ՖիզիոլոգիաՖիզիոլոգիան փորձարարական գիտություն է։ Նրա հիմնադիրը անգլիացի բժիշկ Ուիլյամ Հարվելն է, որն առաջին անգամ 1626թ., օգտագործելով կենդանահատման մեթոդը, հայտնաբերեց արյան շրջանառության մեծ շրջանը։

էնգելսի խոսքերով՝ Հարվեյի արյան շրջանառության հայտնաբերումով հիմնադրվեց ֆիզիոլոգիան որպես գիտություն։ Այդ հայտնագործությունից հետո հաջորդ երկու հարյուրամյակների ընթացքում, կապված ֆունկցիաների ուսումնասիրման համապատասխան մեթոդական հնարքների բացակայության, ինչպես նաև գիտության և հասարակական տնտեսական հարաբերությունների զարգացման անբավարար մակարդակի հետ, ֆիզիոլոգիայի զարգացումն ընթանում էր շատ դանդաղ։

Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել այդ ժամանակի ուշադրության արժանի հայտնագործությունների մի ամբողջ շարք, որոնք ֆիզիոլոգիային, ընդհանրապես, բնագիտության առաջընթացի համար ունեցան հիմնարար նշանակություն։ Դրանց են պատկանում մազանոթների հայտնագործումը (Մալպիզի), նյարդային համակարգի ռեֆլեքսային գործունեության սկզբունքի առաջադրումը (Դե՛ կարտ), թթվածնի (Պրիստլի) և ֆիզիկական այրման ու գազափոխանակության նմանության հայտնադործումը (Լավուազիե), կենդանի օրգանիզմում էլեկտրական երևույթների բացահայտումը (Գալվաեի) և այլն։

Գիտության առաջընթացը կապված է փորձարարական տեխնիկայի, ուսումնասիրման մեթոդների, ինչպես նաև ֆիզիոլոգիական երևույթների ուսումնասիրման մեթոդաբանական մոտեցումների նկատմամբ հետազոտողների մտածելակերպի զարգացման հետ։ Այդպես է նաև ֆիզիոլոգիայում։

Սկզբում ֆիզիոլոգիայի հիմնական մեթոդը օրգանիզմի գործունեության պարզ դիտարկման մեթոդն էր։ Սակայն այդ մեթոդը հնարավորություն չէր տալիս հետազոտել առանձին օրգանների ֆունկցիան, և այդ պատճառով նրան փոխարինեց փորձարարական մեթոդը, որը լինում է սուր և քրոնիկ։

Սուր (կամ կենդանահատման) մեթոդի դեպքում հետազոտողը վիրահատական ճանապարհով մատչելի է դարձնում ուսումնասիրվող օրգանը և զանազան մեթոդական հնարքներով (օրգանի գործունեության դիտարկում, գրանցում և այլն) կարծիք կազմում նրա ֆունկցիայի մասին։ Դա հետազոտման արյունալի մեթոդ է և, որպես կանոն, դրա կիրառումից հետո կենդանին մահանում է։ Սուր մեթոդի մյուս կարևոր թերությունը օրգանի գործունեության հետազոտումն է արյան կորստի, անշարժացման, ցավային ազդեցությունների պայմաններում։ Դրանք բոլորը խախտում են ֆիզիոլոգիական պրոցեսների բնականոնությունը, և ստացված տվյալները չեն արտացոլում օրգանի հետազոտվող ֆունկցիաների բնական ընթացքը՝ այլ օրգանների և ամբողջական օրգանիզմի աշխատանքի հետ փոխկապակցված։ Դրա հետևանքով այդ մեթոդը համարում են վերլուծական։

Սուր վերլուծական մեթոդին փոխարինելու եկավ քրոնիկ (համադրական) մեթոդը։ Այդ դեպքում անզգայացված կենդանու վրա կատարվում է համապատասխան գործողությունը (խուղակի տեղադրում, ուղեղի մեջ էլեկտրոդների ներաճեցում. օրգանի վրա տվիչի տեղադրում), հետո վերականգնվում է վնասված հյուսվածքների ամբողջականությունը և որոշ ժամանակ անց՝ կենդանու լրիվ ապաքինումից հետո, բնական պայմաններում գրանցվում և գնահատվում է օրգանի գործունեությունը։

Ֆիզիոլոգիայում կուտակված փաստերի մեծամասնությունը ստացված է նկարագրված մեթոդական մոտեցումների միջոցով։ Ներկայումս այս հետազոտման մեթոդների շրջանակներում մշակված և փորձում ու կլինիկայում լայնորեն կիրառվում են ֆունկցիոնսդ ախտորոշման, քիմիական վերլուծության, էլեկտրական գրգռման, տարբեր օրգանների մեխանիկական, ձայնային,     էլեկտրական     գործընթացների գրանցման, օրգանների և կարևորագույն համակարգերի ֆունկցիոնալ վիճակի հեռակառավարման, գրանցման վերլուծության, թաղանթային պրոցեսների գրանցման, ֆունկցիաների մաթեմատիկական մոդելավորման և այլ մեթոդներ։

Ֆիզիոլոգիայի և, համապատասխանաբար, հետազոտության մեթոդական հնարների հետագա զարգացման առանձնահատկությունը կլինի ֆունկցիաների և, մանավանդ, նյարդային համակարգի ֆունկցիայի ապահովման թաղանթային, ներբջջային և համակարգային մեխանիզմների գործունեության գնահատման նոր մեթոդների մշակումը։

Այսպիսով, կասկածից դուրս է, որ մինչև այժմ ֆիզիոլոգիայի կուտակած հսկայական փաստանյութը, ինչպես նաև հետազոտությունների մեթոդական ապահովվածության ձեռք բերված բարձր մակարդակը, հիմք կծառայեն 21-րդ դարի ֆիզիոլոգիայի՝ օրգանիզմի գործունեության, և որն անվիճելի է, մարդկային ուղեղի գաղտնիքների, բջջային և համակարգային մեխանիզմների իմացության մեջ ներթափանցելու համար։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին