Վստահ ենք, որ Դուք ևս հաճախ եք լսել, թե ինչ օգտակար է քայլելը: Իսկ այն մարդիկ, որ կանոնավոր կերպով քայլում են սեփական փորձով են նշում, թե ինչ դրական ազդեցություն է ունեցել այս հրաշալի սովորությունը իրենց առողջության վրա:
Ներկայացնում ենք հինգ կարևոր պատճառ, թե ինչու է անհրաժեշտ ամեն օր քայլել:

Քայլելը նվազեցնում է սթրեսը, բարձրացնում տրամադրությունը և դրական ազդում ինքնագնահատականի վրա

Եթե Դուք փորձել եք քայլել սթրեսային իրավիճակում, ապա նկատել եք, որ այն լավ է անդրադարձել Ձեր տրամադրության վրա և օգնել է թուլացնել սթրեսը: 
Ցավոք վերջին շրջանում զգալիորեն ավելացել են սթրեսածին իրավիճակները՝ համաճարակ, պատերազմ, հետպատերազմյան զարգացումներ: Անժխտելի է, որ այս ամենը շատ բացասական ազդեցություն է ունեցել բոլորիս առողջության վրա: 
Նմանատիպ իրավիճակների  հաղթահարման մեթոդներից մեկը կարող է լինել քայլելը: 
Այն նպաստում է էնդորֆինների արտադրմանը, ինչն էլ բարձրացնում է տրամադրությունը, բացի այս օգնում է կանխել սրտանոթային համակարգի մի շարք խնդիրներ, օրինակ՝ սրտամկանի ինֆարկտ, գլխուղեղի կաթված, կարդիոմիոպաթիա (սրտամկանն ախտահարող հիվանդություն): 

Ամեն օր 30 րոպե քայլելը նպաստում է ավելորդ քաշի կորստին

Քայլելը նաև ամենաօգտակար և հեշտ վարժությունն է, եթե ցանկանում եք ավելորդ քաշ կորցնել: Ի տարբերություն ծանր ֆիզիկական ակտիվության տեսակների այն համեմատաբար հեշտ է տրվում, բացի այդ անվճար է և հեշտությամբ կարելի է կատարել ամեն օր:
Քայլելու տևողությունը կարելի է աստիճանաբար մեծացնել, նոր նպատակակետեր սահմանել և հասնել առավել լավ արդյունքների:

Կանոնավոր կերպով քայլելը նվազեցնում է արյան ճնշումը, բարելավում քունը և էներգիա հաղորդում

Հայտնի փաստ է՝ այն մարդիկ, որոնք կանոնավոր կերպով քայլում են ավելի քիչ են ունենում առողջական խնդիրներ, քանի որ քայլելն ամրապնդում է իմունային համակարգը: Բացի այս այն նաև նվազեցնում է արյան ճնշումը և LDL-ի (այսպես կոչվող «վատ» խոլեստերինը) մակարդակը: Եթե քնի հետ կապված խնդիրներ ունեք, ապա այս հարցում ևս Ձեզ կօգնի քայլելը՝ միևնույն ժամանակ նպաստելով, որ ավելի առույգ և կենսուրախ լինեք օրվա ընթացքում:

Քայլելն ավելի զվարճալի է քայլաչափի և ընկերոջ հետ 

Դուք ավելի շատ և ավելի մեծ ոգևորությամբ կքայլեք ամեն օր, եթե հաշվեք Ձեր քայլերի քանակը քայլաչափ ունեցող հավելվածի օգնությամբ: Իսկ պատճառը շատ պարզ է. երբ մենք տեսնում ենք գրանցված արդյունքը հոգեպես մեզ բավարարված ենք զգում և հակված ենք լինում բարելավել գրանցված արդյունքը: 
Քայլելն ավելի հաճելի և արդյունավետ դարձնելու մյուս տարբերակը Ձեր ընկերոջ կամ ծանոթի հետ միասին քայլելն է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում բոլորս շփման սահմանափակումներ ենք ունեցել:
Սա դրականորեն կազդի Ձեր հոգեկան առողջության վրա՝ օգնելով հաղթահարել մենության զգացողությունը սեփական հույզերն ու ապրումները դիմացինի հետ կիսելու շնորհիվ:

15 րոպե քայլելու ընթացքում և հետո նվազում է ուտելու ցանկությունը

Նույնիսկ կարճատև ժամանակ քայլելը կարող է կարգավորել ախորժակը՝ մեղմելով ուտելու ցանկությունը:
Վերջին շրջանում կատարված հետազոտությունները փաստում են, որ քայլելն օգնում է ազատվել ավելորդ քաշից ոչ միայն նյութափոխանակության ակտիվացման շնորհիվ, այլ նաև նրա, որ նվազեցնում է քաղցրավենիք և այլ վնասակար սնունդ ուտելու ցանկությունը: Այսպիսով եթե Դուք մեծ կալորիականությամբ բուրգեր կամ թխվածք եք ցանկանում ուտել, ապա այդ ցանկությունը հաղթահարելու հրաշալի տարբերակ է 10-15 րոպե քայլելը:

Այսպիսով, քայլելն ունի մի շարք առավելություններ, որոնք կբարելավեն Ձեր կյանքի որակը՝ դրականորեն ազդելով և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան առողջության վրա: Իսկ վերջում հիշեցնենք, որ մեր առողջությունը մեծապես կախված է մեր ունեցած առողջ սովորություններից: 

Նյութի աղբյուրը՝ https://health.clevelandclinic.org/