Մայիսի 22-ին մեկնարկեց «Երևանյան մաշկավեներաբանական ընթերցումներ» թեմայով միջազգային առաջին գիտագործնական համաժողովը:

Այն կազմակերպվեց «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի», Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի կողմից և ՀՀ Առողջապահության նախարարության աջակցությամբ:

Միջոցառումը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում մաշկավեներաբանական ծառայության 90 ամյակին:

Միջազգային համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի» տնօրեն Միքայել Սահակյանը և ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Հյուրերի շարքում էին նաև անվանի գիտնականներ Հայաստանից և արտերկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Իսրայելից, Բելոռուսից…

 

 

 

Արմեն Մուրադյան. ՀՀ Առողջապահության նախարար

- Ուրախ եմ ողջունել բոլոր ներկաներին մաշկավեներաբանության ծառայության 90-ամյա հոբելյանի և գիտաժողովի առիթով: Մեզ համար անչափ կարևոր է մասնագիտական միավորումների կայացման գործընթացը, պատրաստակամություն ենք հայտնում մշտապես աջակից լինել նման նախաձեռնություններին:

 Նա բժշկական հանրությանը, համաժողովին հյուրերին ներկայացրեց վերջին շրջանում առողջապահական համակարգում կատարվող փոփոխությունները: Մասնավորապես անդրադարձավ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ անցած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը վերաբերում է վերջին տարիներին երկար քննարկված և իր հաստատուն տեղը գտած չափորոշիչներին, շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգին: 

- Իմ երախտագիտությունն եմ հայտնում այս գիտաժողովի կազմակերպիչներին՝ ցանկանալով արգասաբեր և հաջող աշխատանք: Իսկ արտերկրից ժամանած հյուրերին հորդորում եմ ծանոթանալ ոչ միայն մեր բժշկական, գիտական մտքին, այլ նաև մեր երկրի հազարամյա պատմությանը և մշակույթին,- ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Երևանյան մաշկավեներաբանական ընթերցումներ»  թեմայով այս գիտաժողովի նպատակն է համակողմանի լուսաբանել մաշկաբանության, սեռավարակաբանության, բժշկական կոսմետոլոգիայի, հարակից այլ մասնագիտությունների արդի հիմնախնդիրները, բժշկագիտության այս ճյուղի ժամանակակից նվաճումները և ձեռքբերումները:

Միքայել Նարիմանյան. ԵՊԲՀ ռեկտոր 

- Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանում մաշկավեներաբանության ծառայության ներդրման 90 ամյակի առիթով: Հատկապես ուզում եմ շնորհավորել պրոֆեսոր Էդուարդ Դանիելյանին, ով մեզ սովորեցրել և ցույց է տվել մաշկավեներաբանություն մասնագիտության էությունը, հիմունքները, սկզբունքները, անգնահատելի ներդրում ունեցել այս ոլորտում: Տարիների ընթացքում այս մասնագիտությունը դարձել է միջդիսցիպլինար. այն ներառում է բազմաթիվ հիվանդություններ՝ պայմանավորված  ինչպես ներքին, այնպես էլ հոգեհուզական գործոններով: Նման համաժողովները պարարտ հող են ստեղծում լուրջ հետազոտական աշխատանքներ սկսելու համար: Այս միջոցառումը, վստահ եմ, կունենա մեծ ներդրում ինչպես առողջապահության կազմակերպման, այնպես էլ ուսումնական գործընթացում: Ուրախ եմ, որ հերթական առիթն ունենք խոսել արդի խնդիրներից և քննարկել դրանց լուծման եղանակները,- ասում է Մ. Նարիմանյանը:

Դասախոսություններով և զեկուցումներով հանդես եկան աշխարհահռչակ գիտնականներ։ Պրոֆ Է.Ե.Դանիելյանը ՝«Հայաստանում մաշկավեներաբանական ծառայության անցած ուղին» թեմայով, Ռուսաստանի սեռավարակաբանների գիլդիայի (IUSTI RU) նախագահ պրոֆեսոր Մ.Ա. Գոմբերգը՝ որոշ սեռավարակների վարման ժամանակակից մոտեցումների մասին, «Մաշկային և վեներական հիվանդությունների ռուսական ամսագիր» և «Կլինիկական մաշկաբանություն և վեներաբանություն» ամսագրերի խմբագիր պրոֆեսոր Ն.Գ. Կոչերգինը՝ 21-րդ դարի ամենատարածված մաշկային հիվանդություններից մեկի՝ ատոպիկ մաշկաբորբի ռացիոնալ բուժման մեթոդների մասին։

«Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի» տնօրեն Միքայել Սահակյան

- Այսօր նշվում է նաև Հայաստանում մաշկաբանության և սեռավարակաբանության  ներդրման 90 ամյակը: Ի՞նչ ձեռքբերումներ և առաջըթաց է ապրել բժշկական այս ուղղությունն անցած տարիների ընթացքում: Որո՞նք են արդի խնդիրները:

- Հաշվի առնելով այն փաստը, որ որպես կենտրոնի տնօրեն դեռ 4-5 ամիս է, ինչ սերտ կապ ունեմ մաշկավեներաբանություն մասնագիտության հետ, ամենամեծ հաջողություն և ձեռքբերում կարող եմ համարել այս գիտաժողովի կազմակերպումը, որն արտացոլում է մաշկավեներաբանության ողջ ծավալը, այն հնարավորությունները, որ այսօր ունի մեր պետությունը, նաև այն մեծ գործնական օգնությունը, որ կցուցաբերվի մեր օտարերկյա գործընկերների կողմից:

Այս ծառայությունը, կարող եմ ասել, որ դեռևս ունի տեխնիկական, նյութական նաև բարոյահոգեբանական աջակցության մեծ կարիք: Սակայն լավատեսորեն վստահ եմ, որ մեր ջանքերի շնորհիվ՝ կկարողանանք համախմբել այս ոլորտի մասնագետներին, ստեղծել մի կուռ համակարգ: Պետք չէ մոռանալ, որ մաշկն ամենամեծ օրգանն է, և դրա  2000-ից ավելի հիվանդություններն ունեն հստակ ախտորոշման, բուժման նոր մեթոդների կարիք:

Արդի խնդիրներից խոսելիս, ցավոք պիտի նշեմ ախտորոշման միջոցների, մեթոդների խնդրի մասին: Սա կարևոր հարց է, որ մոտ ապագայում անպայմանորեն պետք է լուծում գտնի: Դերմատոսկոպ սարքավորումը, որ արտերկրում առկա է գրեթե յուրաքանչյուր կլինիկայում, մեր երկրում, ցավոք, դեռևս շքեղություն է համարվում: «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկակագիտական կենտրոնում», սակայն, ուրախությամբ հայտարարում եմ, որ այս սարքավորումն առկա է:

- Խոսեցիք տեխնիկական բացի մասին, իսկ ինչպե՞ս կգնահատեք մասնագիտական ներուժը:

- Մենք ունենք մասնագիտական բավական հզոր ներուժ: Մեր առաջ դրված  նպատակներից մեկը նաև մասնագիտական շարունակական զարգացումն է՝ ապահովելով բժիշկների վերապատրաստումներն արտերկրում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն կան առաջին «ծիծեռնակները»:  Մի քանի երիտասարդ մասնագետներ արդեն վերապատրաստումներ են անցել Ռուսաստանում և շուտով գործի կանցնեն մեր կենտրոնում:

- Դուք` մասնագիտությամբ  լինելով ուրոլոգ, որքանո՞վ եք կարևորում հարակից մասնագետների դերը մաշկավեներաբանության զարգացման գործում:

- Մաշկավեներաբանությունը շատ այլ հարակից ոլորտների հետ խաչաձևվող բժշկական ուղղություն է, այդ իսկ պատճառով խիստ կարևորում եմ գործընկերային սերտ  հարաբերությունները: Շնորհակալ եմ ներկա բոլոր հարակից մասնագետներին՝ մասնակցության համար,- ասում է Միքայել Սահակյանը:               

                               

Հիշեցնենք, որ գիտաժողովը շարունակվելու է նաև մայիսի 23-ին՝ սկսած ժամը 09,00-ից՝ Իզմիրլյան բժշկական կենտրոնի նիստերի դահլիճում:

Doctors.am-շնորհավորում է Հայաստանի բոլոր մաշկավեներաբաններին,  մաղթում մասնագիտական նորանոր զարգացումներ և առաջընթաց:


Սկզբնաղբյուր՝ Doctors.am
Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
22 Մայիսի, 2015