ՔունՔունը պարբերաբար առաջացող վիճակ է, որի ընթացքում ստեղծվում են օրգանիզմի (հատկապես՝ կենտրոնական նյարդային համակարգի) աշխատունակությունը վերականգնելու համար ամենանպաստավոր պայմանները: Ժամանակակից պատկերացումների համաձայն՝ քունը ոչ միայն հանգիստ է, այլև օրվա ընթացքում ստացած տեղեկությունների վերամշակման յուրօրինակ աշխատանք:

Մարդու կյանքի 1/3-ն անցնում է քնած վիճակում: Քնի ժամանակ շնչառական շարժումները և սրտի կծկումները դանդաղում են, նկատվում է մկանային լարվածության, զգացողության բոլոր տեսակների (տեսողություն, լսողություն, հոտառություն, համ և շոշափում) խիստ թուլացում: Անպայման և պայմանական ռեֆլեքսներն արգելակվում են:Պակասում է հյուսվածքների արյունամատակարարումը, ինչն ուղեկցվում է նյութափոխանակության ուժգնության նվազմամբ (8–10 %-ով) և ջերմաստիճանի իջեցմամբ: Սակայն նյարդային համակարգը շարունակում է աշխատել: Օրինակ` կան մարդիկ,  ովքեր վայրկենապես արթնանում են, երբ, նույնիսկ, միայն տալիս են նրանց անունը, թեև խորը քնած են մնում ցանկացած ուժեղ աղմուկի դեպքում:
Քնի ժամանակ գլխուղեղի աշխատանքը չի ընդհատվում, այդ է վկայում նրա կենսաէլեկտրական ակտիվության պահպանումը:

Գլխուղեղի կենսապոտենցիալների գրանցված պատկերը՝ էլեկտրաուղեղագիրը (ԷՈՒԳ), ունի ֆիզիոլոգիական տարբեր վիճակների համապատասխանող բնորոշ տեսք: Գիշերային քնի ժամանակ նկատվում են կենսապոտենցիալների տատանումների հաճախության մի քանի (4–5) բարձրացումներ և իջեցումներ: ԷՈՒԳ-ի օգնությամբ հայտնաբերվել է քնի 2 տեսակ` հանգիստ, դանդաղ (օրթոդոքսային) քուն՝ առանց երազատեսության, և ակտիվ, արագ (պարադոքսային) քուն՝ երազատեսությամբ: Դանդաղ քնին բնորոշ են շնչառության և սրտի աշխատանքի հաճախության նվազումը, աչքերի շարժումների դանդաղումը: Արագ քնի ժամանակ այդ ցուցանիշները սովորաբար հաճախանում են: Արագ քունն ավելի խորն է դանդաղի համեմատ (քնած մարդուն արթնացնելը դժվար է, մկանները չափից ավելի են թուլացած), բայց և ավելի մակերեսային է, եթե դատենք ըստ ԷՈՒԳ-ի, շնչառության, անոթազարկի փոփոխությունների, փակ կոպերի տակ աչքերի արագ շարժումների:

Դրա համար արագ քունն անվանում են պարադոքսային: Արագ քնի ընթացքում մարդը երազներ է տեսնում: Երազները   գիտակցության մեջ ստեղծված վառ պատկերներ են: Երազներում կարող են տեղի ունենալ տարօրինակ, վառ իրադարձություններ, որոնք մշտապես հիացրել կամ սարսափեցրել են մարդկանց: Գիտնականներն առաջարկել են երազատեսության մի քանի վարկածներ, սակայն առայժմ համընդհանուր տեսություն մշակված չէ: Երազատեսության տարատեսակներից է մղձավանջը: Այն հաճախ տեսնում են երեխաները՝ հասունացման որոշակի շրջանում, իսկ հասուն տարիքում լինում է ոչ հաճախ: Դանդաղ քունը սովորաբար զբաղեցնում է գիշերային քնի տևողության 75–80 %-ը, արագը՝ 20–25 %-ը: Դրանց փոխհաջորդումը բնորոշ է առողջ մարդկանց. նման դեպքում մարդն իրեն զգում է լրիվ հանգիստ և առույգ: Արագ և դանդաղ քնի տևողության շեղումները, դանդաղ քնի ժամանակ հաճախակի արթնացումները հանգեցնում են մարդու նյարդային համակարգի խանգարումների, ազդում նրա հոգեկան, հուզական վիճակների և ուշադրության վրա: Քնի առավել հաճախակի խանգարումներից են քնկոտությունը և անքնությունը: Բնականոն քունը տևում է 6,5 ժամից ոչ պակաս:
Տես նաև Կենդանիների ձմեռում: Հիպնոսի սեանսի ընթացքում մարդն ընկղմվում է խոր քնի մեջ, սակայն այդ երևույթի մեխանիզմները դեռևս ամբողջովին պարզված չեն: Հիպնոսային ներշնչման ժամանակ կարելի է մարդուն ստիպել մոռացածը հիշելու, հնարավոր է հաղթահարել անիմաստ վախերը (ֆոբիաներ) և բուժել վնասակար սովորությունները (օրինակ՝ ծխելը):

Երազները ոգևորել են շատ արվեստագետների (նկարիչներ, կինոռեժիսորներ), ովքեր դրանք օգտագործել են իրենց ստեղծագործություններում: Սովորաբար մարդիկ քնում են գիշերը, արթնանում` ցերեկը: Որոշ կենդանիներ, ընդհակառակը, քնում են ցերեկը, գործունյա են գիշերը: Սակայն նշված ընդհանուր օրինաչափությունները երբեմն ոչ բոլոր մարդկանց են բնորոշ, օրինակ՝ այսպես կոչված «արտույտները» եռանդով աշխատում են օրվա առաջին կեսին, երեկոյան դառնում են քնկոտ, շուտ են պառկում քնելու, բայց վաղ առավոտյան արթնանալով՝ իրենց զգում են առույգ ու աշխատունակ: Իսկ «բվերը» քնում են ուշ, առավոտյան դժվար են արթնանում և առույգանում են օրվա 2-րդ կեսին, իսկ մի մասը՝ ուշ երեկոյան կամ նույնիսկ գիշերը: Հետևաբար, յուրաքանչյուր մարդ պետք է իմանա իր աշխատունակության անհատական ռիթմը և ըստ այդմ կարգավորի քնի ռեժիմը:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին