ՀարվահանագեղձՀարվահանագեղձերը կարգավորում են կալցիումի մետաբոլիզմը: Այն արտադրում է սպիտակուցային հորմոն՝ պարաթիրին, որը ազդում է ոսկրային հյուսվածքի վրա: Օրգանիզմում կալցիումի կուտակման դեպքում կալցիումը դառնում է իոն, որն էլ անցնում է արյան մեջ, և ավելանում է նրա քանակը (հիպերկալցիեմիկ ազդեցություն), իսկ ոսկրերում տեղի է ունենում մասնակի հակահանքայնացում: Հետևաբար, պարաթիրինը և վահանագեղձի պարաֆոլիկուլյար բջիջների կալցիտոնինը, որը ունի հիպոկալցիեմիկ ազդեցություն, հակազդող զույգ են, և նրանց փոխազդեցությունը ապահովում է կալցիումի հաստատուն մակարդակը արյան մեջ (օրգանիզմի կալցիումային հոմեոստազ): Հարվահանագեղձերը սաղմնադրվում են որպես կոկորդային աղիքի 3–րդ և 4–րդ խռիկային գրպանների էպիթելի արտափքում: Վերջիններս բաժանվում են, և դրանցից յուրաքանչյուրը զարգանում է որպես առանձին հարվահանագեղձ, որը մնում է ինքնուրույն, չնայած նրանց մի մասը սաղմնային զարգացման հետագա ընթացքում մտնում է վահանագեղձի մեջ:

Յուրաքանչյուր հարվահանագեղձ շրջապատված է բարակ շարակցահյուսվածքային թաղանթով: Նրա պարենքիման կազմված է խտրոցներից՝ էպիթելային ձգաններից կամ էպիթելային ներզատիչ բջիջների կուտակումներից՝ պարաթիրոցիտներից (endocrinocytus parathyroideus), որոնք բաժանվում են փուխր շարակցական հյուսվածքի բարակ միջնաշերտերով՝ բազմաթիվ մազանոթներով: Չնայած որ պարաթիրոցիտների միջև լավ են զարգացած միջբջջային ճեղքերը՝ հարևան բջիջները կապված են ինտերդիգիտացիաներով և դեսմոսոմներով: Տարբերում են գլխավոր (endocrinocytus principalis) և օքսիֆիլ պարաթիրոցիտներ (endocrinocytus oxiphilicus): Գլխավոր պարաթիրոցիտներում ցիտոպլազման բազոֆիլ է, նրա ծայրամասային գոտիներում ցրված են ազատ ռիբոսոմների (պոլիսոմների) կուտակումներ, որոնք սպիտակուցային սինթեզի ուժգնության արդյունք են: Գոլջիի կոմպլեքսը լավ է զարգացած, տափակ պարկիկներով և բազմաթիվ բշտիկներով է: Նրանցում ձևավորվում են 150–200 նմ տրամագծով հատիկներ: Միտոքոնդրիումները շատ են, ունեն երկարավուն ձև՝ լավ զարգացած միջաձիգ կատարներով: Հարվահանագեղձի արտազատիչ ակտիվության ուժեղացման դեպքում գլխավոր բջիջների ծավալը մեծանում է: Գլխավոր պարաթիրոցիտները լինում են լուսավոր (endocrinocytus principalis lucidus) և մութ (endocrinocytus principalis densus): Լուսավոր բջիջների ցիտոպլազմայում կան գլիկոգենի ներառուկներ: Օքսիֆիլ (ացիդոֆիլ) պարաթիրոցիտներում առանձնապես շատ են միտոքոնդրիումները: Բջիջների թվարկված ձևերը ոչ թե պարաթիրոցիտների ինքնուրույն տարատեսակներ են, այլ միայն վերջիններիս տարիքային կամ ֆունկցիոնալ վիճակներ: Հարվահանագեղձերի արտազատիչ ակտիվության վրա հիպոֆիզար հորմոնը չի ազդում: Հարվահանագեղձը հակադարձ կապի սկզբունքով արագ պատասխանում է արյան մեջ կալցիումի մակարդակի փոքրագույն տատանմանը: Նրա գործունեությունը ուժեղանում է հիպոկալցիեմիայի և թուլանում հիպերկալցիեմիայի դեպքում: Պարաթիրոցիտները հարուստ են ընկալիչներով, որոնք ընկալում են կալցիումի իոններից եկող անմիջական ազդեցությունները:

Անոթավորումը: Հարվահանագեղձերի անոթները ունեն բարակ պատեր: Զարկերակները բաժանվում են բազմաթիվ մազանոթների, երակները բերանակցումներ չեն առաջացնում՝ գոյացնելով օղակաձև ցանց: Դրանք փոսաձև լայնանում են և հավաքվում ենթապատիճային հյուսակներում, որոնք հաղորդակցվում են վահանաձև գեղձի երակների հետ:
Նյարդավորումը: Հարվահանագեղձերը ունեն ուժեղ սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդավորում: Միելինազուրկ թելերը ավարտվում են պարաթիրոցիտների միջև տերմինալներով՝ կոճակների կամ օղակների ձևով: Օքսիֆիլ բջիջների շուրջը նյարդային տերմինալները ընդունում են զամբյուղիկների տեսք: Կան նաև պատիճավոր ընկալիչներ: Եկող նյարդային գրգիռները ունեն անոթաշարժ արդյունք:
Տարիքային փոփոխությունները: Նորածինների և փոքր տարիքի երեխաների հարվահանագեղձերի պարենքիմայում կան միայն գլխավոր բջիջներ: Օքսիֆիլ բջիջները հայտնվում են ոչ շուտ, քան 5–7 տարեկանում, և դրանց քանակը արագ աճում է: 20–25 տարուց հետո աստիճանաբար ադիպոցիտների քանակը ավելանում է: Ծերունական տարիքում երակիկները օղաձև ոլորվում են:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին