Կոման կյանքին վտանգ սպառնացող վիճակ է, որը բնորոշվում է գիտակցության կորստով և արտաքին գրգռիչների հանդեպ պատասխան հակազդեցության (խոսքային, ցավային ներգործություն և այլն) բացակայությամբ:

Պատճառներ
Պայմանավորված է գլխուղեղի արյան շրջանառության խանգարումով և (կամ) կենտրոնական նյարդային համակարգի բջիջների թունավոր վնասումներով: Կոմայի առաջացման պատճառները բազմազան են, առավել հաճախ ի հայտ է գալիս գլխուղեղային արյան շրջանառության սուր խանգարումների, շաքարախտի, լյարդի և երիկամների ծանր հիվանդությունների, ինչպես նաև ալկոհոլով, շմոլ գազով և այլ թույներով թունավորումների դեպքերում:

Պաթոգենեզ
Կոմատոզ վիճակը կարող է առաջանալ հանկարծակի, օրինակ` գլխուղեղային կաթվածի, թերշաքարարյունային կոմայի ժամանակ: Շատ դեպքերում կոման, բարդացնելով քրոնիկական հիվանդությունների, օրինակ` շաքարախտային կոմայի, միզարյունային կոմայի ընթացքը, առաջանում է աստիճանաբար: Սկզբում ի հայտ են գալիս կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման ախտանշանները` հարաճուն ուժեղացող թուլություն, շշմածություն, քնկոտություն, բայց գիտակցությունը պահպանված է: Կոմայի դեպքում շնչառության և արյան շրջանառության խորացող խանգարումները կարող են հանգեցնել մահվան:

Բուժում
Կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման ախտանշանները ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի: Ժամանակին ցուցաբերած բժշկական միջամտությունը կարող է կանխել կոմայի զարգացումը և պահպանել հիվանդի կյանքը: Մինչև բժշկի գալը անհրաժեշտ է հիվանդին հանգիստ պառկեցնել, բերանից հանել պրոթեզները (որպեսզի շնչառական ուղիներ չընկնեն): Քանի որ հիվանդն ի վիճակի չէ պատասխանել հարցերին, շրջապատողները պետք է օգնեն բժշկին` պարզելու կոմայի առաջացման պատճառները:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին