Իրականության ճանաչումը չի սահմանափակվում սոսկ երևույթների և առարկաների արտաքին հատկությունների ընկալմամբ, նրանց ներքին և թաքնված կապերի ու հատկությունների բացատրմամբ, դրանց մտապահմամբ ու հետագա վերարտադրմամբ։ Այդ պրոցեսի հաջորդ փուլի իմաստն ու նպատակն այն է, որ այդ ամենի հանդեպ ցուցաբերվում է սուբյեկտիվ վերաբերմունք։ Հոգեկան այդ պրոցեսը, որն արտահայտում է մարդու սուբյեկտիվ վերաբերմունքը իրականության և սեփական «ես»-ի հանդեպ, կոչվում է հույզ (էմոցիա)։ Հույզերն այն հաճելի կամ տհաճ զգացումներն են, որ առաջանում են յուրաքանչյուրիս մոտ շրջակա միջավայրը ճանաչելու, ինքնաճանաչելու, որևէ գործունեություն ծավալելու, միջանձնային կապեր կամ հարաբերություններ հաստատելու ընթացքում կամ արդյունքում։

Հույզերի կենսաբանական, հոգեֆիզիոլոգիական և սոցիալական իմաստը դրանց՝ օրգանիզմի վրա մոբիլիզացնող և կազմակերպող (կազմավորող) ազդեցության մեջ է, որի նպատակը միջավայրում հարմարվելն է։ Ընդունված է տարբերակել բուն հույզեր (հույզեր՝ բառի նեղ իմաստով) և զգացմունքներ։ Առաջիններն արտահայտում են անձի սուբյեկտիվ ապրումները, որոնք պայմանավորված են բնազդային հակումների և պահանջների բավարարմամբ, այսինքն՝ սննդի, ջրի, սեռական հակումների, ինքնապաշտպանման բնազդի պահանջներով պայմանավորված։

Զգացմունքները պայմանավորված են այն պահանջներով, որոնք առաջանում են մարդու զարգացման ընթացքում և պայմանավորված են միջանձնային հարաբերություններով ու շփումներով։ Այլ կերպ ասած՝ սրանք «մարդկայնացված» հույզերն են։ Այս շարքին են դասվում բարոյաէթիկական, էսթետիկական և ինտելեկտուալ հակումները՝ սերը, հարգանքը, պատիվը, բարեկամությունը, կարեկցանքը, համակրանքը և այլն։ Զգացմունքները որոշիչ ազդեցություն ունեն հույզերի և մարդու վարքի վրա ամբողջությամբ։ Մարդու հիմնարար հույզերից են հուզմունքը, ուրախությունը, զարմանքը, վիշտը, զայրույթը, զզվանքը, արհամարանքը, վախը, ամոթը և մեղքը։ Մնացած հույզերը բխում են այդ տասը ձևերից։

Հույզերը բնութագրվում են մի շարք հատկություններով՝ որակ, բովանդակություն, ուղղվածություն, տևողություն արտահայտվածություն, կայունություն։ Այս հատկությունների հիման վրա հույզերը բաժանվում են հետևյալ ձևերի՝

  • Տրամադրությունը տևական, կայուն և հավասարակշռված հուզական վիճակ է, որը երանգավորում է մարդու առանձին հոգեկան պրոցեսներն ու վարքը։
  • Կիրքը տևական, ընդգծված, կայուն հուզական վիճակ է, որն ուղղված է և կենտրոնացած որևէ օբյեկտի կամ գործունեության վրա։
  • Աֆեկտը կարճատև արտահայտված ոչ կայուն հուզական վիճակ է, որն ամբողջովին և արագ կլանում է մարդուն։ Այն արտահայտվում է զայրույթով, հիացմունքով, հիասթափությամբ, ահով։

Մարդու հուզականությունը կարող է դրսևորվել հուզական վիճակներով և հուզական հակազդումներով։

  •  Հուզական վիճակը, ունենալով սոմատիկ և հոգեկան դրսևորումներ, միջանկյալ տեղ է գրավում դրանց միջև և կապող օղակ է սոմատոփսիխիկ և փսիխոսոմատիկ փոխհարաբերություններում և գործընթացներում։ Հուզական վիճակը մարդու սոմատոփսիխիկ տոնուսով պայմանավորված հոգեվիճակն է։
  •  Հուզական հակազդումը որևէ ազդեցության վրա առաջացող անմիջական սուբյեկտիվ պատասխանն է։

Իրենց սուբյեկտիվ երանգավորմամբ, հույզերն ու զգացմունքները լինում են`

  • Դրական (հաճելի)  - հույզերի ու զգացմունքների սուբյեկտիվ երանգավորմամբ տարատեսակ:
  • Բացասական (տհաճ) - հույզերի ու զգացմունքների սուբյեկտիվ երանգավորմամբ տարատեսակ:

Գործունեության վրա ազդեցության տեսակետից տարբերում ենք`

  • Սթենիկ (մոբիլիզացնող) - գործունեության վրա ազդեցության հույզերի տարատեսակ
  • Ասթենիկ (քայքայիչ, ճնշող) հույզեր - գործունեության վրա ազդեցության հույզերի տարատեսակ:

Ըստ առաջացման մեխանիզմների, դրանք լինում են`

  • Ռեակտիվ՝ որպես հակազդում որևէ գիտակցված անբարենպաստ հանգամանքի,
  • Վիտալ, որն առաջանում է ներքին պատճառներով՝ գլխուղեղի համապատասխան գոտիների ախտահարման հետևանքով։


 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին