ՎիտամինՎիտամինների նշանակությունը նյութափոխանակության մեջ
Վիտամինները պարտադիր լրացուցիչ սննդային գործոններ են, որոնք կարգավորում են նյութափոխանակության ֆիզիոլոգիական, կենսաքիմիական գործընթացները և առանց որոնց օրգանիզմի կենսագործունեությունը խիստ դանդաղում կամ տիվ դադարում է: Նրանք օրգանիզմում չեն սինթեզվում կամ սինթեզվում են անբավարար քանակներով: Բոլոր օրգանական սննդանյութերից վիտամինները տարբերվում են երկու բնորոշ ֆունկցիոնալ հատկություններով' չունեն կառուցողական ֆունկցիա, այսինքն չեն ներկառուցվում հյուսվածքների մեջ և երկրորդը, չունեն էներգիական ֆունկցիա, այսինքն էներգիայի անմիջական աղբյուր չեն ծառայում: Քիմիական կառուցվածքով վիտամինները տարբեր միացություններ են, չեն դասվում որևէ խմբի մեջ, սակայն նրանց բոլորին բնորոշ է

  •  կառուցվածքում ամին խմբի ներկայությունը  
  •  անփոխարինելի դերը օրգանիզմի կենսագործունեության մեջ:


Ելնելով նշված բնութագրումից, այդ նյութերն անվանել են վիտամիններ կամ կյանքի ամիններ (տերմինը մտցրել է Ֆունկը 1912թ.): Սակայն, պարզվել է, որ գոյություն ունեն վիտամիններ, որոնք կենսական կարևոր են տվյալ, սակայն ոչ բոլոր կենդանիների համար:
Չնայած դրան, այդ տերմինը հիմնադրվել և լայնորեն կիրառվում է կենսաբանական և բժշկական գիտությունների մեջ:

Վիտամինները նշանակվում են լատինական այբուբենի գլխատառերով, ինչպես նաև ըստ քիմիական կառուցվածքի կամ ֆունկցիոնալ ազդեցության: Վիտամինները նյութափոխանակության պրոցեսները կարգավորում են ոչ թե անմիջականորեն, այլ ֆերմենտային համակարգերի միջոցով: Նրանք որպես ֆերմենտի պրոսթետիկ խումբ ակտիվացնում են այն և կատալիզում են համապատասխան ռեակցիաները: Սննդի մեջ վիտամինների բացակայության կամ անբավարար քանակների դեպքում զարգանում է համապատասխանաբար ավիտամինոզ կամ հիպովիտամինոզ բնորոշ կլինիկական ախտանիշներով: Այժմ հայտնաբերված են նաև հակավիտամիններ: Դրանք վիտամինային կառուցվածքով նյութեր են, որոնք կապվելով ֆերմենտների հետ, դուրս են մղում կոֆերմենտները, շրջափակում են ֆերմենտների ակտիվ կենտրոնները և առաջացնում են ֆերմենտների մրցակցական ընկճում: Հակավիտամիններ են հանդիսանում այն բոլոր նյութերը, որոնք օրգանիզմ ներմուծելիս առաջացնում են ավիտամինոզ կամ հիպովիտամինոզ:

Հիպո- և ավիտամինոզները օրգանիզմում կարող են առաջացնել ոչ սպեցիֆիկ (մտավոր և ֆիզիկական աշխատունակության իջեցում), ինչպես նաև տվյալ վիտամինի անբավարարությանը բնորոշ սպեցիֆիկ փոփոխություններ: Ավելի հազվադեպ վիտամինների չափազանց մեծ քանակներ ընդունելու դեպքում հանդիպում է նաև հիպերվիտամինոզի վիճակ` բնորոշ կլինիկական արտահայտություններով: Օրինակ, վիտամին A-ի հիպերվիտամինոզի ժամանակ դիտվում է գլխացավեր, էյֆորիա, սակավարյունություն, փոփոխություններ մաշկում, լորձաթաղանթներում, ոսկրային հյուսվածքում: Կալցիֆերոլի հիպերվիտամինոզի ժամանակ դիտվում է ԿՆՀ-ի և երիկամների ֆունկցիաների փոփոխություններ, ոսկրահյուսվածքի քայքայում կալցիումի լուծումով և հեռացումով և գերկալցիումարյունությամբ: Վիտամին K-ի հիպերվիտամինոզը ուղեկցվում է ստամոքսաղիքային ուղու ֆունկցիայի խանգարումներով և սակավարյունությամբ: Ջրալույծ վիտամինները մեծ քանակներով ներմուծելու դեպքում արագ հեռանում են, առաջացնելով հիպերվիտամինոզի նշաններ: Միևնույն ժամանակ հաստատվել է, որ վիտամին B6-ի մեծ քանակների օգտագործումը կարող է ուղեկցվել ծայրամասային նյարդային համակարգի ֆունկցիայի խանգարումներով:

Ավիտամինոզները և հիպովիտամիոզները կարող են ունենալ երկու ծագում արտածին և ներսածին:
Արտածին ծագումը հանգում է սննդի հետ վիտամինների անբավարար ընդունմանը կամ սննդից վիտամինի բացառմանը: Դա կարելի է շտկել համապատասխան վիտամինների ներմուծումով:
Ներսածին պատճառները ավելի բազմազան են և բարդ վիտամինների պահանջի մեծացում տարբեր ֆիզիոլոգիական և ախտաբանական վիճակներում (հղիություն, կաթնարտադրություն, թիրեոտոքսիկոզ, շաքարային դիաբետ և այլն), վիտամինների ուժեղացած քայքայում կամ ներծծման խանգարում մարսողական ուղիների տարբեր ախտահարումների ժամանակ, լյարդի և ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի խանգարում ճարպերի և ճարպալույծ վիտամինների ներծծման խանգարումով:

Գոյություն ունեն նաև բնածին ավիտամինոզներ, երբ չնայած վիտամիններով բավարար ապահովմանը, վաղ մանկական հասակում սկսում է զարգանալ ավիտամինոզ: Այս տիպի ավիտամինոզների պատճառը ժառանգական թերություններն են, կապված ֆերմենտի սպիտակուցային մասի' ապոֆերմենտի սինթեզի, դեպի թիրախ-օրգանները փոխադրող սպիտակուցների սինթեզի, կոֆերմենտի և ապոֆերմենտի փոխազդեցության, այսինքն հոլոֆերմենտի ձևավորման խանգարումների հետ:

Բնածին ավիտամինոզների դեպքում անբավարար վիտամինի խիստ մեծ, ֆիզիոլոգիական պահանջը 50-100-1000 անգամ գերազանցող քանակների ներմուծումով հաջողվում է պահպանել կյանքը: Նման վիճակը կոչվում է վիտամինակախյալ, իսկ եթե վիտամինի մեծ քանակները չեն կոմպենսում տվյալ վիտամինի անբավարարությունը, անվանում են վիտամինառեզիստենտ (վիտամինակայուն): Նման վիճակները ընթանում են շատ ծանր, հաճախ մահացու ելքով: Օրինակ, նկարագրված են վիտամին D-կախյալ ռախիտ, վիտամին D-ռեզիստենտ ռախիտ և այլն:

Վիտամինները ըստ ֆիզիկաքիմիական հատկությունների դասակարգվում են ջրսղույծների` վիտամին B1, B2, B3, B6, B12, PP, H, C, P, ֆոլաթթու և ճարպալայծների' վիտամին A, D, E, K:
Նշած վիտամիններից բացի գոյություն ունեն նյութեր, որոնք օժտված են վիտամինների հատկություններով, սակայն սինթեզվում են օրգանիզմոււմ: Դրանք կոչվում են վիտամինանման նյութեր: Այդ խմբի մեջ մտնում են վիտամին B15, խոլինը, ինոզիտը, լիպոյաթթուն, լինոլաթթուն, լինոլեինաթթուն և այլն: Վիտամինները սննդանյութերում կարող են լինել ակտիվ և ոչ ակտիվ` նախավիտամինների (պրովիտամին) ձևով: Նախավիտամինների ակտիվացումը կատարվում է օրգանիզմում:
 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին