ՇրթունքՇրթունքում տարբերում են երեք բաժին՝ մաշկային (pars cutanea), միջանկյալ (pars intermedia) և լորձային (pars mucosa): Շրթունքի հաստության մեջ կան միջաձիգ զոլավոր մկաններ:

Շրթունքի մաշկային բաժինն ունի մաշկի նման կառուցվածք: Այն ծածկված է բազմաշերտ տափակ եղջերացող էպիթելով և ունի ճարպային գեղձեր, քրտնագեղձեր ու մազեր: Այդ շերտի էպիթելը տեղադրված է հիմային թաղանթի վրա, իսկ թաղանթի տակ գտնվում է փուխր թելակազմ շարակցական հյուսվածքը, որն առաջացնում է էպիթելի մեջ ներհրվող բարձր պտկիկներ:

Շրթունքի միջանկյալ բաժինն իր հերթին կազմված է երկու գոտիներից՝ արտաքին (հարթ) և ներքին (թավիկավոր): Արտաքին գոտում էպիթելի եղջերային շերտը պահպանվում է, բայց դառնում է բարակ ու թափանցիկ: Այս մասում մազեր չկան, քրտնագեղձերը աստիճանաբար վերանում են, պահպանվում են միայն ճարպագեղձերը, որոնց ծորանները բացվում են էպիթելի մակերեսին: Վերին շրթունքն ավելի հարուստ է ճարպագեղձերով, հատկապես բերանի անկյան շրջանում: Լորձաթաղանթի սեփական թիթեղը մաշկի շարակցահյուսվածքային մասի շարունակությունն է: Նրա պտկիկներն այդ գոտում բարձր չեն:

Նորածինների ներքին գոտին ծածկված է էպիթելային պտկիկներով, որոնց երբեմն անվանում են թավիկներ: Այդ էպիթելային պտկիկներն օրգանիզմի աճին զուգընթաց աստիճանաբար հարթվում են և դառնում քիչ նկատելի: Մեծահասակ մարդու շրթունքի անցումային բաժնի ներքին գոտու էպիթելը 3–4 անգամ հաստ է, քան արտաքին գոտում, զուրկ է եղջերային շերտից: Որպես կանոն, ճարպագեղձերն այստեղ բացակայում են: Էպիթելի տակ գտնվող փուխր թելակազմ շարակցական հյուսվածքը ներհրվելով էպիթելի մեջ, առաջացնում է շատ բարձր պտկիկներ, որոնցում գտնվում են բազմաթիվ մազանոթներ: Նրանց միջով շրջանառող արյունը պայմանավորում է շրթունքի կարմիր գույնը: Պտկիկները պարունակում են հսկայական քանակությամբ նյարդային վերջավորություններ, այդ պատճառով շրթունքի կարմիր եզրը զգայուն է:

Շրթունքի լորձային բաժինը ծածկված է բազմաշերտ տափակ չեղջերացող էպիթելով: Սակայն էպիթելի մակերեսային շերտի բջիջներում կարելի է հայտնաբերել ոչ մեծ քանակությամբ կերատինի հատիկներ: Շրթունքի լորձային բաժնի էպիթելը զգալիորեն ավելի հաստ է, քան մաշկայինում: Այստեղ լորձաթաղանթի սեփական թիթեղն առաջացնում է պտկիկներ, որոնք ավելի կարճ են, քան մոտ գտնվող անցումային բաժնում: Լորձաթաղանթի մկանային թիթեղը բացակայում է և այդ պատճառով սեփական թիթեղն առանց կտրուկ սահմանի անցնում է ենթալորձային հիմի, որն էլ անմիջականորեն հարում է միջաձիգ– զոլավոր մկաններին: Ենթալորձային հիմում տեղադրված են շրթունքային թքագեղձերի (gl. labiales) արտազատական բաժինները: Գեղձերը բավական խոշոր են, երբեմն հասնում են սիսեռի հատիկի մեծության: Ըստ կազմության՝ դրանք բարդ բշտախողովակակազմ գեղձեր են, ըստ գեղձազատուկի բնույթի՝ խառը շճալորձային գեղձեր: Արտատար ծորանները պատված են բազմաշերտ տափակ չեղջերացող էպիթելով և բացվում են շրթունքի մակերեսին: Շրթունքի լորձային բաժնի ենթալորձային հիմում տեղավորված են զարկերակներ և լայն երակային անոթահյուսակ, որը տարածվում է նաև շրթունքի կարմիր մասում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին