Շնչառական ուղիՇնչառական ուղիների պաշտպանական ֆունկցիաները-Մարդը կարող է շնչել ինչպես քթով, այնպես ե բերանով։ Սակայն, շնչառությունը քթով ունի մի շարք առավելություններ։ Նախ, քթային շնչառությունն ընթանում է դանդաղ և խորը, որը բավարար պայմաններ է ստեղծում թոքերի գազերի լավ խառնվելու և բշտիկներում լավագույն գազափոխանակության համար, լավացնում է նաև սուրֆակտանտի տարածումը։ Երկրորդ, քթի լորձաթաղանթը օժտված է արյունատար մազանոթների խիտ ցանցով, որը լավացնում է արյան և ներշնչվող սառը օդի միջև ընթացող ջերմափոխանակությունը, որի շնորհիվ բարձրանում է ներշնչվող օդի ջերմաստիճանը։ Օդի տաքացումը քթի խոռոչում կարգավորվում է ռեֆլեքսային ճանապարհով։ Սառը օդը գրգռում է եռվորյակ նյարդի զգացող վերջույթները և գրգիռը հաղորդվում է երկարավուն ուղեղ, գրգռելով պարասիմպաթիկ կենտրոնները. որի շնորհիվ տեղի է ունենում քթի լորձաթաղանթի անոթների ռեֆլեքսային լայնացում։ Քթային խեցիների հյուսվածքների ուժեղացած արյունալցումը մեծացնում է նրանց ծավալը, որը հանգեցնում է քթային անցուղիների նեղացման, որի հետևանքով օդը քթի խոռոչով անցնում է ավելի բարակ շիթի ձևով, ավելի լավ տաքանալով։ Երրորդ, վերին շնչական ուղիներն ապահովում են ներշնչվող օդի խոնավությունը, որն անհրաժեշտ է բրոնխների թարթչավոր էպիթելի բնականոն ֆունկցիայի ապահովման համար։ Օդի խոնավացումը տեղի է ունենում լորձաթաղանթը ծածկող հեղուկի գոլորշացման հաշվին։ Օրվա ընթացքում գոլորշանում է մոտ 500 մլ ջուր։ Քթային շնչառությունն ապահովում է նաև ներշնչվող օդի մաքրումը, որն իրականացվում է մի շարք մեխանիզմներով։ Խոշոր փոշու հատիկները բռնվում են քթի նախամուտքի մազերի կողմից։ Կախված մասնիկները նստելով քթի լորձաթաղանթի վրա, տեղափոխվում են լորձի հոսքի հետ և հեռացվում օրգանիզմից։ Լորձաթաղանթի էպիթելի թարթիչների շարժումները հիմնականում ուղղված են դեպի դուրս և նույնպես նպաստում են մանրագույն մասնիկների հեռացմանը։Փոշու, ծխի, գազի գրգռիչ մասնիկների ներշնչման ժամանակ տեղի է ունենում շնչառության ռեֆլեքսային դանդաղում ն նույնիսկ կանգ (ապնոէ), ինչպես նաև օդատար ուղիների ռեֆլեքսային նեղացում, ձայնային ճեղքի փակում։ Այդ ռեֆլեքսները պաշտպանում են ստորին շնչուղիները գրգռող վտանգավոր խառնուրդների թափանցումից։ Շնչառության ռեֆլեքսային դադարը տեղի է ունենում քթի ստորին անցուղիների վա ջրի ազդեցության հետևանքով («ջրասուզակների ռեֆլեքս»)։ Շնչառությունը կասեցվում է նաև կլլման ակտի ժամանակ, որը շնչառական ուղիները պահպանում է օդի հոսանքի հետ խառնված սննդի մուտքից։ Ներշնչվող օդում գտնվող օտար մարմինները և սենդի մասնիկները առաջացնում են պաշտպանողական ռեակցիա (հազ, փռշտոց)։

Հազի ռեֆլեքս։ Հազն առաջանում է ըմպանի, կոկորդի, շնչափողի և բրոնխների իրիտանտ ընկալիչների գրգռման պատճառով։
Ընկալիչներում ծագած գրգիռը վերին կոկորդային, եռվորյակ և թափառող նյարդերի վերընթաց թելերով տարածվում է մինչև մենավոր ուղու կորիզները, այստեղից էլ անցնում շնչառական կենտրոնի արտաշնչական նեյրոններին։ Հազի ռեֆլեքսն սկսվում է խոր ներշնչումով, որի ժամանակ տեղի է ունենում կոկորդի մկանների ռեֆլեքսային կծկում, ձայնային ճեղքի փակում և բրոնխային մկանունքի լարվածության բարձրացում։ Խոր ներշնչումից անմիջապես հետո տեղի է ունենում արտաշնչական մկանների կծկում (հիմնականում որովայնային), թոքերում բարձրանում է օդի ճնշումը (100 մմս.ս. չափով և ավելի), որից հետո բացվում է ձայնային ճեղքն ու տեղի է ունենում կտրուկ արտաշնչում՝ լորձի կամ օտար մարմնի արտանետումով։

Փռշտոց։ Առաջանում է քթի լորձաթաղանթի ընկալիչների գրգռումից։ Փռշտոցի առաջացման մեխանիզմը նման է հազի առաջացման մեխանիզմին, միայն այն տարբերությամբ, որ փռշտոցի ժամանակ ձայնային ճեղքը բաց է մնում, լեզուն սեղմվում է փափուկ քիմքին, այդ պատճառով էլ ուժեղացած արտաշնչումը տեղի է ունենում ոչ թե բերանով, այլ քթի միջով։
Պաշտպանիչ նշանակություն ունի նաև արցունքահոսությունը։ Արցունքը հոսում է արցունքաքթային անցուղիով դեպի քթի խոռոչ, մաքրելով քթի խոռոչ մուտք գործած գրգռիչ նյութերից։

Կլլման գործողությունը ևս ուղեկցվում է ձայնային ճեղքի ռեֆլեքսային փակումով և ստոծանու շնչառական ակտիվության արգելակումով։ Որպես պաշտպանիչ ռեակցիա, շնչառության կանգ կարող է առաջանալ նաև օդատար ուղիների մեջ ջուր մտնելու կամ գլուխը ջրի մեջ սուզելու դեպքում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին