Ռեցեպտորները (ընկալիչները) մասնագիտացված զգայական գոյացություններն են, որոնք, ընկալելով արտաքին ու ներքին միջավայրերի ազդեցության որոշակի փոփոխությունները, էներգիայի տարբեր տեսակները փոխարկում են կենսաէլեկտրական ներուժի (պոտենցիալ): Ընկալիչները տարբերվում են կառուցվածքով և գործառույթով: Տեսողական և լսողական անալիզատորների ծայրային բաժինները որպես ընկալիչներ ունեն ամենաբարդ կառուցվածքը: Համեմատաբար պարզ կազմություն ունեն ցավի ընկալիչներ հանդիսացող ծայրամասային նյարդերի վերջավորությունները: Ըստ բնույթի և տեղակայման` տարբերում են մակերեսային, խորանիստ և ընդերային զգացողությունների ընկալիչներ: Մակերեսային են մեխանոռեցեպտորները (հպում, ճնշում), թերմոռեցեպտորները (սառը, տաքը) և մաշկային ծածկույթում մեծ քանակով սփռված նյարդային ազատ վերջավորությունները (ցավ): Խորանիստ զգացողության ընկալիչները տեղակայվում են մկաններում, ջլերում, ջլաբունոցներում, կապաններում, հոդերում: Ընդերային զգացողության ընկալիչներ գտնվում են ներքին օրգաններում և անոթների պատերում և պատկանում են վեգետատիվ նյարդային համակարգին: Ընկալիչներում ձևավորված նյարդային ազդակները (իմպուլս) աֆերենտ նյարդաթելերով ուղղվում են դեպի կենտրոնական նյարդային համակարգ, որտեղ հաղորդչական ուղիներով հաղորդվում են որոշակի ուղղություններով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին