Արյան պլազմաԱրյան պլազման ամենից առաջ արյան բջիջների հեղուկ միջավայրն է։ Այդ հեղուկից սկիզբ է առնում և անընդհատ թարմանում հյուսվածքային հեղուկը, որը օրգանիզմի բջիջների ներքին հեղուկ միջավայրն է։ Իր հերթին հյուսվածքային հեղուկից գոյանում է ավիշը։ Արյան պլազման թափանցիկ դեղնավուն հեղուկ է։ Նրա շուրջ 90%-ը ջուր է, որի մեջ լուծված են անօրգանական և օրգանական նյութեր։ Լուծված նյութերի 7-8%-ը կազմում են սպիտակուցները, շուրջ 0,7%-ը ճարպեր են, 0,1%-ը ածխաջրերը, 0,9-1%-ը անօրգանական աղերը։ Տարբերում են երեք տիպի սպիտակուցներ` ալբումիններ (3,8-5%), գլոբուլիններ (2-3%) և ֆիբրինոգեն՝ (0,2-0,6%): Իրենց հերթին գլոբուլինները բաժանվում են երեք խմբի` α-, β- և γ -գլոբուլիններ։

Անօրգանական աղերը զանազան էլեկտրոլիտներ են և հանդես են գալիս նատրիումի, կալցիումի, կաիումի, մագնեզիումի և այլ կատիոնների քլորիդների, բիկարբոնատների, ֆոսֆատների, սուլֆատների և այլ աղերի ձևով։ Արյան անօրգանական աղերը կատարում են մի շարք ֆունկցիաներ 1) դրանցով է հիմնականում պայմանավորված արյան պլազմայի օսմոսային ճնշումը, 2) դրանք մասնակցում են արյան pH-ի կարգավորմանը և CՕշ-ի փոխադրմանը, 3) մասնակցում են արյան մակարդման պրոցեսին, 4) ակտիվացնում են զանազան ֆերմենտներ, 5) բջիջների միկրոմիջավայրում մասնակցում են նրանց կարևորագույն ֆունկցիաների իրականացմանը (հանգստի վիճակ, դրդում), 6) սպիտակուցների կամ օրգանական թթուների հետ կապված վիճակում, հասնում են տարբեր օրգաններ ու հյուսվածքներ և մասնակցում են նրանց համապատասխան ֆունկցիաների իրականացմանը։

Նատրիումի, կալցիումի, կալիումի իոնների քանակը պատկանում է հոմեոստազի խստասահման ցուցանիշների շարքին։ Պլազմայի աղերի գերակշռող մասը կազմում է նատրիումի քլորիդը (0,6%), ապահովելով պլազմայի օսմոսային ճնշման 60%-ը։ Արյան պլազմայում գերակշռում են նատրիումի իոնները, իսկ էրիթրոցիտներում` կալիումի իոնները։ Կալցիումը պլազմայում հանդես է գալիս երկու վիճակում` իոնային և կապված։ Բջիջներում կալցիումի հիմնական ֆունկցիաները իրականանում են իոնային վիճակում։ Արյան պլազմայում և ավշի մեջ կալցիումի իոնները մասնակցում են մակարդման պրոցեսին։ Արյան պլազմայում գոյություն ունեն նաև միկրոտարրեր պղինձ, կոբալտ, մանգան, ցինկ, ստրոնցիում և այլն, որոնց յուրաքանչյուրի քանակը 0,01%-ից չի գերազանցում։ Իրենց փոքր քանակով հանդերձ դրանք անփոխարինելի դեր են կատարում նյութափոխանակության տարբեր օղակներում, ֆերմենտների ակտիվացման գործում, արյունաստեղծման մեջ և այլն։

Իրենց քանակով և նշանակությամբ արյան պլազմայի օրգանական նյութերից առաջին տեղը պատկանում է արյան սպիտակուցներին։ Պլազմայում գոյություն ունեն շուրջ 200 տիպի սպիտակուցներ։ Այդ սպիտակուցները բաժանում են երեք խմբի` ալբումիններ, գլոբուլիններ և ֆիբրինոգեն։ Դրանք միմյանցից տարբերվում են մոլեկուլային կշռով, ձևով, որը համապատասխանում է նրանց ֆունկցիային։ Ֆիբրինոգենի մոլեկուլները, օրինակ, բավականին երկարաձգված են, և մակարդման ժամանակ սպիտակուցային թելերի ցանց են կազմում։ էլեկտրոֆորեզի եղանակով հաջողվել է անջատել գլոբուլինների տարբեր մասեր (ֆրակցիաներ՝) α1-, α2-, β և γ- գլոբուլիններ : Միևնույն ֆրակցիայում կարող են գտնվել միանգամայն տարբեր ֆիզիոլոգիական նշանակություն ունեցող գլոբուլիններ։

Ալբումինները կազմում են սպիտակուցների միատարր ֆրակցիան։ Հիմնականում դրանցով է պայմանավորված արյան օնկոսային ճնշումը։ Դրանք հանդիսանում են ամինաթթուների հիմնական պահեստները, որոնք ելանյութ են հանդիսանում բջջում կատարվող սպիտակուցների կենսասինթեզի համար։ Դրանցով է պայմանավորված նաև պլազմայի կոլոիդ վիճակի կայունությունը և արյան կախույթային վիճակը։ Ալբումինները իրենց մակերեսի վրա փոխադրում են ճարպաթթուներ, բիլիռուբին, ստերոիդ հորմոններ, լեղաթթուների աղեր։ Թիրօքսինի և կալցիումի իոնների մի մասը նույնպես փոխադրվում է ալբումինների միջոցով։ Ալբումինները փոխադրում են նաև արտաքին ծագումով մի շարք նյութեր պինիցիլին, սուլֆամիդներ, սնդիկ։

Ալֆա-գլոբուլինների մեծ մասը միացած է ածխաջրերի հետ, առաջացնելով գլիկոպրոտեիդներ։ Արյան գլյուկոզի 2/3-ը շրջանառում է գլիկոպրոտեիդի ձևով։ Որոշ ալֆա գլոբուլիններ հանդես են գալիս որպես սպիտակուցալուծ ֆերմենտների արգելակիչներ և կամ հանդիսանում են հորմոնների, միկրոտարրերի, վիտամինների
փոխադրիչներ: Էրիթրոպոետինները, պլազմինոգենը,   պրոթրոմբինը պատկանում են ալֆա-գլոբուլինների շարքին։ Այս սպիտակուցները փոխադրում են նաև լիպիդներ կամ հանդես են գալիս մուկոպրոտեիդների ձևով: Բետա-գլոբուլինները մեծ խնամակցություն ունեն լիպիդների հետ։ Արյան լիպիդների 3/4-ը կապվում է այս սպիտակուցների հետ։ Տրանսֆերինը, ինչպես նաև արյան մակարդման մի շարք գործոններ պատկանում են բետա-գլոբուլիններին։

Գամա-գլոբուլինները կոչվում են նաև իմունոգլոբուլիններ և հանդիսանում են իմունիտետն ապահովող հակամարմիններ։ Գամա-գլոբուլիններին են պատկանում նաև արյան ագլյուտինինները։ Արյան պլազմայի սպիտակուցները կատարում են բազմազան ֆունկցիաներ 1) ապահովում են պլազմայի օնկոսային ճնշումը, 2) մասնակցում են արյան թթվահիմնային հաշվեկշռի կարգավորմանը, 3) պայմանավորվում են պլազմայի մածուցիկությունը, 4) ալբումինների և գլոբուլինների քանակական հարաբերությամբ պայմանավորվում է արյան բջիջների կախույթային վիճակը, հետնաբար նաև էրիթրոցիտների նստման արագությունը, 5) մասնակցում են ոչ սպեցիֆիկ պաշտպանական ռեակցիաներին, 6) իրականացնում են հումորալ իմունիտետը, 7) հանդիսանում են ածխաջրերի, լիպիդների, հորմոնների, վիտամինների, միկրոտարրերի փոխադրիչներ, 8) մասնակցում են արյան մակարդման պրոցեսին, 9) համարվում են պահեստային ելանյութ, որոնց ամինաթթուներից բջիջներում սիեթեզվում են նոր սպիտակուցներ, 10) որպես կրեատոր մակրոմոլեկուլներ կատարում են կարգավորիչ ֆունկցիա։

Ֆիբրինոգենը հանդիսանում է արյան մակարդիչ ամենակարևոր գործոններից մեկը։ Մակարդված ֆիբրինի թելերը պատում են արյան անոթների պատերը և կանխում արյան հնարավոր մակարդումը։ Ֆիբրինի թելերը մասնակցում են նաև վերքերի ապաքինման և վերականգնման պրոցեսներին։

Օրգանական նյութերից արյան պլազմայում գտնվում են նաև ազոտային փոխանակության արգասիքներ (միզանյութ, միզաթթու, ինդիկան, կրեատինին և այլն), որոնք կազմում են այպես կոչված մնացորդային, կամ ոչ սպիտակուցային ազոտը։ Առողջ մարդու արյան մեջ դրանց խտությունը տատանվում է 14,3-28,6 մմոլ-ի սահմաններում։ Երիկամների ախտահարման դեպքում այդ նյութերի արտազատումը դժվարանում է, մեծացնելով արյան մնացորդային ազոտի քանակը։ Որպես էներգիայի հիմնական աղբյուր արյան պլազմայում գոյություն ունեն նաև ճարպեր և ածխաջրեր։ Ածխաջրերի 90%-ը կազմում է գլյուկոզը,որի քանակը երակային արյան մեջ հավասար է 3,6-6,9 մմոլ/լ (0,8-1,2գ/լ)։ Արյան գլյուկոզի մակարդակի բնականոն տատանումները կախված են ընդունած սննդի բնույթից աղիքներում նրա ներծծման չափից, բջիջներում նրա յուրացման աստիճանից։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին