Ամենափոքրաթիվ լեյկոցիտներն են` 0-1%: Բազոֆիլները և պարարտ բջիջներն ունեն ընդհանուր ծագում։ Պարարտ բջիջներին անվանում են նաև հյուսվածքային բազոֆիլներ։ Այս երկու բջիջներին միավորում են հեպարինոցիտների խմբում։ Դրանց ցիտոպլազման պարունակում է հեպարին, հիստամին և կենսաբանական այլ ակտիվ նյութեր, որոնց բազոֆիլները կլանում են հյուսվածքներից կամ իրենք են սինթեզում, իսկ անհրաժեշտության դեպքում ենթարկում սեկրեցիայի։ Հեպարինը հակամակարդիչ նյութ է, իսկ հիստամինը անոթալայնիչ։ Հեպարինոցիտները պատում են լյարդի (որտեղ երակային արյունը դանդաղ է հոսում) և թոքերի (որտեղ թրոմբոցիտների քանակը մեծ է) մանր անոթները և հեպարինի միջոցով կանխում արյան ներանոթային մակարդման վտանգը։ Հիստամինը բորբոքումների ժամանակ նպաստում է հյուսվածքների վերականգնման, նոր մազանոթների գոյացման, հյուսվածքների սնուցման և վերքերի ապաքինման պրոցեսներին։

Ալերգիկ ռեակցիաների ժամանակ բազոֆիլները արձակում են «էոզինոֆիլների քեմոտաքսիսի գործոն», որի ձգումով էոզինոֆիլները շարժվում են դեպի բազոֆիլների կուտակման վայրը և քայքայում նրանց պարունակած հիստամինի մեծ քանակությունը, որն օրգանիզմի համար անոթալայնիչ մեծ վտանգ է ներկայացնում։ Բազոֆիլները, ինչպես և մյուս լեյկոցիտները, օժտված են քեմոտաքսիսի և գաղթի (միգրացիա) ունակությամբ;Նրանց քեմոտաքսիսին նպաստում են լիմֆոցիտներից արտադրվող լիմֆոկինները: Օրգանիզմի գերզգայուն վիճակներում բազոֆիլներից արձակվում է նաև «անաֆիլաքսիայի դանդաղ հակազդող նյութ» որն առաջացնում է հարթ մկանների կծկում։ Հետաքրքիր է նշել, որ բազոֆիլները սինթեզում են նաև «թրոմբոցիտներն ակտիվացնող գործոն», որը որոշակի պայմաններում նպաստում է թրոմբոցիտների ագրեգացիային և նրանց պարունակության արտամղմանը։Բազոֆիլները իրենց ֆունկցիան դրսևորում են հատիկազրկման (դեգրանուլացիա) ճանապարհով։ Հատիկազրկման հզոր գործոն է համարվում Е իմունոգլոբուլինը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին