Կուրությունը տեսողության նշանակալի նվազումն է: Տարբերում են բացարձակ կուրություն և հարաբերական: Հարաբերական կուրությամբ տառապողների մեջ տարբերում են գործնականորեն կույր և արտադրական ու մասնագիտական կուրությամբ անձինք: Գործնականորեն կույր են համարվում այն մարդիկ, ովքեր ընդունակ չեն ինքնուրույն, առանց կողմնակի օգնության տեղաշարժվել և կողմնորոշվել շրջապատում:

Պատճառներ
Կուրությունը լինում է բնածին և ձեռքբերովի: Բնածին կուրությունը պայմանավորված է գլխուղեղի որոշ բաժինների, տեսողական նյարդերի, աչքի ցանցաթաղանթի զարգացման խանգարումների հետ: Ձեռքբերովի կուրությունն առաջանում է աչքի մի շարք հիվանդությունների (գլաուկոմա, տրախոմա, եղջերենաբորբ, ինչպես նաև մեթիլ սպիրտով թունավորման ժամանակ տեսողական նյարդի ախտահարում) դեպքերում և ակնագնդի, ակնակապիճի և գանգագլխուղեղային վնասվածքներից հետո: Ավելի հաճախ կուրությունը առաջանում է որպես գլաուկոմայի և աչքի վնասվածքների հետևանք:

Պաթոգենեզ
Թույլ տեսողութամբ անձանց շարքն են դասվում նրանք, որոնց տեսողության սրությունը տատանվում է 0,05-0,3-ի սահմաններում: Բացարձակ կուրության դեպքում մարդու մոտ բացակայում է լուսազգայությունը. Նա լույսը մթից չի տարբերում: Հարաբերական կուրության ժամանակ տեսողության մնացորդները պահպանվում են: Գործնականորեն կույր համարվող մարդկանց մոտ պահպանված են լուսազգայունությունը և խոշոր առարկաների ուրվագծերը ճիշտ որոշելու ունակությունը: Որոշակի մարզման դեպքում այդպիսիմարդիկ, չնայած դժվարությամբ, կարող են ինքնուրույն տեղաշարժվել: Արտադրական կուրության ժամանակ տեսողությունը նվազում է մինչև այն աստիճան, երբ մարդը չի կարողանում աշխատել` նույնիսկ հատուկ օպտիկական սարքերի օգնությամբ:

Կանխարգելում
Աչքի վնասվածքները կանխող միջոցառումների անցկացումն իրական նախադրյալներ է ստեղծում կուրության կանխարգելման համար: Անհրաժեշտ են նաև աչքի հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին