Ձվարաններ (ovarium). Իգական սեռական զույգ գեղձեր են : Ձվարանը ձվաձև, 3 սմ երկարությամբ, 2 սմ լայնությամբ և 1 սմ հաստությամբ օրգան է։ Ունի երկու ծայր, վերին՝ քիչ կլորացած ծայրը դարձած է դեպի արգանդային փողը և կոչվում է փողային ծայր (extremitas tubaria), և դրան հակադիր ստորին, ավելի սրածայր ծայրը՝ արգանդային ծայր (extremitas uterina), որը ձվարանի սեփական կապանով միանում է արգանդին (lig. ovarii proprium): Ձվարանի երկու երեսները (facies medialis et lateralis) իրարից բաժանված են եզրերով։ Հետին ազատ եզրը (margo liber) կոր է, իսկ մյուս՝ առաջային կամ միջընդերային եզրը (margo mesovaricus) ուղիղ է և որովայնամզի մի կարճ ծայրով կպչում է միջընդերքին։ Այս եզրը կոչվում է ձվարանի դրունք (hilus), որովհետև դրա միջով ձվարանի մեջ են մտնում անոթներն ու նյարդերը։

Իր դրսային երեսով ձվարանը հպվում է կոնքի կողմնային պատին, վերևից սահմանակից է զստային արտաքին անոթներին (vasa iliaca externa) և պսոաս մկանին, առջևից՝ jig. umbilicale laterale, իսկ հետևից՝ միզածորանին։
Ձվարանի երկայնաձիգ տրամագիծն ուղղագիծ է։ Միջային երեսը դարձած է դեպի կոնքի խոռոչ, բայց դրա մեծ մասը ծածկված է փողով, որը ձվարանի միջընդերքի եզրով բարձրանում է վեր և հասնելով փողային ծայրին, շրջվում է ու ձվարանի ազատ եզրով ուղղվում ցած։Ձվարանը արգանդի հետ կապված է իր սեփական կապանով (lig. ovarii proprium), որը կլոր ձգան է՝ պարփակված արգանդի լայն կապանի երկու թերթիկների միջև, և կազմված է գլխավորապես հարթ մկանաթելերից, որոնք շարունակվում են որպես արգանդի մկաններ։ Ձվարանի սեփական կապանը արգանդային ծայրից ձգվում է մինչև արգանդի կողմնային եզրը։ Ձվարանն ունի կարճ միջընդերք (mesovarium), որի միջոցով դրա առաջային եզրը կպչում է արգանդի լայն կապանի հետին թերթիկին։Ձվարանի վերին փողային ծայրին կպչում է ձվարանային ծոփը (fimbria ovarica), որը փողի որովայնային ծայրը շրջապատող ամենամեծ ծոփն է։ Այստեղ է կպչում նաև որովայնամզի եռանկյունաձև ծալքը ձվարանի կախակալ կապանը (lig. suspensorium ovarii), որը վերևից՝ կոնքի սահմանային գծից իջնում է ձվարանի վրա և իր մեջ պարփակում ձվարանային անոթներն ու նյարդերը։
Ձվարանում տարբերում են սաղմնային խորանարդաձև էպիթել, շարակցահյուսվածքային (սպիտակուցային) թաղանթ (tunica aibuginea), կեղևային (substantia corticalis) և ուղեղային (substantia medullaris) շերտեր:

Սպիտակուցային թաղանթը տեղակայված է մակերեսային էպիթելի տակ։ Կեղևային նյութը հպված է սպիտակուցային թաղանթին և պարունակում Է զարգացման տարբեր փուլերում գտնվող ֆոլիկուլներ (բշտիկներ), դեղին մարմնիկներ և սպիտակ բծեր։ Բշտիկների պարբերաբար հասունացման և պատռման հետևանքով, տարիքի հետ կապված, ձվարանի մակերեսը ծածկվում Է կնճիռներով և փոսություններով։
Ձվարանը ծածկված չէ որովայնամզով, որն այստեղ հետ է զարգացած, փոխարենը այն ծածկված է սաղմնային էպիթելով։ Դրա շնորհիվ գրաֆյան բշտի պատռվելուց հետո ձվաբջիջն ընկնում է ձվարանի մակերեսի վրա, ապա ձվատար փողի մեջ (ծլական էպիթելը նպաստում է նաև պատռված բշտիկի տեղում ձվարանի մակերեսի վերականգնմանը)։
Աջ ձվարանը սովորաբար ավելի մեծ է ձախից։
Ձվարանի հավելումներ՝ մակձվարան (epoophoron) և հարձվարան (paraovarum) կամ ռոզենմյուլլերյան օրգան, որոնք երկու ռուդիմենտար գոյացություններ են, պարփակված լայն կապանի թերթիկների մեջ։
Մակձվարանը (epoophoron) տեղավորված է արգանդափողին զուգահեռ, բարակ խողովակի ձևով, որից դուրս են գալիս 10-12 ավելի նեղ խողովակիկներ, որոնք ձգվում են ձվարանի դրունքի ուղղությամբ։
Հարձվարանը (paroophoron) epoophoron-ից տեղակայված է միջայնորեն, ձվարանի միջընդերքի ամրացման տեղից ցած, և կազմված է մի շարք կույր խողովակիկներից, որոնցից ոչ հազվադեպ զարգանում են կիստաներ։
Ձվարանի կարևորագույն ֆունկցիաներն են՝
1.Բազմացման (գեներատիվ) ֆունկցիա.
Սեռական հասունության ամբողջ ընթացքում ձվարաններում կատարվում են ֆռլիկուլների հասունացման, բեղմնավորման ընդունակ ձվաբջջի ձվազատման և ազատորեն որովայնի խոռոչ անցնելու ու դեղին մարմնի առաջացման ռիթմիկ կրկնվող պրոցեսները։
2.էնդոկրին ֆունկցիա.
Ձվարաններում սինթեզվող հորմոնները (էստրոգեններ և պրոգեստերոն) նպաստում են կնոջ օրգանիզմի յուրահատուկ հատկանիշների զարգացմանը (մարմնակազմություն, նյութերի փոխանակություն, կաթնագեղձերի ձևավորում, դաշտանային ֆունկցիա)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին