Մարդկային գործունեության կարևոր և յուրահատուկ դրսևորում է խոսքը, որի շնորհիվ մարդիկ հաղորդակցվում են միմյանց հետ։ Այն բաղկացած է ինֆորմացիայի ընդունման, մշակման, պահպանման և փոխանցման գործընթացներից։ Փոխանցումն իրականացվում է լեզվի` պայմանական նշանների (կոդերի) տարբերակված համակարգի միջոցով, որտեղ յուրաքանչյուր նշան արտահայտում է որևէ առարկա կամ առարկաների միջև եղած փոխհարաբերություն։ Տարբերում են խոսքի երկու տեսակներ` ներքին կամ իմպրեսիվ և արտաքին կամ էքսպրեսիվ։ Ներքին խոսքն առաջին հերթին բանավոր և գրավոր խոսքը հասկանալն է։ Իրականանում է հետևյալ փուլերով` խոսքային հաղորդումների ընկալում, դրանց հնչունային և տառային կազմի վերլուծություն (վերծանում) և որոշակի իմաստային (սեմանտիկ) կարեգորիաների հետ այդ հաղորդումների համեմատում։ Անվանում են նաև ‚համր խոսքե, ‚խոսք իր համարե, ‚լուռ մտորումե։ Ներքին խոսքին բնորոշ են ընդհատվածությունը, մասնատվածությունը և կրճատությունը։ Ներքին խոսքից արտաքին կամ արտահայտչական խոսքին անցնելու համար անհրաժեշտ է ոչ միայն պարզ ձայնավորում, այլ նաև ներքին խոսքի վերակառուցում, այն է` շարահյուսորեն կապակցված, ծավալուն և հասկանալի խոսք։ Արտաքին խոսքն իր հերթին լինում է բանավոր և գրավոր։ Բանավոր խոսքը կարող է արտահայտվել ինչպես երկխոսության (դիալոգ), այնպես էլ մենախոսության (մոնոլոգ) ձևով։

Խոսքի մեխանիզմները կազմում են բարդ և բազմաստիճան մի համակարգ, որի գործառնությունը, բացի զույգ կիսագնդերի կեղևից (շարժողական, լսողական տեսողական և կինետիկ շրջաններ, գերակշռող կիսագնդում` Բրոկայի և Վեռնիկեի կենտրոններ), մասնակցում են մարմնազգացողական, տեսողական և լսողական անալիզատորները, աֆերենտ ու էֆերենտ (բրգային, արտաբրգային) հաղորդչական ուղիները, ուղեղաբունը և գանգային նյարդերը (տեսողական, ակնաշարժ, դիմային, լսողական, լեզվաըմպանային, թափառող, ենթալեզվային)։ Մեխանիզմների բարդությամբ է պայմանավորված խոսքի խանգարումների բազմազանությունը, որը հաճախ է հանդիպում կլինիկայում։ Խոսքի խանգարումների պատճառ կարող են հանդիսանալ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումները (աֆազիա, ալալիա, դիզարթրիա), գործառնական բնույթի խանգարումները (կակազություն, մուտիզմ), արտաբերման համակարգի անկանոնությունները (մեխանիկական դիսլալիա, ռինոլալիա)։ Մանկական հասակին բնորոշ է նաև խոսքի թերզարգացումը։

Աֆազիա։ Արդեն ձևավորված խոսքի կենտրոնական բնույթի խանգարումը, որի ժամանակ հիվանդը մասնակիորեն կամ լրիվ կորցնում է ուրիշի խոսքը հասկանալու կամ բառերի ու նախադասությունների միջոցով սեփական մտքերն արտահայտելու ունակությունը, կոչվում է աֆազիա։ Հիվանդի մոտ պահպանվում է լսողությունը և արտաբերական համակարգի նորմալ գործառնությունը։ Ըստ ախտահարման օջախի տեղակայման` գոյություն ունեն աֆազիայի մի շարք տեսակներ։

Զգայական (ռեցեպտիվ, սենսոր, իմպրեսիվ) աֆազիա։ Զգայական աֆազիայի հիմքում ընկած է ձախ վերին քունքային գալարի հետին մասի (Վեռնիկեի կենտրոն) ախտահարումը, որի ժամանակ խանգարվում է լսողական գնոզիսը (բառային ագնոզիա), այսինքն` հիվանդը լսում է, սակայն չի հասկանում ինչպես ուրիշի, այնպես էլ սեփական խոսքը։ Քանի որ լսողական պրոյեկցիոն գոտին մնում է անվնաս, տարրական լսողությունը չի տուժում, մինչդեռ հնչութաբանականը խանգարվում է։ Հիվանդը խոսքն ընկալում է որպես աղմուկ կամ խոսակցություն օտար լեզվով։ Լսողական հսկողության բացակայության պատճառով խանգարվում է նաև շարժողական խոսքը։ Հիվանդը խոսում է արագ և շատ (լոգոռեա), բառերն օգտագործում է աղավաղված կամ ոչ ճիշտ (տառային և վանկային պարաֆազիա), տրված տարբեր հարցերին պատասխանում է նույն բառերով (պերսևերացիա)։ Երբեմն հիվանդի խոսքը բաղկացած է լինում անկապ, անհոդաբաշխ և աղավաղված բազմաթիվ բառերից և հնչյունակապակցություններից` հիշեցնելով ‚բառային շփոթե։ Սահուն և արտահայտիչ լինելու փոխարեն խոսքը դառնում է կցկտուր, անհասկանալի, որը հիվանդը չի գիտակցում։ Անհնար է դառնում հետազոտողի առաջարկած վանկերի և բառերի կրկնումը, խանգարվում է կարդալը (ալեքսիա) և գրելը (ագրաֆիա)։

Շարժողական (մոտոր, էքսպրեսիվ) աֆազիա։ Պայմանավորված է ձախ ստորին ճակատային գալարի հետին մասի (Բրոկայի կենտրոն) ախտահարմամբ։ Այն հարակից է շարժողական կեղևային գոտուն, որտեղ պրոյեկցվում են արտաբերման օրգանները` կոկորդը, ըմպանը, շրթունքները և լեզուն։ Շարժողական աֆազիայի ժամանակ խանգարվում է բանավոր խոսքը կամ խոսակցական լեզուն, գրելը, կարդալը։ Հիվանդը հասկանում է ուրիշի խոսքը, արտաբերման օրգաններն անվնաս են, սակայն չի կարողանում խոսել, քանի որ խոսքի շարժողական կենտրոնից չի ստանում հրամաններ; Հիվանդն արտաբերում է հիշողության մեջ պահպանված մի քանի բառերը, դրանցից կազմում է պարզ և միօրինակ նախադասություններ, որտեղ գերակշռում են գոյականները և բայերի անորոշ ձևերը ("հեռագրային ոճ")։

Շարժողական աֆազիայի ոչ ծանր դեպքերում բանավոր խոսքը պահպանվում է, սակայն այն դժվար է հասկացվում։ Հիվանդը խոսում է դանդաղ, անարտահայտիչ, բառերն արտասանում է տառերի և վանկերի ոչ ճիշտ դասավորությամբ (տառային պարաֆազիա), անհրաժեշտ բառը փոխարինում է այլ բառով կամ նախադասության մեջ փոխում է բառերի տեղը (վերբալ պարաֆազիա), խախտում է նախադասության քերականական կառուցվածքը (ագրամատիզմ), բացակայում են հոլովումն ու խոնարհումը։ Խանգարվում է նաև գրավոր խոսքը։ Եթե ախտահարումը ծանր չէ, և մտածողությունը պահպանված է, հիվանդը գիտակցում է խոսելու ընթացքում թույլ տված սխալները։ Շարժողական աֆազիան պետք է տարբերել դիզարթրիայից, որի պատճառը կեղև-կորիզային ուղիների երկկողմանի ախտահարումն է։ Արտաբերմանը մասնակցող մկանների կենտրոնական պարեզի հետևանքով դժվարանում է միայն բառերի արտասանությունը։

Ամնեստիկ (անոմիկ, անվանական) աֆազիա։ Հիվանդը հեշտությամբ ճանաչում և բնութագրում է առարկաները, սակայն չի հիշում դրանց անունները։ Նույնը վերաբերվում է անձնական անուններին։ Օրինակ, երբ ցույց են տալիս գրիչը, հիվանդն այն բնութագրում է այսպես. ‚Դա այն է, որի օգնությամբ գրում ենե։ Երբ հետազոտողը հուշում է առաջին վանկը, հիվանդն անմիջապես տալիս է ճիշտ անվանումը։ Առարկան անմիջապես անվանելու փոխարեն հիվանդը ցուցադրաբար ընդգծում է առարկայի հատկանիշների և օգտագործման ձևի վերաբերյալ իր գիտելիքները։ Հիվանդը դժվար է արտաբերում այնպիսի նախադասություններ, որտեղ կան մեծ թվով առարկաների կամ մարդկանց անուններ, մանավանդ արագ կարդալիս։ Հիվանդի խոսքում գերակշռում են բայերը։

Ամնեստիկ աֆազիայի ժամանակ պահպանվում է բանավոր խոսքը, ուրիշի խոսքի ըմբռնումը, բառերի կրկնողությունը, կարդալը և գրելը։ Ամնեստիկ աֆազիան պայմանավորված է ձախ կիսագնդի այն զուգորդական թելերի վնասմամբ, որոնք Վեռնիկեի կենտրոնը կապում են ծովաձիու գալարի` հիշողության մեխանիզմների հետ կապ ունեցող լիմբիկ համակարգի կարևորագույն գոյացության հետ։ Ախտահարման օջախը (ուռուցք, ականջածին թարախակույտ) սովորաբար տեղակայվում է քունքային բլթի հետին մասի խորանիստ շերտերում։

Իմաստային (սեմանտիկ) աֆազիա։ պայմանավորված է ձախ կիսագնդի կողմնաքունքային շրջանի, մասնավորապես անկյունային գալարի ախտահարմամբ։ Հիվանդը չի հասկանում քերականական բարդ կառուցվածք ունեցող և տրամաբանական նախադասությունները, համեմատական կառույցները, չի ըմբռնում նախդիրների նշանակությունը։

Համընդհանուր (գլոբալ, տոտալ) աֆազիա։ Հիմքում ընկած է գերակշռող կիսագնդի տարածուն ախտահարումը, որն ընդգրկում է խոսքի և զգայական, և շարժողական կենտրոնները։ Խանգարվում է ինչպես զգայական, այնպես էլ շարժողական խոսքը։ Հիվանդը չի կարողանում կարդալ, գրել, կրկնել բառերը և անվանել առարկաները։ Խոսքի նման ծանր խանգարման պատճառը ձախակողմյան միջին ուղեղային զարկերակի հիմնական ցողունի կամ կարոտիսային ներքին զարկերակի խցանումն է, որի ավազանից սնվում են ճակատային, քունքային և կողմնային բլթերի` սիլվյան ճեղքին հարակից հատվածները։ Խոսքի խանգարումներին միանում են հեմիպլեգիան, հեմիանեսթեզիան և հոմոնիմ հեմիանոպսիան։ Գլխուղեղի կեղևի ախտահարմանը բնորոշ են խոսքի գործառնության հետ կապված ևս երկու համախտանիշներ` ալեքսիա և ագրաֆիա, որոնք հաճախ զուգակցվում են աֆազիայի հետ կամ հանդես են գալիս որպես առանձին խանգարումներ։

Ալեքսիա։ Տեսողական երկրորդային զուգորդական գոտիների երկկողմանի ախտահարումն առաջ է բերում ալեքսիա։ Համարվում է տեսողական ագնոզիայի ձևերից մեկը։ Ալեքսիան որպես աոանձին համախտանիշ հնարավոր է այն դեպքում, երբ ախտաբանական օջախը տեղակայվում է ձախ ծոծրակային բլթի խորքում` ընդհատելով երկու կիսագնդերից տեսողական ինֆորմացիայի հոսքը դեպի 39-րդ և 40-րդ դաշտերը։ Ծանր դեպքերում հիվանդը չի կարողանում կարդալ ինչպես բարձրաձայն, այնպես էլ մտքում; Թեթև ախտահարման ժամանակ հիվանդը կարդում է, սակայն բաց է թողնում առանձին տառեր կամ մի տառը փոխարինում է մյուսով (տառային պարալեքսիա)։ Նույնը կատարվում է բառերի հետ (բառային պարալեքսիա), կամ հիվանդը հասկանում է կարդացածի միայն մի մասը։ Տեսողական ալեքսիայի ժամանակ ձախ կիսագնդի մյուս կենտրոնները, որոնք կապված են խոսքի գործառնության հետ, մնում են անվնաս։ Պահպանվում է բանավոր խոսքը և գրելու ունակությունը; Ստեղծվում է այնպիսի մի վիճակ, երբ հիվանդը նամակ է գրում, սակայն հենց նոր գրվածից ոչ մի տող չի կարողանում կարդալ։

Ագրաֆիա։ Գերակշռող (ձախ) կիսագնդի ախտահարման ժամանակ պահպանվում է ձեռքի շարժողական ակտիվությունը, սակայն հիվանդը կորցնում է ըստ իմաստի և ձևի ճիշտ գրելու ունակությունը։ Գրավոր խոսքի խանգարում է, որի ժամանակ տուժում են շարահյուսությունը, ուղղագրությունը և բառերի ճիշտ ընտրությունը։ Ագրաֆիան կապ չունի գրելու գործողության այնպիսի խանգարումների հետ, որոնց հիմքում ընկած են աջ վերին վերջույթի թուլությունը, պարկինսոնիզմը կամ որևէ ֆիզիկական գործոն։ Որպես առանձին համախտանիշ ագրաֆիան հնարավոր է այն դեպքում, երբ ախտահարման օջախը տեղակայվում է միջին ճակատային գալարի հետին մասում` առջևից հարելով առաջկենտրոնական գալարի ձեռքի պրոյեկցիոն հատվածին։ Հաճախ զուգակցվում է աֆազիայի հետ։ Ըստ որում, ագրաֆիայի արտահայտվածությունն ուղիղ համեմատական է բանավոր խոսքի խանգարման ծանրությանը։

Ալալիա։ Գլխուղեղն ախտահարվում է մինչև խոսքի կենտրոնների զարգանալը` ներարգանդային շրջանից մինչև 3 տարեկան հասակը։ Երեխայի խոսքը չի զարգանում ընդհանրապես կամ կանգ է առնում։ Արդեն ձևավորված խոսքի կենտրոնների ախտահարման դեպքում կլինիկական պատկերը ոչնչով չի տարբերվում աֆազիայից (մանկական աֆազիա)։ Ալալիան լինում է շարժողական, զգայական և խառը։ Ախտաբանական փոփոխությունների տեղակայումը նույնն է, ինչ որ աֆազիայի համապատասխան տեսակների դեպքում։

Դիսլալիա։ Հնչյունային արտաբերման խանգարում է, նորմալ լսողության և արտաբերման ապարատի նորմալ նյարդավորման պայմաններում։ Բառապաշարը և խոսքի քերականական կաոուցվածքը լիարժեք են։ Երեխան խոսելու ընթացքում չի կարողանում ճիշտ արտասանել այս կամ այն հնչյունը (հնչյունախումբը), կամ հեշտությամբ արտասանում է որպես առանձին հնչյուն, սակայն դժվարանում է խոսելու ժամանակ։ Երբեմն որոշ հնչյուններ ընդհանրապես չի արտասանում կամ շփոթում է երկու նման հնչյուններ։ Դիսլալիայի պատճառներն են` լեզվական ոչ ճիշտ դաստիարակություն, օտարալեզու միջավայր, կծվածքի շեղումներ, լեզվի շարժումներ սահմանափակող կարճ և հաստացած սանձիկ։ Մինչև 4-5 տարեկան երեխաների դիսլալիան կարող է ֆիզիոլոգիական բնույթ կրել։ Դժվար են արտասանվում խոսքի զարգացման ուշ շրջանի հնչյունները (Շ, Ժ, Ջ, Ճ, Չ, Ս, Զ, Ձ, Ծ, Ց և այլն)։ Տարիքին զուգահեռ հնչյունների արտասանությունն աստիճանաբար կարգավորվում է։

Դիզարթրիա։ Խոսքի իրականացմանը մասնակցող կմախքային մկանների պարեզի (կենտրոնական, ծայրամասային), սպազմի, հիպերկինեզի կամ ատաքսիայի հետևանքով խանգարվում է արտաբերումը և հնչյունների արտասանությունը։ Դիզարթրիայի կլինիկական տարատեսակները պայմանավորված են արտաբերական մկանների նյարդավորմանը մասնակցող կենտրոնական նյարդային համակարգի բաժինների ախտահարմամբ։ Գանգային 9-րդ, 10-րդ և 12-րդ նյարդերի և երկարավուն ուղեղում դրանց կորիզների ախտահարման ժամանակ առաջանում է կոճղեզային կամ բուլբար դիզարթրիա։ Ըմպանի, լեզվի և կոկորդի արտաբերական մկանների ծայրամասային պարեզի հետևանքով խանգարվում է ձայնահնչումը (ֆոնացիա) և կլման ակտը, թուլանում կամ անհետանում է ըմպանային ռեֆլեքսը, ձայնը խլանում և շուտ նվաղում է։ Կեղև-կորիզային նյարդաթելերի երկկողմանի վնասման ժամանակ առաջանում է կեղծկոճղեզային կամ պսևդոբուլբար դիզարթրիա։ Լեզվաըմպանային, թափառող և ենթալեզվային նյարդերի կորիզները զրկվում են կեղևի հսկողությունից և կարգավորիչ գրգիռներից, որի հետևանքով առաջանում է համապատասխան մկանների կենտրոնական պարեզ։ Մկանային բարձր տոնուսի պատճառով խիստ սահմանափակվում է լեզվի ակտիվությունը, ձայնը դաոնում է թույլ և խռպոտ։ Նկատվում է ռնգախոսություն և թքահոսություն։ Ենթակեղևային հանգույցների վնասման դեպքում առաջ է գալիս ենթակեղևային կամ արտաբրգային դիզարթրիա, որի հիմքում ընկած է մկանային դիստոնիան և արտաբերական մկանների տեղային սպազմը։ Առաջին հերթին տուժում է արտաբերման կայունությունը։ Խանգարվում է խոսքի ռիթմը, արագությունը և առոգանությունը։ Ձայնը ստանում է տարբեր երանգներ։ Կեղևի շարժողական և զգացողական պրոյեկցիոն գոտիների ախտահարմանը հետևում է կեղևային դիզարթրիան։ Ի տարբերություն կեղծկոճղեզային դիզարթրիայի` վերջինիս հիմքում ընկած է միայն առանձին մկանների կենտրոնական պարեզը։ Հատկապես խանգարվում է այն հնչյունների (ռ, լ, կ, գ, տ, դ) արտասանությունը, որոնք պայմանավորված են լեզվի առանձին մկանախրձերի նուրբ տարբերակված կծկումներով։ Ուղեղիկի վնասման հետևանքով առաջանում է ուղեղիկային դիզարթրիա։ Խանգարվում է շնչառության, արտասանության և արտաբերման միաժամանակյա (սինխրոն) աշխատանքը։ Արտաբերական մկանների ցածր տոնուսի պայմաններում խիստ դժվարանում է այն հնչյունների (մ, պ, բ, դ, լ, ռ, ս, զ, ն) արտասանությունը, որոնք պահանջում են մկանային ուժի մեծ ծախս։ Հիվանդի խոսքը դանդաղում է, դառնում է հրոցանման (վանկաշեշտված խոսք)։

Խոսելու ունակությունը լրիվ բացակայում է (անարթրիա), երբ ենթալեզվային, եռարմատ և դիմային նյարդերի ախտահարման հետևանքով պարալիզվում են լեզվի, ստորին ծնոտի և շրթունքների մկանները։

Մուտիզմ։ Խոսքի գործառնական բնույթի ժամանակավոր խանգարում է։ Հիվանդն ընդհանրապես չի խոսում, սակայն հասկանում է ուրիշի խոսքը և կարող է հաղորդակցվել գրելու կամ ժեստերի միջոցով։ Հաճախ նկատվում է հիստերիայի ժամանակ։ Հեշտ ներշնչվող մարդկանց մոտ նկատվում է այն դեպքում, երբ նրանք շփվում են շարժողական կամ ընդհանուր աֆազիայով տառապող հիվանդի հետ։ Բնածին կամ վաղ մանկական հասակում ձեռք բերած խլության պատճառով չի զարգանում նաև խոսքը։ Հայտնի է որպես խուլուհամրություն։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Նեյրոֆարմակոլոգիա

Հ.Մ. Մանվելյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին