Եղունգը իրենից ներկայացնում է եղջերային թիթեղ: Եղնգային թիթեղը կազմված է մարմնից և արմատից: Եղունգի մարմինը մեզ տեսանելի հատվածն է: Եղունգը պառկած է եղնգահունում, որը իրենից ներկայացնում է էպիդերմիսի հաստ շերտ, բայց այստեղ եղջերային շերտը բացակայում է, այն փոխարինված է եղնգային թիթեղով:
Եղունգում տարբերում են հետևյալ եզրերը.

1.Դիստալ կամ ազատ եզր
2.Լատերալ կամ կողմնային եզրեր, որոնք 2 են
3.Պրոքսիմալ եզր

Ետևից և կողքերից եղունգային թիթեղը ծածկված է մաշկի ծալքերով` եղնգային գլանիկներով: Եղունգի պրոքսիմալ եզրի գլանիկի մաշկի էպիդերմիսի եղջերային շերտը գտնվում է եղնգային թիթեղի վրա և ամրացած է եղնգային թիթեղին: Այս հատվածը կոչվում է էպօնիխիա: Եղնգահունի էպիթելային այն մասը ,որի վրա պառկում է եղունգի արմատը` կոչվում է եղնգաբուն (matrix unguis): Եղնգաբնում կան օնիխոբլաստներ: Օնիխոբլաստների շնորհիվ եղունգը աճում է երկարությամբ, իսկ բազալ բջիջների շնորհիվ` հաստությամբ: Եղունգը արտաքինից հարթ է, բայց ներսային մակերեսին առկա են ելուններ, որոնց շնորհիվ եղունգը ամուր ամրացած է եղնգահունին: Թեև եղունգների ընդհանուր քաշը կազմում է ընդամենը 3 գ, դրանք մեր արտաքինի կարևոր և շատ խոսուն մասն են: Պետք է միայն սովորել հասկանալ տարբեր խալերի, փոսիկների ու գծերի տակ թաքնված ինֆորմացիան:

Եղունգների դիետա
Առհասարակ, առողջ եղունգը լինում է ամուր, առաձգական, հարթ, փայլուն, վարդագույն ու թափանցիկ: Ինչևէ, եթե քո կամ հարազատներիդ եղունգները հեռու են իդեալական լինելուց, չարժե ժամանակից շուտ մտահոգվել տարբեր տեսակի լուրջ հիվանդությունների վերաբերյալ: Գուցե պատճառը պարզապես սխալ սննդակարգն է. չափից շատ քաղցրի գործածումն ու անհրաժեշտ ճարպեր ու սպիտակուցներ չստանալը: Սխալ կամ սահմանափակ սննդակարգը զրկում է եղունգները նախևառաջ օգտակար ամինաթթուներից, որոնցից կազմված է շատ կարևոր կերատին սպիտակուցը, ինչպես նաև այնպիսի պնդացնող տարրերից` ինչպես քրոմը, կալցիումը, ֆոսֆորը, սելենը, ցինկը, երկաթը, սիլիցիումն ու ծծումբը: Վերջինս առավել կարևոր է. նրա ատոմները ձևավորում են բազմաթիվ կապեր կերատինային մոլեկուլների միջև`ամրացնելով եղունգները և խոչընդոտելով կոտրվածքներին ու շերտավորմանը: Ժառանգական գործոնի ազդեցության տակ, մարդկանց մի մասի մոտ ծծումբը հավաքվում է ավելի արագ: Այս «հաջողակների» եղունգները շատ ամուր են ու երբեք չեն կոտրվում: Եթե դու նրանց թվում չես, սկսիր հատուկ դիետա: Օրինակ` եղունգների համար շատ կարևոր են ձվածեղն ու հավով ապուրը. այս կերակուրների մեջ կա բավարար քանակությամբ ծծումբ պարունակող ցիստեին ամինաթթու և B խմբի բիոտին վիտամին, ինչպես նաև ճարպ և ջուր, որոնցից բաղկացած են կերատինային շերտերի միջև ընկած` եղունգներին փայլ ու առաձգականություն հաղորդող բարակ ենթաշերտերը: Շաբաթվա մեջ եղունգները երկարում են մոտ 1 մմ: Ի դեպ, ամենից արագ աճում է աջ ձեռքի միջնամատի եղունգը. ձախ ձեռքի վրա այն, անհայտ պատճառներով, ավելի դանդաղ է աճում: Եղունգների ամրապնդման համար շատ կարևոր է սննդի մեջ օգտագործել պանիր, կաթնաշոռ, յոգուրտներ, ժելե, միս (հիմնականում` հավ և հնդկահավ), ձկնեղեն, ծովամթերք, մրգեր և բանջարեղեն, ձավարեղեն, չմշակված բրինձ, ընկույզներ, արևածաղկի և դդմի սերմ: Եթե օրվա ընթացքում բավարար քանակությամբ հեղուկ չես ստանում, կարող են առաջանալ խնդիրներ.խմիր շատ կանաչ թեյ և հանքային ջուր: Ամենակարևորը` զինվիր համբերությամբ: Եղունգի շերտը թարմացվում է 3-6 ամսվա ընթացքում և միայն այդ ժամանակահատվածից հետո կարելի է գնահատել տեղի ունեցած փոփոխությունները:

Թաքնված նշաններ
Չինացի բուժարարները հին ժամանակներում ըստ եղունգների տեսքի` հստակ աշխտորոշումներ են արել: Եթե եղունգի վրա մշտապես նույն տեղում հայտվում է միևնույն նշանը, կամ այն կոտրվում ու շերտավորվում է միշտ նույն մասից, ապա դա ոչ թե զուգադիպություն է, այլ հուշում, որ անում է մեզ կոնկրոտ հիվանդության դեմ պայքարող մեր օրգանիզմը: Բթամատի վրա հայտնված նշանները խոսում են շնչառական համակարգի խնդիրների մասին, ցուցամատի վրայի նշանները` հաստաղիքի, միջնամատի նշանները` արյան շրջանառության, մատնեմատի նշանները` նյարդային ու էնդոկրինային համակարգի, ճկույթի նշանները` բարակ աղիքի և սրտանոթային համակարգի հիվանդությունների մասին: Հետաքրքիրն այն է, որ նման զգուշացնող նշանները հայտնվում են ինքնազգացողության վատթարացումից և առաջին ախտանշանների հայտնվելուց շատ առաջ: Ընդհանուր առմամբ, ըստ եղուգների վիճակի, կարելի է ախտորոշել մոտ 20 լուրջ հիվանդություն: Ի դեպ, պտղի մոտ եղունգները հասնում են մատի ծայրին միայն հղիության վերջում, որովհետև եղունգի երկարությունը պտղի վերջնական զարգացման անուղղակի նշանն է: Անշուշտ, նման «թաքնված» նշանների առկայության դեպքում արժե խորհրդակցել բժշկի հետ: Սակայն ժամանակից շուտ հուսահատության մեջ մի ընկիր. եղունգների վրա հայտնված նշանները կարող են պարզապես սխալ խնամքի արդյունք լինել: Քննարկենք հավանական նշաններից մի քանիսը.

Երկայնական փոսվածքներ: Սրանք կարող են վկայել ստամոքսի, աղիքների, լյարդի և նյութափոխության այլ օրգանների խանգարումների մասին: Մինչդեռ, շատ հաճախ սա բուսակերության արդյունք է, երբ օրգանիզմը տառապում է ցինկի պակասից: Դա լրացնելու համար ընդունիր համապատասխան վիտամինային կոմպլեքսներ և օրական առնվազն մեկ բուռ դդմի սերմ օգտագործիր:

Լայնակի փոսվածքներ: Չի բացառվում, որ այս դեպքում խոսքը գնում է ձգձգվող բորբոքային պրոցեսների մասին, սկսած կարիեսից և հայմորիտից, մինչև խոլեցիստիտ և պիելոնևֆրիտ: Ամեն դեպքում, հիվանդությունների այս «փունջը» փնտրելուց առաջ ավելի զգույշ և ուշադիր եղիր կուտիկուլաների հեռացման ժամանակ. չափից ուժեղ եղունգը սեղմելու դեպքում այն կարելի է դեֆորմացնել: Ոչ բոլոր խնդիրներն են ուղղակիորեն կապված որևէ լուրջ հիվանդության հետ, օրինակ` եղունգները կարող են շերտավորվել ոչ թե կոնկրետ հիվանդության, այլ համակարգչի առջև երկար աշխատելու և ստեղնաշարին հարվածելով` եղունգները վնասելու պատճառով:

Ելունդներ: Այս նշանները կապված են վատ նյութափոխանակության և շաքարախտի հետ: Իրավիճակը կարելի է փրկել. սահմանափակիր քաղցրի ու յուղոտ ուտելիքների քանակը, և ամեն ինչ կկարգավորվի:

Կետային փոսեր: Սրանց պատճառով եղունգը մատնոցի է նմանվում: Նման նշանների առկայությունը կապում են փսորիազի հետ: Մինչդեռ շատ հնարավոր է, որ դու ինքդ ես վնասել եղունգներդ` ասեղնագործության ժամանակ:

Դեղին խորշիկներ: Այս երանգը կապում են լյարդի հիվանդությունների հետ, բայց շատ հաճախ դեղնությունը նիկոտինի արդյունք է ... Ասում են չէ` ծխելը վնասակա՛ր է:

Չափից դուրս ուռուցիկ եղունգներ: Սրանք վկայում են շնչառական ուղիների ու սրտի հետ ունեցած խնդիրների մասին: Իսկ եթե ուռուցիկ եղունգները նաև կապտավուն երանգ ունեն, ապա սրտանոթային հիվանդությունների առկայություննԵղունգ առհասարակ կասկած չի հարուցում:

Սփրթնած խորշիկներ: Առանձին վերցրած կամ սպիտակ լաքաների հետ մեկտեղ այս խորշիկները ավանդական բժշկության մեջ համարվում են լավ նշան, մինչդեռ դասական բժիշկներն այդ կարծիքին չեն: Դա տեղի է ունենում երկաթի, կալցիումի, ցինկի և սիլիցիումի պակասի արդյունքում և կարող է հանգեցնել անեմիայի և օստեոպորոզի, որի դեպքում փխրուն են դառնում ոչ միայն եղունգները, այլև` ոսկորները: Այս միկրոէլեմենտների պակասն օրգանիզմում միս և կաթնամթերք չօգտագործելու, ինչպես նաև մշտական դիետաների արդյունքն է` առողջության հաշվին կազմվածքը պահպանող մոդելների ու դերասանուհիների հավերժ խնդիրը: Օրգանիզմին անհրաժեշտ նյութերը սննդակարգում ընդգրկելով` կարելի է այս հարցը լուծել:

Բարձր փխրունություն: Սա վկայում է վահանաձև գեղձի խնդիրների, ձվարանների ֆունկցիայի և դաշտանային ցիկլի խանգարումների մասին: Բացի այդ, պատճառը կարող է լինել ընդամենը ցուրտ եղանակին ձեռնոց չկրելը. եղունգը ջրազրկվում է և ճաքճքում ջերմաստիճանի տատանումներից:

Երկարության հարցը: Ի՞նչ կարելի է ասել քո այն ծանոթների մասին, ովքեր չեն ազատվել եղունգները կրծելու մանկական սովորությունից.... Հեռու՛ մնա նրանցից: Այդպիսի մարդիկ հիմնականում լուրջ հոգեբանական խնդիրներ ու ներքին հակասություններ ունեն. կարող են անսպասելիորեն բռնկվել ու անկանխատեսելի վարք ցուցաբերել: Նրանց սովորությունը թմրամոլության պես մի բան է`ներքին լարվածությունը թուլացնելու միջոց, և դրանից ազատվելը շատ դժվար է: Եթե դու ինքդ էլ, ժամանակ առ ժամանակ, այդ կերպ ձգտում ես ազատվել սթրեսից, ապա փոխարենը փորձիր տրորել ծնոտի կենտրոնը ժամսլաքի ուղղությամբ. հանգստացնում է: Աշխատիր վնասակար սովորությունները փոխարինել օգտակար գործերով: Օրինակ` եղունգները կրծելու փոխարեն զբաղվիր ձեռքի աշխատանքով, ինչպես Ջենիֆեր Էնիստոնը: Նա կավից տարբեր խխունջներ ու պտուտակներ է պատրաստում, իսկ ոսկերիչները դրանց հիման վրա զարդեր են ստեղծում: Արդյունքում` Էնիստոնը Հոլիվուդում ամենաոճային զարդեր կրողներից մեկն է, իսկ նրա եղունգները` խնամված ու գեղեցիկ: 
Մեկ այլ ծայրահեղություն են վամպիր կնոջ ոճի` չափազանց երկար եղունգները, որոնք ենթագիտակցական վախ ու տագնապ են առաջացնում շրջապատող մարդկանց մոտ և ստիպում նրանց վերաբերվել քեզ կասկածանքով: Իզուր չէ, որ չափից երկար եղունգները բոլոր ազգերի մոտ դարեր ի վեր համարվել են սատանայության ու կախարդության նշան: Հասուն մարդկաց մոտ եղունգի միջին երկարությունը 1,5 սմ է: Ողջ կյանքի ընթացքում տղամարդիկ կտրում են միջինում 4 մ, իսկ կանայք` 4,5 մ եղունգ:

Պատմական փաստեր: Եղունգ կրծելը ոչ միայն ոչ էսթետիկ, այլև ոչ հիգիենիկ սովորություն է: Հրեաները հավատացած էին, որ գիշերները չար ուժերը պտտվում են մարդու շուրջը, իսկ լուսադեմին` խցանվում եղունգների տակ: Այդ պատճառով ընդունված էր արևի առաջին շողերի հետ լվանալ ձեռքերը` չդիպչելով դեմքին (որպեսզի պզուկներ և խալեր չառաջանան) և աչքերին ու ականջներին (չկուրանալու ու չխլանալու համար): Այս լեգենդն ավելի քան տրամաբանական է. ո՞վ գիտե, թե որքան մանրէներ կարող էին լինել հին ժամանակներում մարդկանց եղունգների տակ` հաշվի առնելով հակամանրէական օճառների ու սրահների բացակայությունը: Հիպոկրատն ասում էր մարդկանց, որ եղունգների տակ թաքնված են հիվանդությունների դևերը: Լինելով Ասկլեպիոս Աստծո քուրմը` նա «կախարդանքի» միջոցով դուրս էր մղում դևերին` այդ եղունգներն ապշահար հիվանդների աչքերի առաջ կտրելով: Հին ժամանակներում շատ հիվանդությունների բուժումն սկսվում էր հրապարակավ եղունգները կտրելուց: Ժամանակակից գիտնականները հաշվել են, որ թվացյալ մաքուր եղունգների տակ, կախված երկարությունից, կարող է թաքնված լինել հարյուր հազարից մինչև մեկ միլիոն մանրէ: Իրո՛ք որ, մտահոգության տեղիք է տալիս: Հին հռոմեացիները, ինչպես նաև հին հույները, համարում էին եղունգները չար ուժերի հանգրվան: Ուստի, դրանցից ազատվելու համար նրանք կտրում էին եղունգները և գիշերը, խեժի միջոցով, փակցնում դրանք հարևանի դռան վրա, որպեսզի հիվանդություններն ու չար ուժերը փոխանցվեին ուրիշներին: Քրսիտոնեության ընդունումից հետո նրանք սկսեցին կտրված եղունգները թաքցնել կաղնու բնում, քանի որ հավատացած էին, որ այս ամուր ծառը կարող է ընդդիմանալ չար ուժերին:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին