Ցայլքային բարձրություն (mons pubis s veneris). Կազմված է ցայլքային ոսկրերի թմբիկների ելուստներից և լավ զարգացած ենթամաշկային ճարպաբջջանքից, ծածկված է մազերով և ունի եռանկյան ձև (կանացի տիպ)։ Որովայնի ստորին բևեռը կազմում է ցայլքային բարձրության վերին սահմանը։ Վերջինս հորիզոնական է և կազմում է անցումային ծալքը։ Որովայնահատման ժամանակ կտրվածքը սովորաբար կատարվում է վերջինիս ուղղությամբ՝ ըստ Պֆանենշտիլի։ Կողմնայնորեն ցայլքային բարձրությունը սահմանափակված է աճուկային ծալքերով։

Սեռական մեծ շրթերը (labia pudendi majora)  երկու երկայնաձիգ մաշկային ծալքեր են, կազմված ենթամաշկային ճարպային և շարակցահյուսվածքային շերտերից, որոնք ձգվում են ցայլքից մինչև շեքը և սահմանափակում միջայնորեն գտնվող սեռական ճեղքը (rima pudendi): Սեռական մեծ շրթերի երկարությունը մոտավորապես 8 սմ է, լայնությունը՝ 2-3 սմ։ Շրթերի արտաքին մակերեսները մազածածկ են, ներքին մակերեսը պարունակում է ճարպագեղձեր, քրտնագեղձեր և հիշեցնում է լորձաթաղանթ։ Առջևում, ցայլքի շրջանում, մեծ շրթերը միանում և առաջացնում են առաջային կպուկը (commissura labiorum anterior): Շրթերը շեքի սահմանում միանում են ծալքի միջոցով, առաջացնելով հետին կպուկը (commissura labiorum posterior), որը գտնվում է հետանցքից մոտավորապես 2-3 սմ բարձր։ Սեռական մեծ շրթերի առաջային հատվածներում արգանդի կլոր կապանների վերջավորությունները տարածվում են հովհարաձև, դուրս գալով աճուկային խողովակի արտաքին բացվածքից։ Շրթերի ենթամաշկային ճարպաշերտը հարուստ է երակային հյուսվածքներով։ Շրթերի, հետին կպուկի և կուսաթաղանթի ստորին եզրի միջև կա մի փոսություն, որը կոչվում է նախադռան կամ նավակաձև (մակույկաձև) փոսություն (fossa navicularis): Երբեմն որովայնի խոռոչից աճուկային խողովակով մեծ շրթերի հաստության մեջ են թափանցում ճողվածքային պարկերը (մեծ սեռական շրթի ճողվածք)։

Սեռական փոքր շրթեր (labia minora pudendi s nymphae). Սրանք մաշկային նուրբ ծալքեր են, որոնք հիշեցնում են լորձաթաղանթ և տեղավորված են մեծ շրթերից միջայնորեն ու զուգահեռ։ Բաժանվում են միմյանցից միջշուրթային ակոսով (sulcus interlabialis s. nympholabialis): Առջևում յուրաքանչյուր փոքր շուրթ բաժանվում է երկու ոտիկի։ Արտաքին (առջևի) ոտիկները միանում են միմյանց և առաջացնում ծլիկի թլիպը (preputium clitoridis), ներքին (հետին) ոտիկները միանալով ծլիկի տակ, կազմում են դրա սանձիկը (frenulum clitoridis): Հետևում սեռական փոքր շրթերն աստիճանաբար միաձուլվում են մեծ շրթերի հետ կամ միանում են միմյանց և առաջացնում ոչ մեծ միջաձիգ ծալքը շրթերի սանձիկը (frenulum labiorum pudendi), որը մասնակցում է հետին կպուկի գոյացմանը։ Փոքր շրթերի հաստության մեջ, հիմքին մոտ, տեղավորված է նախադռան կոճղեզը (bulbus vestibuli): Փոքր շրթերը մազազուրկ են, չունեն քրտնագեղձեր և լորձային գեղձեր, պատված են բազմաշերտ տափակ էպիթելով և պարունակում են բազմաթիվ ճարպագեղձեր։ Դրանք հարուստ են անոթներով և նյարդային վերջույթներով, որով պայմանավորված է դրանց զգայունությունը սեռական հարաբերության ժամանակ։

Հեշտոցի նախադուռը (vestibulum vaginae). Այն գտնվում է ծլիկի, փոքր ամոթաշրթերի ու հետին կպուկի միջև։ Նախադռան մեջ ծլիկի գլխիկից 2 սմ հետ բացվում են միզարձակման խողովակի արտաքին բացվածքը (orificium uretrae externum), նախադռան մեծ և փոքր զույգ գեղձերի ծորանները, որոնք արտադրում են սեկրետ, ինչպես նաև հեշտոցամուտքը (ostium vaginae), որը ծածկված է կուսաթաղանթով (hymen) կամ դրա մնացորդներով (carunculae hymenales): Նախադռան մեջ հեշտոցի բացվածքի երկու կողմերում բացվում են նախադռան մեծ գեղձերը կամ բարտոլինյան գեղձերը (glandulae vestibulares majores-glandulae Bartolini), որոնք ոլոռի մեծությամբ կլորավուն զույգ գեղձեր են, տեղավորված են մեծ շրթերի հիմքում (հետին 1/3), մոտավորապես հետին կպուկի սահմանում կամ քիչ առաջ, 1,0-1,5 սմ խորությամբ։ Դրանց երկարությունը 10-15 մմ է, լայնությունը4 6-8 մմ, ծորանի երկարությունը՝ 1,5-2,5 մմ։ Սրանք պատված են գեղձային թարթիչավոր էպիթելով, բացվում են փոքր շրթերի հիմքի մոտ, փոքր շրթերի և կուսաթաղանթի միացման սահմանում։ Շոշափման և սեղմման ժամանակ արտազատվում է սեկրետ, որը խոնավացնում է նախադուռը, արտազատուկն ունի ալկալիական ռեակցիա։ Ծորանի խցանման ժամանակ հնարավոր է նախադռան մեծ գեղձի կիստայի, իսկ վարակվելու դեպքում՝ բարտոլինիտի և թարախակույտի առաջացում։

Նախադռան փոքր գեղձերը (glandulae vestibularis minores) բացվում են միզուկի և հեշտոցի բացվածքների միջև։ Հեշտոցի նախադռան կոճղեզը (bulbus vestibuli) փապարային մարմնի տիպի կենտ, խիտ երակային հյուսակ է, որը ծածկված է սպիտակուցային թաղանթով։ Այդ գոյացությունը կազմված է աջ և ձախ մասերից, տեղակայված է մեծ և փոքր ամոթաշրթերի հիմքում՝ նախադռան և հեշտոցի ստորին հատվածի շրջանում, որը հեշտոցի մուտքը պայտաձև ընդգրկում է առջևից։ Կոճղեզի առաջային (վերին) նեղացած մասերը միանալով, գրկում են վերևից միզարձակման խողովակը։ Նախադռան կոճղեզի կողմնային մասերի հետին (հաստացած) ծայրերը ծածկում են նախադռան մեծ գեղձերը և հպվում են դրանց։ Կոճղեզի կողմնային մասերից յուրաքանչյուրն արտաքինից մասնակիորեն պատված է կոճղեզ-փապարային մկաններով։ Վիրաբուժական միջամտությունները և վնասվածքները այդ շրջանում հաճախ ուղեկցվում են առատ արյունահոսությամբ։ Հարուստ նյարդային վերջույթների ռեցեպտորները (Դոգելի մարմնիկներ) ապահովում են արյունալեցումը և փապարային մարմնիկների էրեկցիան, որը բարձրացնում է կնոջ գրգռականությունը սեռական ակտի ժամանակ։

Ծլիկ (clitoris). Արական առնանդամի մնացուկային (ռուդիմենտար) համանունն է։ Տեղավորված է ամոթաշրթերի առաջային կպուկի և միզարձակման խողովակի միջև։ Կազմված է գլխիկից (glans clitoridis), ծայրային մարմնիկից (preputium clitoridis), փապարանման մարմնիկներից (աջ և ձախ) (corporo cavernosum clitoridis) և ոտիկներից (crura clitoridis): Ծլիկի ոտիկներն ամրանում են ցայլքոսկրերին։ Ծլիկի լորձաթաղանթը հարուստ է անոթներով, նյարդային վերջույթներով, ճարպագեղձերով և քրտնագեղձերով, որոնք արտադրում են հատուկ նյութ (սմեգմա)։ Ծլիկը միանում է փոքր ամոթաշրթերին սանձիկի միջոցով (frenuli clitoridis): Ցայլքային հոդավորման ստորին եզրի մոտ փապարային մարմնիկները միանում են, կազմելով ծլիկի մարմինը (corpus clitoridis), որը վերջանում է արտաքինից կլոր գլխիկով (glans clitoridis):

Կուսաթաղանթ (hymen). Լորձաթաղանթի տարբեր ձևերի կրկնաթաղանթ է, կարող է լինել օղակաձև, կիսալուսնաձև, ցանցաձև, ատամնավոր, խողովակաձև, ծոփքավոր, աստղաձև։ Կուսւսթաղանթը կարևոր կենսաբանական պատնեշ է արտաքին և ներքին սեռական օրգանների միջև։ Այն ներքին սեռական օրգանները պահպանում է օտարածին մանրէների թափանցումից։ Առաջին սեռական հարաբերության ժամանակ այն պատռվում է՝ փոխվելով կուսաթաղանթային ծվենների (լաթերի) (carunculae hymenales): Դրանց նշանակալի քայքայում տեղի է ունենում ծննդաբերության ժամանակ, որից հետո մնում են միտենու ծվեններ (carunculae myrtiformes):

Կանանց միզուկը (urethra feminia) 3-3,5 սմ երկարությամբ, կորությամբ դեպի հետ դարձած աղեղնաձև մի կարճ խողովակ է։ Իր գոգավորությամբ այն կիսագրկում է ցայլքային հոդի ստորին եզրը ներքևից ու հետևից։ Այն սերտորեն կապված է արտաքին սեռական օրգանների հետ և հեշտությամբ ներգրավվում է ախտաբանական պրոցեսի մեջ (գոնոռեա, հեշտոցի իջեցում և արտանկում, վնասվածքներ և այլն)։ Միզարձակման խողովակը կանանց մոտ ավելի կարճ է և լայն, քան տղամարդկանց մոտ։ Լորձաթաղանթն ունի երկայնաձիգ ծալքեր, ենթալորձաթաղանթը հարուստ է լորձային գեղձերով։ Մկանային շերտը կազմված է երկայնաձիգ (ներքին) և շրջանաձև (արտաքին) չխաչվող թելերից, որոնք միզապարկի ելքի շրջանում առաջացնում են ներքին սեղմանը։ Արտաքին սեղմանը կազմված է նաև խաչվող թելերից, որոնք մտնում են միզասեռական ստոծանու կազմի մեջ։ Միզարձակման խողովակի արտաքին բացվածքը (ostium urethrae externum) տեղավորված է ծլիկից հետ։ Այն շրջապատված է ոչ մեծ գլա-նիկով, որի երկու կողմում երևում են 2-4 հարմիզարձակման ծորանների բացվածքներ, որոնք հաճախ հանդիսանում են խրոնիկական գոնոռեայի վարակի օջախները։

Շեքը և կոնքի հատակի մկանները
Շեքը (perineum) մանկաբւսրձությունում և գինեկոլոգիայում դիտում են ավելի նեղ իմաստով, այն հետանցքի և հետին կպուկի (մեծ շրթերի միացման տեղ) միջև ընկած տարածությունն է, իսկ ընդհանուր անատոմիական առումով կոնքաելքի ամբողջ շրջանը։ Վերջինիս ոսկրային սահմաններն են՝ առջևից ցայլքային համաճոնը, կողքերից նստային թմբերը, հետևից՝ պոչուկը։
Շեքը կազմված է տարբեր մկաններից և փակեղներից, որոնք կոնքը ծածկում են ներքևից, և որի միջով անցնում են միզուկը, հեշտոցը և ուղիղ աղիքը: Ամենավերին մկանային շերտը կազմում է կոնքային ստոծանին (diaphragma pelvis), որը գոգավորությամբ դարձած է դեպի վեր։ Ստոծանին կազմող մկանային այս շերտը բաղկացած է սրբանը բարձրացնող և պոչուկային (mm. levator ani et coccygeus) մկաններից։ Կոնքային ստոծանու սրբանային բացվածքից առաջ կա մի երկայնաձիգ ճեղք (hiatus urogenitalis), որի միջով անցնում են միզուկը, հեշտոցը։ Այդ ճեղքը ներքևից փակված է մի եռանկյունի մկանափակեղային թիթեղով, որը կոչվում է միզասեռական ստոծանի (diaphragma urogenitalis): Շեքի մկանները կազմված են խորանիստ և մակերեսային մկանախմբերից։ Շեքի խորանիստ մկանները (diaphragma pelvis), որոնք կազմում են կոնքի խոռոչի հատակը, բաղկացած են երկու զույգ մկաններից (m. lavator ani և m. coccygeus):
1. Սրբանը բարձրացնող մկան (т. \evator ап\). Տափակ եռանկյունաձև մկան է, որն իր զույգի հետ գոյացնում է գագաթով ցած շրջված մի գմբեթ։ Մկանը սկիզբ է առնում առջևից ցայլքոսկրի վայրէջ ճյուղից, կողքից՝ ցայլքոսկրի համաճոնից և փակողական մկանի փակեղից, հետևից՝ նստային փշերից։ Սրբանը բարձրացնող մկանը, բացի հետանցքը բարձրացնելուց, ամրացնում է կոնքի հատակը և սեղմում հեշտոցը։
2. Պոչուկային մկանը (m. coccygeus) եռանկյունաձև փոքր մկան է, լրացնում է կոնքային ստոծանու մկանային շերտը հետին բաժնում։ Սկսվելով spina ischiadica-ի և սրբանափշային կապանի կոնքային երեսից, այն հովհարաձև լայնանալով ուղղվում է ներս և կպչում պոչուկի կողմնային եզրին և սրբոսկի գագաթին։

Միզասեռական ստոծանի (diaphragma urogenitalis). Միզասեռական ստոծանու առաջային բաժինը կազմված է շարակցաներդային հյուսվածքից և կոչվում է շեքի լայնական կապան (lig. transversum perinei): Իր հետին, ավելի մեծ մասում, միզասեռական ստոծանին մի մկանային շերտ է, որը վերևից և ներքևից ծածկված է փակեղային թերթիկներով։ Այս շերտի մեջ կա երկու մկան՝ m. transversum perinei profundus և m. sphincter urethrae s. sphincter urethrae membranacae:
1.Շեքի խորանիստ լայնական մկանը (m. transversus perinei profundus) սկսվում է նստային թմբերից և նստոսկրերի ստորին վերելակ ճյուղերի այն մասերից, որոնք կից են թմբերին։ Այստեղից մկանաթելերը ձգվում են միջայնորեն և վերջանում շեքի ջլային կենտրոնում (centrum perineale): Մկանի գլխավոր դերը միզասեռական ստոծանու և միզուկի ամրացումն է։
2.Միզուկի սեղմիչը (m. sphincter urethrae) օղի ձևով շրջապատում է միզուկի թաղանթային հատվածը և կծկվելիս սեղմում է այն։
Կանանց միզասեռական ստոծանու մկանային շերտը կազմված է շեքի թույլ զարգացած լայնական խորանիստ մկանով և մկանաթելերի շրջանաձև խրձերով, որոնք ընդգրկում են միզուկը ու հեշտոցը և կծկվելիս սեղմում են դրանք։

Շեքի մակերեսային մկաններ.
1. Մրբանի արտաքին սեղմիչը (m. sphincter ani externus) տեղավորված է սրբանի շուրջը, մաշկի տակ հարթ մկանաթելային ներքին սեղմիչից (sphincter ani internus) դուրս։
2.Կոճղեզ-փապարային մկանը (m. bulbo-spongiosus) կանանց մոտ բաժանվում է երկու համաչափ մասերի, որոնք շրջապատում են հեշտոցի բացվածքը։ Կծկվելիս մկանը սեղմում է հեշտոցի բացվածքը (m. constrictor cunni):
3.Նստափապարային մկանը (տ. ischiocavernosus) սկսվում է նստային թմբերից։ Այս մկանն առնչություն ունի ծլիկի ոտիկների հետ։ Մեղմելով երակային անոթները, մկանը նպաստում է ծլիկի էրեկցիային։
4.Շեքի մակերեսային լայնական մկանը (m. transversus perinei superficial) մի բարակ մկանախուրձ է, որը նստային թմբից լայնակիորեն ուղղվում է դեպի հակառակ կողմի համանման մկանը և վերջանում միջին գծի վրա՝ շեքի կենտրոնում (centrum perineale):

Շեքի փակեղները.
1.Կոնքային փակեղը (fascia pelvis parietalis) կազմում է զստային փակեղի շարունակությունը։ Զստային փակեղը անանուն գծի վրայով շրջվելով և կոնքի պատերով
իջնելով դեպի փոքր կոնք, դառնում է կոնքային փակեղ։ Կոնքի պատերի վրա այն ծածկում է ներքին փակողական մկանի վերին կեսը և սրբանը բարձրացնող մկանը վերևից։
Փակեղի այս մասը կոչվում է նաև կոնքի ստոծանու վերին փակեղ (fascia diaphragmatis pelvis superior):
Այդ փակեղն անցնում է կոնքային օրգանների վրայով և ծածկում է դրանց մակերեսի որոշ մասը, որպես կոնքային փակեղի ընդերային թերթիկ (fascia pelvis visceralis): Որովայնամզի և կոնքային փակեղի միջև որոշ տարածություն լցված է փուխր թելքավոր հյուսվածքով՝ spatium retropubicum, որը գտնվում է միզապարկի առջևում, տարածվելով նաև դրա կողմնային երեսներին (spatium perivesicalis) և հետվերջնաղիքային տարածու-թյուն (spatium retrorectale): Կոնքային ստոծանու ստորին երեսն իր հերթին ծածկված է մի բարակ փակեղային թերթիկով (fascia diaphragmatis pelvis inferior): Սրբանը բարձրացնող մկանի ներքևում, դրա և կոնքի պատերի միջև հետանցքի երկու կողմերում, կոնքային ստոծանուց ներքև գտնվում է նստաուղիղաղիքային փոսը (fossa is-chiorectalis), որը լցված է բջջանյութով։

2.Միզասեռական ստոծանու վերին և ստորին փակեղները (fascia diaphragmatis urogenitalis super et. inferior) երկու ամուր փակեղային թերթիկներ են, որոնք իրենց արանքում տեղավորված մկանային շերտի հետ կազմում են միզասեռական ստոծանին։ Առջևի երկու թերթիկները միանում են ու կազմում կոնքի լայնական կապանը (lig. transversum pelvis): Կանանց մոտ վերին ու ստորին թերթիկները միանում են հեշտոցին, որը միզուկի հետ միասին անցնում է միզասեռական ստոծանու միջով։ Ստորին թերթիկներին ձուլվում են նախադռան կոճղեզները (bulbi vestibuli):

3.Շեքի մակերեսային փակեղը (fascia perinei superficial) ծածկում է m. bulbocav-ernosus-ը, m. ischiocavernosus-ը et. m. transversus superficialis մկանները, կողքերով կպչելով նստոսկրերի ու ցայլքոսկրերի ստորին ճյուղերին։ Շեքը հաճախ վնասվում է ծննդաբերության ժամանակ։ Շեքի ոչ ճիշտ վերականգնման ժամանակ խանգարվում է դրա հենարանային և փակողական ֆունկցիան, որը նպաստում է ներքին սեռական օրգանների իջեցմանն ու արտանկմանը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին