Վիրուսային Հեպատիտ (Վիրուսային Լյարդաբորբ) բազմապատճառ վարակիչ հիվանդություն է, երբ առավելապես ախտահարվում է լյարդը: Հիվանդության հարուցիչը վիրուսն է: Ներկայումս տարբերում են A, B, C, D, E, G վիրուսներ, որոնք առանձնանում են վարակման մեխանիզմով ու փոխանցման ուղիներով, ախտածնությամբ իմունագոյացմամբ, կլինիկական դրսևորումներով, ելքերով և այլն: Ըստ վարակման մեխանիզմի` տարբերում են աղիքային (A և E) և արտաաղիքային (B, C, D) լյարդաբորբեր:

Լյարդաբորբ A-ի տարածման ուղիները նույնն են, ինչ ցանկացած աղիքային վարակման ժամանակ (արտաթորանքով աղտոտված ջրի, սննդամթերքի, ինչպես նաև ձեռքերի ու տնային գործածության իրերի միջոցով, սեռական ճանապարհով): Չի բացառվում նաև վիրուսի մեխանիկական փոխանցումը ճանճերի միջոցով: Լյարդաբորբ A-ն վարակիչ է գաղտնի շրջանի վերջին, ամբողջ նախադեղնուկային շրջանում, դեղնուկային շրջանի 1-ին 3 օրը:

C, D (կամ արյունային) լյարդաբորբով վարակվում են հիվանդ մարդու արյան միջոցով վիրուսն օրգանիզմ թափանցելիս: Վիրուսային լյարդաբորբի վիրուսները մարդու օրգանիզմում կարող են մնալ 18-100 օր և ավելի (հիվանդության ձևից կախված)` չառաջացնելով հիվանդագին երևույթներ (գաղտնի շրջան): Հիվանդությունն սկսվում է նախադեղնուկային շրջանով (1-30 օր տևողությամբ)` թուլությամբ, արագ հոգնելիությամբ, հաճախ նկատվում են ախորժակի անկում, զկռտոց, այրոց, սրտխառնոց, որովայնի ցավեր, հնարավոր է փսխում: Երբեմն հիվանդության առաջին ախտանշաններն են հազը, հարբուխը, գլխացավը, հաճախ նկատվում են նաև մկանների և հոդերի ցավեր, ջերմաստիճանի բարձրացում (երբեմն մինչև 40○ C):

Նախադեղնուկային շրջանին հաջորդում է դեղնուկային շրջանը` մեզի մգացում (գարեջրի կամ թունդ թեյի գույնի): Կղանքը դառնում է մոխրասպիտակավուն: Հետագայում մաշկը և աչքերի սպիտապատյանը դեղնում են: Հնարավոր է նաև հիվանդության ընթացքն առանց դեղնախտի` ընդհանուր վիճակի աննշան վատացմամբ: Այս ձևերը խիստ վտանգավոր են: Բժշկի ուշ դիմելու և ոչ ժամանակին հոսպիտալացվելու դեպքերում հիվանդության ընթացքը կարող է ձգձգվել և բարդանալ: Նման հիվանդները շրջապատի համար դառնում են վարակի աղբյուր:

Բուժում
Վիրուսային լյարդաբորբի բուժումն իրականացվում է հիվանդանոցում: Ժամանակին հոսպիտալացումը, խիստ անկողնային ռեժիմը և բժշկի նշանակումների ճիշտ կատարումը նպաստում են բարեհաջող ապաքինմանը: Վիրուսային լյարդաբորբով հիանդներն ունեն խնայողական ռեժիմի կարիք: Եթե նրանց աշխատանքային գործունեությունը կապված է մասնագիտական վնասակարությունների կամ ֆիզիկական բեռնվածության հետ, ապա բժշկի որոշմամբ նրանց ժամանակավոր փոխադրում են ավելի թեթև աշխատանքի, և մինչև 6 ամիս գտնվում են պոլիկլինիկայի բժշկի հսկողության տակ: Յուրաքանչյուր ապաքինված հիվանդ պետք է հիշի, որ բժշկի նշանակած ռեժիմը և սննդակարգը խախտելիս հնարավոր են բարդություններ, ընդհուպ` մինչև լյարդի ցիռոզ: Որոշ ժամանակ (բժշկի նշանակմամբ) անհրաժեշտ է խուսափել գերհոգնածությունից, գերտաքացումից, գերսառեցումից, սպորտով զբաղվելուց: Հիվանդությունից հետո (6-12 ամիս) պետք է պահպանել սննդակարգ` հրաժարվելով սպիրտային խմիչքներից (այդ թվում նաև գարեջրից), պահածոներից, ապուխտներից, թթուներից, կծու համեմունքներից, տապակած կերակրատեսակներից, շոկոլադից: Խորհուրդ է տրվում կաթնաբուսական սննդակարգ, ահյուղ միս և ձուկ:

Կանխարգելում
Վիրուսային լյարդաբորբի կանխարգելումը ներառում է հիվանդի հոսպիտալացումը, շինության վարակազերծումը: A և E լյարդաբորբով հիանդների հետ շփված մարդիկ 45 օր պետք է լինեն բժշկի հսկողության տակ: Լյարդաբորբ B-ի պլանային կանխարգելիչ պատվաստումները կատարվում են երեխայի կյանքի 1-ին օրերին:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին