զառանցանք: Ալկոհոլի խրոնիկ չարաշահումը հանգեցնում է սեռական թուլության, իջնում է սեռական ցանկությունը: Դրան զուգահեռ ալկոհոլիզմի ֆոնի վրա զարգանում է նաև անձի հոգեհուզական անկայունություն, կասկածամտություն, կոպտություն, ինչը հանգեցնում է սեռական հարաբերություններում ամուսինների օտարացման: Աստիճանաբար ամուսնական հարաբերությունների վատացման և ալկոհոլիզմի խորացման հետևանքով սկսում են առաջանալ զառանցանքային մտքեր դավաճանության վերաբերյալ. սկսում է հետևել կնոջը, փորձում է գտնել կնոջ <սիրեկանին>,նույնիսկ մտքեր են առաջանում, որ երեխաները իրենը չեն: Անհատը դառնում է մռայլ և դեպրեսիվ, երբեմն ընդունակ է բռնություն գործադրել կնոջ նկատմամբ:

Պետք է նկատել, որ սպիրտային խմիչքների ամենօրյա օգտագործումը (50-100 գ. մաքուր սպիրտի չափաբաժնով և դրանից շատ ) արդեն իսկ համարվում է լուրջ ռիսկի գործոն՝ ալկոհոլից կախվածության առաջացման, ուստի անհրաժեշտ է պատասխանատվության գիտակցմամբ վերաբերվել սեփական առողջությանը և ընտանիքին:

 

Հեղինակ` Սևադա Հակոբյան
Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ

Աղբյուրը` Doctors.am
Հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է  Doctors.am կայքին