Ավշային անոթները ավշային համակարգի այն մասն է, որն իր մեջ ներառում է նաև ավշային հանգույցները: Ֆունկցիոնալ տեսակետից ավշային անոթները սերտորեն կապված են արյունատարների հետ, հատկապես միկրոշրջանառու հունի շրջանում: Հենց այստեղ էլ առաջանում է հյուսվածքային հեղուկը, որը թափանցում է ավշային հուն: Մանր ավշային ուղիներով արյան հոսքից լիմֆոցիտները անընդհատ գաղթում են ու հետշրջանառում ավշային հանգույցներից արյան մեջ:

Դասակարգումը: Ավշային անոթների մեջ տարբերում են ավշային մազանոթներ, ներ– և արտաօրգանական ավշային անոթներ, որոնք ավիշը օրգաններից տանում են մարմնի գլխավոր ավշային ցողուններ և կրծքային ու աջ ավշային ծորաններով թափվում պարանոցի խոշոր երակների մեջ: Ըստ կառուցվածքի տարբերում են ոչ մկանային (թելակազմ) և մկանային ավշային անոթներ: 

Ավշային մազանոթներ: Ավշային մազանոթները ավշային համակարգի սկզբնական բաժիններն են, որոնց մեջ նյութափոխանակության արգասիքների հետ լցվում է նաև հյուսվածքային հեղուկ, իսկ պաթոլոգիայի դեպքում՝ անցնում օտար մասնիկներ և միկրոօրգանիզմներ: Ավշային հունով կարող են տարածվել նաև չարորակ ուռուցքի բջիջներ: Ավշային մազանոթները մի ծայրից փակ, տափակ էնդոթելային խողովակներ են, որոնք իրար հետ բերանակցվում են ու թափանցում օրգաններ1՝ ուղեկցելովարյան մազանոթներին: Ավշային մազանոթների տրամագիծը մի քանի անգամ մեծ է, քան արյունատարներինը: Ինչպես արյունատար, այնպես էլ ավշային համակարգում համարյա միշտ կան պահեստային մազանոթներ, որոնք լցվում են միայն ավշագոյացման դեպքում: Ավշային մազանոթների պատը կազմված է էնդոթելային բջիջներից, որոնք, ի տարբերություն արյունատար մազանոթների համանման բջիջների, 3–4 անգամ խոշոր են: Հիմային թաղանթ ու պերիցիտներ ավշային մազանոթներում չկան: Ավշային մազանոթի էնդոթելային ծածկը շրջապատող շարակցական հյուսվածքի հետ սերտորեն կապվում է ֆիքսող ֆիլամենտների օգնությամբ, որոնք միահյուսվում են ավշային մազանոթի երկայնքով դասավորված կոլագենային թելերի հետ: Ավշային մազանոթները և արյունատար ավշային անոթների սկզբնական բաժինները (տե°ս ստորև) ապահովում են արյունաավշային հավասարակշռությունը՝ որպես առողջ օրգանիզմում միկրոշրջանառության անհրաժեշտ պայման:

Արտատար ավշային անոթներ: Ավշային անոթների հիմնական տարբերիչ առանձնահատկությունը փականների առկայությունը և լավ զարգացած արտաքին թաղանթ ունենալն է: Փականների տեղադրման մասերում ավշային անոթները սրվակաձև լայնանում են: Ավշային անոթների և երակների պատի կառուցվածքները նման են իրար: Դա բացատրվում է այդ անոթներում ավշա– և արյունաշարժ պայմանների նմանությամբ (ցածր ճնշման առկայություն և հեղուկի հոսքի ուղղվածություն օրգաններից դեպի սիրտ): Ավշային անոթները ըստ տրամագծի լինում են մանր, միջին ու խոշոր: Երակների այս անոթները ևս իրենց կառուցվածքով լինում են ոչ մկանային և մկանային: Մանր անոթներում (30–40 մկմ տրամագծով), որոնք հիմնականում ներօրգանական ավշային անոթներ են, մկանային տարրեր չկան: Նրանց պատը կազմված է էնդոթելից և շարակցահյուսվածքային թաղանթից:

Միջին և խոշոր ավշային անոթները (0,2 մմ–ից ավելի տրամագծով) ունեն լավ զարգացած 3 թաղանթ՝ ներքին, միջին և արտաքին: Ներքին թաղանթում, որը ծածկված է էնդոթելով, կան երկայնական և թեք ուղղված կոլագենային և առաձգական թելերի խրձեր: Դրանք ձևավորում են բազմաթիվ փականներ և կազմված են կենտրոնական շարակցահյուսվածքային թիթեղից, որի ներքին և արտաքին մակերևույթները ծածկված են էնդոթելով: Փականի փեղկի էնդոթելի տակ, որն ուղղված է դեպի անոթի պատը, կա առաձգական թաղանթ: Փականի կենտրոնական շարակցահյուսվածքային թիթեղիկի հաստության մեջ հայտնաբերվում են հարթ մկանային բջիջների խրձեր: Ներքին ու միջին թաղանթների սահմանին ընկած է ոչ միշտ հստակ արտահայտված ներքին առաձգական թաղանթ:

Ավշային անոթների միջին թաղանթը թույլ է զարգացած գլխի, մարմնի վերին մասի ու վերին վերջույթների անոթներում: Ստորին վերջույթների ավշային անոթներում այն, ընդհակառակը, արտահայտված է պարզորոշ: Այդ անոթների պատում կան հարթ մկանային բջիջների խրձեր, որոնք ունեն շրջանաձև ու թեք ուղղություն: Մկանային շերտը զարգացած է զստային ավշային հյուսակի, շուրջաորտային ավշային անոթների և լծային երակներն ուղեկցող պարանոցային ավշային ցողունների հավաքիչ միջին թաղանթում: Միջին թաղանթի առաձգական թելերը տարբերվում են քանակով, հաստությամբ և ուղղությամբ: Արտաքինթաղանթը կազմված է փուխր թելակազմ չձևակերպված շարակցական հյուսվածքից, որն առանց կտրուկ սահմանի անցնում է շրջապատող շարակցական հյուսվածք:

Երբեմն արտաքին թաղանթում հանդիպում են երկայնական ուղղված առանձին հարթ մկանային բջիջներ:
Որպես խոշոր ավշային անոթի օրինակ դիտարկենք գլխավոր ավշային ցողուններից մեկը՝ կրծքային ավշածորանը: Նրա պատը տարբեր մակարդակներում ունի ոչ միանման կառուցվածք: Այն առավել զարգացած է ստոծանու մակարդակում: Այստեղ անոթի պատում հստակ արտահայտված է երեք թաղանթ, որոնք իրենց կառուցվածքով հիշեցնում են ստորին սիներակի թաղանթները: Միջին և ներքին թաղանթները հարաբերականորեն թույլ են արտահայտված: Էնդոթելային բջիջների ցիտոպլազման հարուստ է պինոցիտոզային բշտիկներով: Դա ցույց է տալիս հեղուկի ակտիվ տրանսէնդոթելային փոխադրումը: Բջիջների հիմային մասը անհավասար է: Հոծ հիմային թաղանթ չկա: Ենթաէնդոթելային շերտում ընկած են կոլագենային թելերի խրձեր, փոքր–ինչ խոր գտնվում են առանձին հարթ մկանային բջիջներ, որոնք ներքին թաղանթում ունեն երկայնական, իսկ միջինում՝ թեք և շրջանաձև ուղղություն: Ներքին և միջին թաղանթների սահմանին երբեմն հանդիպում է բարակ առաձգական թելերի խիտ հյուսակ, որը համեմատում են ներքին էլաստիկ թաղանթի հետ: Արյունատար անոթներում այդ առաձգական թելերը կապված են կրծքային ծորանի այլ թաղանթների համանման տարրերի հետ՝ կազմելով միասնական առաձգական կմախք: 

Միջին թաղանթում առաձգական թելերի դասավորությունը հիմնականում համընկնում է հարթ մկանային խրձերի շրջանաձև ու թեք ուղղության հետ: Կրծքային ավշային ծորանի արտաքին թաղանթը 3–4 անգամ հաստ է այլ թաղանթներից և ունի երկայնական ընկած հարթ մկանային հոծ բջիջների խրձեր, որոնք բաժանված են շարակցական հյուսվածքի միջնաշերտերով: Կրծքային ավշային ծորանի մկանային շերտերի հաստությունը, հատկապես նրա արտաքին թաղանթում, փոքրանում է ավշի հոսքի ուղղությամբ: Այդ ժամանակ ավշային ծորանի պատը իր լուսանցքում 2–3 անգամ բարակ է, քան ստոծանու մակարդակում: Կրծքային ծորանի երկայնքով կա կիսալուսնաձև մոտ 9 փական: Փականների փեղկերը կազմված են նույն տարրերից, ինչ և ծորանի ներքին թաղանթը: Փականի հիմի մոտ ծորանի պատը հաստացած է, որն առաջանում է շրջանաձև դասավորված հարթ մկանային բջիջներից ու շարակցական հյուսվածքի կուտակումից: Փականների փեղկերում կան լայնական դասավորված առանձին հարթ մկանային բջիջներ:

Անոթների անոթավորումը: Բոլոր խոշոր ու միջին արյունատար անոթները ունեն սնուցման սեփական համակարգ, որն անվանում են «անոթների անոթներ»: Դրանք շարակցական հյուսվածքի զարկերակներից արյունը բերում են դեպի անոթների պատը: Զարկերակներում անոթների անոթները թափանցում են մինչև միջին թաղանթի խորանիստ շերտերը: Զարկերակների ներքին թաղանթը սննդանյութեր է ստանում անմիջապես տվյալ զարկերակով հոսող արյունից: Զարկերակների ներքին թաղանթով սննդանյութերը դիֆուզվում են անոթների պատերի հիմնական նյութի՝ սպիտակուցա–գլիկոզամինոգլիկանային կոմպլեքսների օգնությամբ: Զարկերակների պատերի արյունատար մազանոթները հավաքվում են երակներում, որոնք հաճախ զույգերով ուղեկցում են համապատասխան զարկերակը և բացվում մոտակա երակում: Երակներում անոթների անոթները զարկերակային արյամբ մատակարարում են բոլոր երեք թաղանթը: Երակների պատերի մազանոթները բացվում են հենց նույն երակի մեջ: Խոշոր ավշային անոթներում նրանց պատերը սնող զարկերակներն ու երակները ուղղվում են առանձին:  Զարկերակների, երակների ու ավշային ցողունների պատերում, բացի արյունատար անոթներից, կան նաև ավշային անոթներ: 

Նյարդավորումը: Անոթները նյարդավորվում են վեգետատիվ նյարդային համակարգի նյարդերով: Որպես կանոն՝ նրանք ուղեկցում են անոթները և վերջանում նրանց պատի վրա: Ըստ կառուցվածքի՝ անոթների նյարդերը կամ միելինապատ են, կամ միելինազուրկ: Զգացող նյարդային վերջավորությունները մազանոթներում ըստ ձևի բազմազան են: Զարկերակիկների զգացող նյարդային ապարատների բնորոշ հատկությունները նրանց ձգվածությունն ու բազմավալենտականությունն է՝ կապը հարևան երակների ծայրային նյարդաթելերի ու շրջապատող շարակցական հյուսվածքի հետ: Ընկալիչները երակների վրա հաճախ թփիկաձև ճյուղավորումներ են առաջացնում: Միջին և խոշոր տրամաչափի զարկերակների բոլոր երեք թաղանթում կան բազմապիսի ընկալիչներ: Արտաքին թաղանթի մակերեսային շերտում և շուրջանոթային փուխր թելակազմ շարակցական հյուսվածքում կան պատիճավորված թիթեղավոր և չպատիճավորված նյարդային վերջավորություններ, որոնք կազմում են շուրջանոթային նյարդային հյուսակը (plexus nervorum perivascularis):

Զարկերակիկ–երակիկային բերանակցումներն ունեն բարդ ընկալիչներ: 
Էֆեկտոր նյարդաթելերը փոքր հաստացումներով վերջանում են հարթ մկանային բջիջների վրա: Զարկերակներում ու երակներում էֆեկտորները միատեսակ են: Հատկապես խոշոր անոթների երկարությամբ կան առանձին նյարդային, սիմպաթիկ բնույթի ոչ մեծ հանգույցներ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին