ՁեռքՁեռք. մարդու վերին վերջույթին նախաբազկին հաջորդող հատված, նուրբ շարժումներ կատարող բռնող օրգան: Ձեռքը կազմված է դաստակից, նախադաստակից և հինգ մատներից: Դաստակի հենքակմախքը կազմված է երկու շարքով դասավորված 8 կարճ ոսկորներից, որոնք միմյանց հետ միացած են միջդաստակային միջոսկրյա շարակցական կցումների և հոդերի միջոցով:Դաստակը միացած է նախաբազկի հետ ճաճանչ-դաստակային հոդով, իսկ առաջին և երկրորդ շարքը միմյանց հետ կազմում են սահմանափակ շարժումներ կատարող ներդաստակային հոդը: Նախադաստակի հենքակմախքը կազմված է կարճ խողովակավոր , բարակ ոսկրերից, որոնք դաստակի երկրորդ շարքի ոսկրերի մասնակցությամբ առաջացնում են դաստակ-նախադաստակային հոդեր: Մատների հենքակմախքը մատոսկրերը կամ ֆալանգներն են. յուրաքանչյուր մատ ունի երեք ֆալանգ՝ հիմային, միջին և եղնգային, բացի բութ մատից(երկու ֆալանգ՝ հիմային և եղնգային): Ձեռքի և մատների շարժումներն իրականանում են 42 մկանների կծկմամբ, որոնց փոքր մասը կազմող կարճ մկանները տեղադրված են ձեռքի շրջանում, իսկ մնացածը դասավորված են նախաբազկի ափային և թիկնային երեսներին: Ձեռքը և մատները շարժող մկաններն ու մաշկը նյարդավորվում են միջնական, ծղիկային և ճաճանչային նյարդերի, անոթավորվում ծղիկային և ճաճանչային զարկերակների ճյուղերով: Ձեռքի կազմավորումը, որպես աշխատանք կատարող օրգանի, մարդու ձևավորման պրոցեսում պայմանավորված է գլխուղեղի հարաճուն զարգացմամբ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին