Բերանի խոռոչում բացվում են երեք զույգ խոշոր թքագեղձերի արտատար ծորաններ՝ հարականջային, ենթածնոտային և ենթալեզվային, որոնք լորձաթաղանթի սահմաններից դուրս են: Խոռոչի լորձաթաղանթում կան բազմաթիվ մանր թքագեղձեր՝ շրթունքային, այտային, լեզվային, քմային: Էկտոդերմից զարգանում են թքագեղձերի էպիթելային հյուսվածքները և բերանի խոռոչը պատող բազմաշերտ տափակ էպիթելը: Այդ է պատճառը, որ դրանց արտատար ծորանները և արտազատիչ բաժինները բազմաշերտ են: Թքագեղձերը բարդ բշտային կամ բշտախողովակակազմ գեղձեր են: Դրանք կազմված են ծայրային բաժիններից և արտազատուկը դուրս բերող ծորաններից:

Ծայրային բաժիններ (portio terminalis): Ըստ կազմության և գեղձազատուկի բնույթի՝ բաժանվում են երեք խմբի՝ սպիտակուցային (շճային), լորձային և խառը (շճալորձային): Թքագեղձերի արտատար ծորանները լինում են ներբլթային (ductus interlobularis)՝ ներդիր (ductus intercalates) և գծավորված (ductus striatus) ծորաններով, միջբլթակային (ductus interlobularis)՝ արտատար և գեղձի ծորաններով (ductus extretorius seu glandulae): Սպիտակուցային գեղձերն արտազատում են ֆերմենտներով հարուստ հեղուկ՝ արտազատուկ: Լորձային գեղձերն արտադրում են ավելի թանձր և մածուցիկ արտազատուկ, որը պարունակում է մուցին՝ հյութ, որի կազմի մեջ մտնում են գլիկոզամինոգլիկաններ: Ըստ բջիջների արտազատուկի անջատման մեխանիզմի՝ բոլոր թքագեղձերը մերոկրինային են: Թքագեղձերը ունեն արտազատական և ներզատական ֆունկցիաներ: Արտազատական ֆունկցիան թքի կանոնավոր արտազատումն է բերանի խոռոչ: Թքի կազմի մեջ մտնում են ջուր (մոտ 99%), սպիտակուցային նյութեր (այդ թվում ֆերմենտներ), անօրգանական նյութեր, ինչպես նաև բջջային տարրեր (էպիթելի բջիջներ, լեյկոցիտներ): Թուքը թրջում է սնունդը, որը դյուրին է դարձնում ծամելու և կլման պրոցեսները: Այտերի և շրթունքների լորձաթաղանթի՝ թքով մշտապես թրջվելը նպաստում է արտասանության ակտին: Թքի կարևոր ֆունկցիաներից է սննդի՝ ֆերմենտով մշակումը: Թքի ֆերմենտները մասնակցում են պոլիսախարիդների (ամիլազա, մալթազա, հիալուրոնիդազա), նուկլեինաթթուների և նուկլեոպրոտեիդների (նուկլեազաներ և կալիկրեին) սպիտակուցների (կալիկրեինանման պրոտեազներ, պեպսինոգեն, տրիպսինանման ֆերմենտներ), բջջաթաղանթների (լիզոցիմ) ճեղքմանը: Բացի արտազատիչ ֆունկցիայից, թքագեղձերը ունեն նաև էքսկրետոր ֆունկցիա: Թքի հետ արտաքին միջավայր են արտազատվում տարբեր օրգանական և անօրգանական նյութեր՝ միզաթթու, կրեատին, երկաթ, յոդ և այլն: Թքագեղձերի պաշտպանական ֆունկցիան բակտերիոցիտ նյութի՝ լիզոցիմի արտազատումն է: Թքագեղձերի ֆունկցիան թքի մեջ կենսաբանական ակտիվ նյութերի՝ (հորմոնների տիպի) ինսուլինի, կարոտինի, նյարդերի աճի գործոնի (ՆԱԳ), էպիթելի աճի գործոնի (ԷԱԳ), թիմոցիտտրանսֆորմացնող գործոնի (ԹՏԳ), մահացու ելքի (լետալուցիան) գործոնի առկայությունն է: Թքագեղձերն ակտիվորեն մասնակցում են ջրաաղային հոմեոստազի կարգավորմանը:

Զարգացումը: Հարականջային գեղձերի սաղմնադրումը տեղի է ունենում էմբրիոգենեզի 8–րդ շաբաթում, երբ բերանի խոռոչի էպիթելից, ենթադիր մեզենքիմայի մեջ՝ աջ ու ձախ լսողական բացվածքների ուղղությամբ, սկսում են աճել էպիթելային ձգաններ: Այդ ձգաններից բողբոջում են բազմաթիվ ելուստներ՝ ձևավորելով սկզբում արտատար ծորանները, ապա ծայրային բաժինները: 10–12–րդ շաբաթներում նկատվում է էպիթելային ձգանների ճյուղավորում և նյարդաթելերի ներաճ: Զարգացման 4–6–րդ ամիսներում ձևավորվում են ալվեոլների ծայրային բաժինները, իսկ 8–9–րդ ամիսներին նրանցում առաջանում են լուսանցքներ: Սաղմերի և մինչև երկու տարեկան երեխաների ներդիր ծորանները և ծայրային բաժինները ներկայացված են տիպիկ լորձային բջիջներով: Էմբրիոգենեզի 5–5,5 ամսում մեզենքիմայից տարբերակվում են շարակցահյուսվածքային պատիճը և միջբլթակային խտրոցները: Արտազատուկը սկզբում ունի լորձային բնույթ: Զարգացման վերջին ամիսներին սաղմի թուքը ցուցաբերում է ամիլոլիտիկ ակտիվություն: Ենթածնոտային գեղձերը սաղմնադրվում են էմբրիոգենեզի 6–րդ շաբաթում: 8–րդ շաբաթվա ընթացքում էպիթելային ձգաններում առաջանում են լուսանցքներ: Առաջնային ներդիր ծորանների էպիթելը սկզբում երկշերտ, հետո բազմաշերտ է: Ծայրային բաժինները ձևավորվում են 16–րդ շաբաթվա ընթացքում: Ծայրային բաժինների լորձային բջիջները ձևավորվում են ներդիր ծորանների բջիջների լորձացման պրոցեսում:

Ծայրային բաժինների և ներբլթակային ծորանների տարբերակման պրոցեսը՝ ներդիր ծորանների և թքային խողովակների, շարունակվում է զարգացման հետծննդյան շրջանում: Նորածինների ծայրային բաժնում ձևավորվում են խորանարդաձև և պրիզմայաձև գեղձային բջիջներից կազմված տարրեր, որոնք արտազատում են շճային արտազատուկ (շճային կիսալուսիններ): 4 ամսական սաղմի ծայրային բաժիններում սկսվում է արտազատումը: Ենթալեզվային գեղձերը սաղմնադրվում են էմբրիոգենեզի 8–րդ շաբաթում՝ ենթածնոտային գեղձերի բերանային ծայրերի ելուստների տեսքով: 12–րդ շաբաթում նկատվում է էպիթելային ծլի բողբոջում և ճյուղավորում:

Թքագեղձերի կառուցվածքը: Հարականջային գեղձը (gl. parotis) բարդ ալվեոլային ճյուղավորված գեղձ է, որը բերանի խոռոչ է արտազատում շճային արտազատուկ, և ունի նաև ներզատական ֆունկցիա: Արտաքինից այն ծածկված է խիտ շարակցահյուսվածքային պատիճով: Գեղձն ունի արտահայտված բլթակավոր կառուցվածք: Միջբլթակային շարակցահյուսվածքային խտրոցների միջև տեղավորված են միջբլթակային ծորաններ և արյունատար անոթներ: Հարականջային գեղձի ծայրային բաժինները սպիտակուցային (շճային) են: Նրանք կազմված են կոնաձև արտազատական բջիջներից՝ սպիտակուցային բջիջներից կամ սերոցիտներից (serocyti) և միոէպիթելային բջիջներից: Սերոցիտներն ունեն նեղ գագաթային մաս, որն ուղղված է դեպի ծայրային բաժնի լուսանցքը: Նրա մեջ կան ացիդոֆիլ արտազատական հատիկներ, որոնց քանակը, կախված արտազատման փուլից, փոխվում է: Բջջի հիմային մասը ավելի լայն է,այն պարունակում է կորիզ: Արտազատման կուտակման փուլում բջջի չափերը զգալիորեն մեծանում են, իսկ արտազատումից հետո այն փոքրանում է, կորիզը կլորանում է: Հարականջային գեղձի արտազատուկում գերակշռում է սպիտակուցային բաղադրամասը, բայց հաճախ այն պարունակում է նաև մուկոպոլիսախարիդներ, որի պատճառով այդպիսի գեղձերը կարող են կոչվել շճալորձային: Արտազատական հատիկներում հայտնաբերված են α–ամիլազա, ԴՆԹ–ազա: Ցիտոքիմիական և էլեկտրոնամանրադիտակային ուսումնասիրությունները թույլ են տվել տարբերել հատիկների մի քանի տիպ՝ էլեկտրոնախիտ շրջեզրով ՇՅԹ–դրական, ՇՅԹ–բացասական և գնդաձև մանր համասեռ ձևեր: Հարականջային գեղձի ծայրային բաժնում սերոցիտների միջև դասավորված են միջբջջային արտազատիչ խողովակիկներ, որոնց լուսանցքն ունի մոտ 1 մկմ տրամագիծ: Այդ խողովակիկներով բջջից արտազատվում է սեկրետ, որը հետագայում լցվում է ծայրային արտազատական բաժինների լուսանցքի մեջ: Երկու գեղձերի ծայրային բաժինների ընդհանուր արտազատական մակերեսը մոտ 1,5 մ2 է:

Միոէպիթելային բջիջները (միոէպիթելոցիտներ) ծայրային արտազատական բաժիններում կազմում են բջիջների երկրորդ շերտը: Սրանք ըստ ծագման էպիթելային բջիջներ են, ըստ ֆունկցիայի՝ կծկվող տարրեր, որոնք հիշեցնում են մկանայիններին: Սրանց անվանում են նաև աստղաձև էպիթելոցիտներ, քանի որ ունեն աստղի ձև և իրենց ելուստներով զամբյուղիկի նման գրկում են ծայրային արտազատական բաժինները: Միոէպիթելային բջիջները գտնվում են հիմային թաղանթի և էպիթելային բջիջների հիմքերի միջև: Իրենց կծկումներով նրանք նպաստում են ծայրային բաժիններից գեղձազատուկի արտամղմանը: Հարականջային գեղձի ներբլթակային ներդիր ծորաններն սկսվում են անմիջապես նրա ծայրային բաժիններից և սովորաբար ուժեղ ճյուղավորված են: Ներդիր ծորանները պատված են խորանարդաձև կամ տափակ էպիթելով: Նրանց երկրորդ շերտը կազմում են միոէպիթելոցիտները: Ացինուսին հարող բջիջներում հայտնաբերվում են մուկոպոլիսախարիդներ պարունակող էլեկտրոնախիտ հատիկներ: Հենց այստեղ էլ տեղադրված են տոնոֆիլամենտները, ռիբոսոմները և հարթ էնդոպլազմատիկ ցանցը:

Գծավորված թքային ծորանները ներդիրների շարունակությունն են բլթակի ներսում: Նրանց տրամագիծն զգալիորեն ավելի մեծ է, քան ներդիրներինը, լուսանցքը լավ է արտահայտված: Գծավորված ծորանները ճյուղավորվում են՝ առաջացնելով ամպուլային լայնացումներ: Նրանք պատված են միաշերտ գլանաձև էպիթելով: Էպիթելային բջիջների ցիտոպլազման ացիդոֆիլ է: Բջիջների գագաթային մասում նկատվում են միկրոթավիկներ, արտազատիչ հատիկներ՝ տարբեր էլեկտրոնախտությամբ, Գոլջիի կոմպլեքս: Էպիթելային բջիջների հիմային մասում պարզորոշ հայտնաբերվում է հիմային գծավորությունը, որն առաջանում է միտոքոնդրիումներով: Դրանք տեղավորված են ցիտոպլազմայում՝ բջջաթաղանթի ծալքերի միջև, հիմային թաղանթին ուղղահայաց: Գծավորված բաժիններում հայտնաբերել են պարբերական փոփոխություններ՝ անկախ մարսողության գործընթացի ռիթմից: Միջբլթակային արտատար ծորանները պատված են երկշերտ էպիթելով: Ծորանների միացմանը զուգընթաց՝ նրանց էպիթելն աստիճանաբար վերածվում է բազմաշերտի: Արտատար ծորանները շրջապատված են փուխր թելակազմ շարակցական հյուսվածքի շերտերով: Հարականջային գեղձի ծորանը, որն սկսվում է գեղձի մարմնից, անցնում է ծամիչ մկանի միջով, իսկ նրա ելուզանցքը գտնվում է այտի լորձաթաղանթի վրա՝ վերին երկրորդ աղորիքի մակարդակին: Ծորանը պատված է բազմաշերտ խորանարդաձև, իսկ ելուզանցքը՝ բազմաշերտ տափակ էպիթելով:

Ենթածնոտային գեղձ (gl. submaxillare): Սա բարդ ալվեոլային, որոշ տեղերում ալվեոլախողովակակազմ ճյուղավորված գեղձ է: Ըստ գեղձազատուկի բնույթի՝ այն խառն է, այսինքն՝ շճալորձային: Գեղձը արտաքինից շրջապատված է շարակցահյուսվածքային պատիճով: Ենթածնոտային գեղձի բաժինները երկու տիպի են՝ շճային և շճալորձային, այսինքն՝ խառը: Ենթածնոտային գեղձում գերակշռում են շճային ծայրային բաժինները: Սերոցիտների արտազատիչ հատիկները դիսկրետ են և ունեն ոչ բարձր էլեկտրոնային խտություն: Հատիկները իրենց ներսում հաճախ պարունակում են էլեկտրոնախիտ միջուկ: Նրանց կառուցվածքը նման է հարականջային գեղձի ծայրային բաժիններին: Ծայրային բաժինները (ացինուսներ) կազմված են 10–18 շճալորձային բջիջներից, որոնցից միայն 4–6 բջիջ է տեղավորված ացինուսի լուսանցքի շուրջը: Արտազատիչ հատիկները պարունակում են գլիկոլիպիդներ և գլիկոպրոտեիդներ: Խառը ծայրային բաժիններն ավելի խոշոր են, քան սպիտակուցայինները և կազմված են երկու տիպի բջիջներից՝ լորձային և շճային: Լորձային բջիջները (mucocyti) շճայինների համեմատ ավելի խոշոր են և ծայրային բաժնում զբաղեցնում են կենտրոնական մասը: Լորձային բջիջների կորիզները տեղադրված են նրանց հիմքում, խիստ տափակ են, խտացած: Այդ բջիջների ցիտոպլազման ունի ցանցանման կառուցվածք՝ շնորհիվ իր մեջ պարունակվող լորձային արտազատուկի, որն ընտրողաբար ներկվում է մուցիկարմինով: Ոչ մեծ քանակությամբ շճային բջիջները գրկում են լորձային բջիջներին փոքրիկ կափարիչի կամ շճային կիսալուսինների (semilunium serosum) տեսքով: Սպիտակուցային (շճային) կիսալուսինները խառը գեղձերին բնորոշ կառուցվածքներ են: Գեղձային բջիջների միջև տեղադրված են միջբջջային խողովակիկներ: Կիսալուսինների բջիջներին արտաքինից հարում են միոէպիթելային բջիջները: Ենթածնոտային գեղձի ներդիր ծորանները ավելի քիչ են ճյուղավորված ու ավելի կարճ են, քան հարականջային գեղձում, որը բացատրվում է զարգացան պրոցեսում այս մասերի լորձացմամբ: Այս բաժինների բջիջները պարունակում են մանր հատիկներ, որոնք հաճախ մանր, խիտ միջուկներ ունեն:
Ենթածնոտային գեղձում գծավորված ծորանները շատ լավ զարգացած են, երկար և խիտ ճյուղավորված: Նրանցում հաճախ հանդիպում են նեղացումներ և սրվակաձև լայնացումներ: Նրանց ծածկող լավ արտահայտված հիմային գծավորությամբ պրիզմայաձև էպիթելը պարունակում է դեղին գունանյութ: Էլեկտրոնային մանրադիտակով ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել են բջիջների մի քանի տիպեր՝ լայն, մութ, բարձր, լուսավոր մանր եռանկյունաձև (քիչ տարբերակված) և գավաթաձև բջիջներ: Բարձր բջիջների հիմային մասում կողմնային մակերեսների վրա կան բազմաթիվ ցիտոպլազմատիկ ելուստներ: Որոշ կենդանիներ (կրծողներ), բացի գծավորված ծորաններից, ունեն նաև հատիկավոր բաժիններ, որոնց բջիջները պարունակում են լավ զարգացած Գոլջիի կոմպլեքս՝ տեղադրված բջիջների հիմային մասում, և հատիկներ, որոնք պարունակում են տրիպսինանման պրոտեազներ, ինչպես նաև մի շարք հորմոնային և աճը խթանող գործոններ: Ինչպես հաստատված է, թքագեղձերի ներզատական ֆունկցիան (ինսուլինանման և այլ նյութերի առաջացումը) կապված է այս բաժինների հետ: Ենթածնոտային գեղձի միջբլթակային ծորանները տեղադրված են շարակցահյուսվածքային խտրոցներում, որոնք սկզբում պատված են երկշերտ, իսկ հետո՝ բազմաշերտ էպիթելով: Ենթածնոտային գեղձի ծորանը բացվում է լեզվի սանձիկի առաջնային եզրի վրա՝ ենթալեզվային գեղձի ծորանի կողքին: Նրա ելուզանցքը պատված է բազմաշերտ տափակ էպիթելով: Ենթածնոտային գեղձի ծորանը հարականջային գեղձի ծորաններից ավելի շատ է ճյուղավորված:

Ենթալեզվային գեղձ (gl. sublinguale): Սա բարդ, ալվեոլախողովակակազմ ճյուղավորված գեղձ է: Ըստ արտազատուկի բնույթի՝ սա խառը՝ շճալորձային գեղձ է՝ լորձային արտազատման գերակշռությամբ: Այն ունի արտազատական երեք ծայրային բաժին՝ սպիտակուցային, խառը և լորձային: Սպիտակուցային ծայրային բաժինները շատ քիչ են: Խառը ծայրային բաժինները կազմում են գեղձի հիմնական մասը և բաղկացած են սպիտակուցային կիսալուսիններից ու լորձային բջիջներից: Կիսալուսինները, որոնք առաջացել են շճալորձային բջիջներից, այստեղ ավելի լավ են արտահայտված, քան ենթածնոտայինում: Ենթալեզվային գեղձում կիսալուսինները ձևավորող բջիջները զգալիորեն տարբերվում են հարականջային և ենթածնոտային գեղձերի համապատասխան բջիջներից: Նրանց արտազատիչ հատիկները առաջացնում են մուցինի ռեակցիա: Այս բջիջները միաժամանակ արտադրում են սպիտակուցային և լորձային արտազատուկ, որի պատճառով ստացել են շճալորձային բջիջներ անվանումը: Նրանցում ուժեղ զարգացած է հատիկավոր էնդոպլազմատիկ ցանցը: Նրանք ունեն միջբջջային արտազատիչ խողովակիկներ: Այս գեղձի մաքուր լորձային ծայրային բաժինները կազմված են բնորոշ լորձային բջիջներից, որոնք պարունակում են քոնդրոիտինսուլֆատ և գլիկոպրոտեիդներ: Միոէպիթելային տարրերը բոլոր տիպի ծայրային բաժինների համար առաջացնում են արտաքին շերտ:

Ենթալեզվային գեղձում ներդիր ծորանների ընդհանուր մակերեսը շատ փոքր է, քանի որ նրանք դեռևս սաղմնային զարգացման պրոցեսում համարյա ամբողջապես լորձացվում են՝ ձևավորելով ծայրային բաժինների լորձային մասերը: Այդ գեղձում գծավորված ծորանները թույլ են զարգացած՝ շատ կարճ են, իսկ որոշ տեղերում բացակայում են: Այս ծորանները պատված են գլանաձև էպիթելով, որում, ինչպես մյուս թքագեղձերի համապատասխան ծորաններում, տեսանելի է հիմային գծավորությունը: Գծավորված ծորանները ծածկող էպիթելային բջիջների ցիտոպլազմայում կան շատ փոքր բշտիկներ, որոնք արտազատման ցուցանիշ են: Ենթալեզվային գեղձի ներբլթակային և միջբլթակային արտատար ծորանները կազմված են երկշերտ պրիզմայաձև, իսկ ելուզանցքը՝ բազմաշերտ տափակ էպիթելով: Հյուսվածքային ներբլթակային և միջբլթակային խտրոցներն ավելի լավ են զարգացած, քան հարականջային և ենթածնոտային գեղձերում:

Անոթավորումը: Բոլոր թքագեղձերը ունեն հարուստ անոթավորում: Գեղձ մտնող զարկերակներն ուղեկցում են արտատար ծորանների ճյուղավորումներին: Դրանցից անջատվում են ճյուղեր՝ ծորանների պատերի սնման համար: Փոքրիկ զարկերակները ծայրային բաժիններում ճյուղավորվում են մազանոթային ցանցի, որը այդ բջիջներից յուրաքանչյուրին խիտ հյուսապատում է: Արյունատար մազանոթներից արյունը հավաքվում է երակների մեջ, որոնք հետևում են զարկերակների ընթացքին: Թքագեղձերի արյունատար համակարգին բնորոշ է զգալի քանակությամբ զարկերակիկ– երակիկային բերանակցումների առկայությունը: Սրանք տեղադրված են գեղձի դրունքում՝ անոթի բլթակ մտնելու տեղում, մինչև ծայրային բաժինների մազանոթային ցանցերը: Թքագեղձերում բերանակցումները պայմանավորում են առանձին բաժինների, բլթակների և նույնիսկ ամբողջ գեղձի արյունամատակարարման ինտենսիվության զգալի փոփոխության հնարավորությունը և հետևաբար թքագեղձերի փոփոխությունները:

Նյարդավորումը: Խոշոր թքագեղձերի էֆերենտ կամ արտազատիչ թելերը ծագում են երկու աղբյուրից՝ նյարդային համակարգի պարասիմպաթիկ և սիմպաթիկ բաժիններից: Գեղձերում հյուսվածաբանորեն հայտնաբերված են միելինապատ և միելինազուրկ նյարդեր, որոնք ընթանում են անոթների և ծորանների ուղղությամբ: Նրանք առաջացնում են նյարդային վերջավորություններ անոթների պատերում, գեղձերի ծայրային բաժիններում և արտատար ծորաններում: Արտազատիչ և անոթային նյարդերի միջև ձևաբանական տարբերություններ ոչ միշտ կարելի է հայտնաբերել: Կենդանիների ենթածնոտային գեղձերի վրա դրված փորձերով հայտնաբերված է, որ էֆերենտ սիմպաթիկ ուղիների դրդումից արտազատվում է մածուցիկ թուք, որը մեծ քանակությամբ լորձ է պարունակում: Պարասիմպաթիկ էֆերենտ թելերի դրդումից արտազատվում է սպիտակուցով հարուստ հեղուկ գեղձազատուկ: Զարկերակիկ–երակիկային բերանակցումների և ծայրային երակների լուսանցքի բացվելն ու փակվելը նույնպես պայմանավորված է նյարդային գրգիռներով:

Տարիքային առանձնահատկությունները: Ծնվելուց հետո մորֆոգենեզի պրոցեսները հարականջային թքագեղձում շարունակվում են մինչև 16–20 տարեկանը. ընդ որում գեղձային հյուսվածքը գերակշռում է շարակցականին: 40 տարեկանից հետո նկատվում են ինվոլյուտիվ փոփոխություններ, որոնք բնութագրվում են գեղձային հյուսվածքի ծավալի փոքրացմամբ, ճարպային հյուսվածքի ավելացմամբ, շարակցական հյուսվածքի ուժեղ աճով: Կյանքի առաջին երկու տարիների ընթացքում հարականջային գեղձից հիմնականում արտադրվում է լորձային թուք, սկսած երրորդ տարուց մինչև խոր ծերություն՝ սպիտակուցային, իսկ 80 տարեկանից հետո նորից գերակշռում է լորձային թուքը: Ենթածնոտային գեղձերի շճային և լորձային արտազատական բաժինների վերջնական զարգացումը նկատվում է հինգ ամսական երեխաների մոտ: Սրանց առավելագույն զարգացումն իրականանում է 25 տարեկանում: 50 տարեկանից հետո սկսվում են ինվոլյատիվ փոփոխությունները: Ենթալեզվային, ինչպես նաև մյուս թքագեղձերի ինտենսիվ զարգացումը տեղի է ունենում կյանքի առաջին երկու տարիների ընթացքում:

Վերականգնում: Թքագեղձերի գործունեությունն անխուսափելիորեն ուղեկցվում է էպիթելային գեղձային բջիջների մասնակի քայքայումով: Մահացող բջիջները ձևավորվում են մեծ չափերով, քայքայված (պիկնոտիկ) կորիզներով և հատիկավոր ցիտոպլազմայով, որն ինտենսիվորեն ներկվում է թթու ներկանյութերով: Այդպիսի բջիջները կոչվում են ուռչող: Պարենքիմայի բջիջների վերականգնումը տեղի է ունենում հիմնականում ներբջջային ռեգեներացիայի ճանապարհով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին