ԷոզինոֆիլներԿազմում են լեյկոցիտների 1-5%-ը։ էոզինոֆիլներն իրականացնում են մի շարք պաշտպանական ֆունկցիաներ հակահելմինթային, սեփական և օտարածին կենսաբանական ակտիվ նյութերի վնասազերծման, ալերգիկ ռեակցիաների կարգավորման։ Նրանց ցիտոպլազման պարունակում է երկու տիպի էոզինոֆիլ հատիկներ խոշոր և.մանր։ Խոշոր հատիկները պարունակում են յուրահատուկ սպիտակուցներ, որոնք չեզոքացնում են մի շարք կենսաբանական ակտիվ նյութեր` հեպարին, բորբոքման միջնորդանյութեր, ռիբոնուկլեազներ,  D ֆոսֆորիլազա:Վերջինս ինակտիվացնում է բազոֆիլների արտադրած "թրոմբոցիտներն ակտիվացնող գործոնը"։ Մանր հատիկները պարունակում են մեկ այլ ֆերմենտ, որը չեզոքացնում է բազոֆիլների արտադրած "անաֆիլաքսիայի դանդաղ հակազդող նյութը": էոզինոֆիլները սինթեզում են նաև հիստամինազա ֆերմենտը։ Ինչպես նշվեց, քեմոտաքսիսի ճանապարհով հասնելով բազոֆիլների և պարարտ բջիջների կուտակման վայրը, էոզինոֆիլները կլանում են նրանց հատիկները, հիստամինազայով քայքայում հատիկների մեջ գտնվող հիստամինը և փոքրացնում այդ հզոր անոթալայնիչ նյութի խտությունը։

Այսպիսով ֆունկցիոնալ իմաստով էոզինոֆիլները բազոֆիլների անտագոնիստներն են։ Քեմոտաքսիսի շնորհիվ էոզինոֆիլները մի շարք մակաբույծ որդերի նկատմամբ իրագործում են նաև իրենց հակահելմինթային ֆունկցիան։ Նրանք ֆիքսվում են, օրինակ, շիստոսոմուլի վրա, սեփական հատիկների պարունակությամբ քայքայում մակաբույծի ծածկող հյուսվածքները, թափանցում հյուսվածքների մեջ և ոչնչացնում նրան (շիստոզոմատոզը տարածված է արևադարձային երկրներում)։ Ալերգիկ ռեակցիաների ժամանակ էոզինոֆիլները կուտակվում են ալերգիայի ենթակա օրգաններում (բրոնխիալ ասթմայի ժամանակ՝ օրինակ, շուրջբրոնխային հյուսվածքներում) և քայքայում ալերգիային նպաստող գործոնները։ Մարդկանց էոզինոֆիլները ավելի շատ կուտակվում են արտաքին միջավայրի հետ շփվող օրգաններում (մաշկ, թոքեր, մարսողական և միզասեռական օրգաններ)։ Արյան էոզինոֆիլների քանակի ավելացումը կոչվում է էոզինոֆիլիա: Այն վկայում է մակաբույծ որդերի կամ ալերգիական ռեակցիաների առկայության մասին։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին