Թրոմբոցիտները, կամ արյան թիթեիկներն ունեն բնորոշ պաշտպանական ֆունկցիաներ։ Դրանցից մեկը դրսևորվում է մանր և խոշոր անոթներից արյունահոսությունների ժամանակ, որի դեպքում նրանց մասնակցությամբ գոյացած խցանը (թրոմբ) փակում է վնասված անոթի լուսանցքը և կանխում հետագա արյունահոսությունը։ Արյան 1մմ3 ծավալում նրանց քանակը տատանվում է 200 000 - 400 000(200-400-109/լ) սահմաններում։ Գիշերվա ընթացքում թրոմբոցիտների քանակը փոքր-ինչ պակասում է։ Թրոմբոցիտների քանակի ավելացումը թրոմբոցիտոզը նկատվում է ֆիզիկական աշխատանքի, էմոցիաների, ցավի, քաղցի ժամանակ։ Քանակի պակասը թրոմբոցիտոպենիան առաջացնում է արյան մակարդման խանգարումներ։ Թրոմբոցիտները սկավառակաձև 2-5մկմ տրամագծով անկորիզ բջիջներ են։ Փոքր չափերով հանդերձ նրանք ունեն բավականին բարդ կառուցվածք։

Պլազմատիկ թաղանթն արտաքուստ պատված է նուրբ շերտով, որը հարուստ է մակարդիչ գործոններով։ Անմիջապես պլազմատիկ թաղանթի վրա դասավորված գլիկոպրոտեիդների մոլեկուլները տարբեր մեխանիզմներով մասնակցում են թրոմբոցիտների կպչման (ադհեզիա) և միացքավորմանը (ագրեգացիա)։ Իսկ պլազմատիկ թաղանթի տակ դասավորված միկրոխողովակները մտնում են բջջի կծողական ապարատի կազմի մեջ։ Գրգռված թրոմբոցիտի կծկողական համակարգի կծկման շնորհիվ հիալոպլազման և օրգանոիդները սեղմվում են և նրանց պարունակությունը բաց անցուղիների միջոցով մղվում է շրջապատող միջավայրի մեջ։ Այդ պարունակությունն ունի բարդ քիմիական բաղադրություն։ Վերջին ժամանակներս նրանց մեջ հայտնաբերել են բազմաթիվ նյութեր (ֆերմենտներ, ադրենալին, նորադրենալին, լիզոցիմ և այլն) և, հատկապես, մակարդիչ յուրահատուկ գործոններ, որոնք կոչվում են թրոմբոցիտային գործոններ և միջազգային անվանակարգմամբ նշվում են արաբական թվանշաններով (2,3,4 և այլն)։ Ստորև նշված են արյան մակարդմանն անմիջական մասնակցություն ունեցող մի քանի գործոններ։
Գործոն, 3` թրոմբոցիտային թրոմբոպլաստին, որը մասնակցում է արյան մակարդման առաջին փուլին։
Գործոն 4՝ հակահեպարինային գործոն, որը կապում է հեպարինը և արագացնում մակարդման ընթացքը։
Գործոն 5՝ մակարդիչ գործոն, կաս ֆիբրինոգեն, որը մասնակցում է թրոմբոցիտների կպչման և միացքավորման պրոցեսին։
Գործոն 6՝ թրոմբոստենին, իրականացնում է գոյացած մակարդուկի սեղմվելու պրոցեսը։ Իր կծկվելու հատկությամբ այն նման է ակտոմիոզինին։ Միաժամանակ ունի ԱԵՖ-ազային ակտիվություն, որի շնորհիվ ԱԵՖ-ից անջատված էներգիան ծախսվում է թրոմբոցիտների կծկման պրոցեսում։
Գործոն 10՝ սերոտոնին, որն անոթասեղմիչ նյութ է, ադրենալինի և նորադրենալինի հետ միասին սեղմում է վնասված հյուսվածքի անոթները և նպաստում արյունականգին։
Գործոն 11` միացքավորման գործոն, դա ԱԿՖ-ն է, որը նպաստում է թրոմբոցիտների միացքավորման պրոցեսին։ Վերջերս թրոմբոցիտների մեջ հայտնաբերվել է միացքավորման ավելի հզոր գործոն՝ թրոմբոքսան։ Ի դեպ էնդոթելիոցիտներում գտնվող պրոստացիկլին նյութը հանդիսանում է թրոմբոքսանի արգելակիչ։ Թրոմբոքսանի ավելացումը արագացնում է թրոմբոցիտների միացքավորումը, որին հաջորդում է արյան մակարդումը, իսկ պրոստացիկլինի ավելացումը կանխում է արյան մակարդումը։

Թրոմբոցիտներից անջատվել է նաև մեկ այլ նյութ թրոմբոցիտների աճի գործոն, որը խթանում է անոթների հարթ մկանունքի աճը և պահպանում էնդոթելային շերտի ամբողջականությունը։ Թրոմբոցիտոպենիայի ժամանակ այդ գործոնի պակասության հետևանքով էնդոթելիոցիտները դառնում են փուխր և պոկվում մազանոթի պատից։ Նման դեպքում ամենաթույլ մեխանիկական հարվածից էրիթրոցիտներն արյունից թափանցում են մաշկի հյուսվածքի մեջ` սկիզբ տալով ենթամաշկային  կետային  արյունազեղումների՝ պետեխիա։ էրիթրոցիտները և լեյկոցիտները նույնպես պարունակում են թրոմբոցիտային, կամ արյան մակարդիչ գործոններ։ Հյուսվածքային բջիջներում նույնպես հայտնաբերված են այդ գործոնները, որոնց անվանում են հյուսվածքային։ Դրանցից հիշատակության արժանի է հյուսվածքային թրոմբոպլաստինը, որն ունի բարձր ակտիվություն։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին