Բազմաձև էքսուդատիվ էրիթեման (erythema exudativum multiforme hebra) սուր վարակիչ հիվանդություն է, որը դիտվում է գերազանցապես գարնանն ու աշնանը, երբեմն ոչ մեծ բռնկումների ձևով՝ հանրակացարաններում, զորանոցներում, ընտանիքներում։ Բնորոշվում է ոչ մեծ, մաշկից քիչ բարձրադիր վարդագույն բծերի կամ հանգույցիկների ցանավորումով, որոնք արագ մեծանալով, հասնում են մինչև 200 կոպեկանոց դրամի չափերի։ Հետագայում ցանավորված տարրերի քանակն ավելանում է։ 1-2 օր անց բծերի կենտրոնական մասը թեթևակի ներընկնում է և ստանում կապտավուն երանգ, մինչդեռ ծայրամասը մնում է վարդագույն։ Առանձին տարրերի կենտրոնական մասում կապույտ գույնը վերնամաշկի զարգացող մեռուկի հետևանքով կարող է փոխվել սպիտակի կամ էլ կապտավուն ֆոնի վրա կարող են զարգանալ շճային, հազվադեպ՝ արյունային պարունակությամբ լցված բշտեր։

Պահպանվելով 8-10 օր, ցանը սկսում է վերանալ։ Բշտերը չորանում են, գոյացնելով թերթիկավոր կեղևներ, բծերի կապտագույն ֆոնի վրա երևան է գալիս աննշան, թերթիկավոր թեփոտում, աստիճանաբար բծերը դժգունանում են և 10-12-րդ օրը անհետանում, թողնելով շատ թե քիչ արտահայտված պիգմենտացիա։ Սովորաբար ախտահարվում են դաստակների ու ոտնաթաթերի, նախաբազուկների, սրունքների, արմունկների ու հոդերի, ավելի պակաս՝ ափերի ու ներբանների, էլ ավելի պակաս՝ դեմքի, իրանի ու սեռական օրգանների մաշկը։ Բնորոշ է ցանավորման խիստ համաչափությունը։ Շատ անգամ (երբեմն մեկուսացված) ախտահարվում են բերանի ու շրթունքների կարմիր երիզի լորձաթաղանթները։ Այստեղ էրիթեմային ֆոնի վրա ցանավորվում են խոշոր բշտեր, որոնք արագորեն բացվում են, գոյացնելով ցավոտ ու հեշտությամբ արյունահոսող էրոզիաներ՝ ծածկված բաց շագանակագույն (կաթնասուրճի գույն) փառով, իսկ շրթունքների կարմիր երիզի վրա՝ գորշ արյունային կեղևներով։ էրոզիաների շուրջը կարելի է տեսնել էպիթելի ծվեններ՝ պատռված բշտիկների ծածկի մնացորդներ։

Մաշկի ախտահարումը շատ անգամ ուղեկցվում է օրգանիզմի ջերմաստիճանի բարձրացմամբ, գլխացավով, ջարդվածության զգացումով, հոդերի և մկանների ցավերով, երբեմն՝ անգինայի երևույթներով։ Նշվում է մաշկի այրոց, ավելի պակաս՝ քոր։ Հիվանդությունը տևում է 3-4 շաբաթ։ Որոշ հիվանդների մոտ նկատվում է հակում դեպի սեզոնային կրկնումները (գարնանը և աշնանը)։ Երբեմն դիտվում են էքսուդատիվ էրիթեմայի ծանր ձևեր, որոնք ընթանում են բարձր ջերմությամբ, հոդացավերով, բրոնխաթոքաբորբով և լորձաթաղանթների ու մաշկի խիստ արտահայտված ախտահարումներով։

Հյուսվածաախտաբանական փոփոխություններն արտահայտվում են բուն մաշկի պտկիկային ու ենթապտկիկային շերտերի այտուցով ու բորբոքային ինֆիլտրացիայով, գերազանցապես անոթների շուրջը, բաղկացած նեյտրոֆիլներից, լիմֆոցիտներից, հիստիոցիտներից ու աննշան քանակի էոզինոֆիլներից։ Կենտրոնական մասում ոչ հազվադեպ նշվում են ոչ մեծ արյունազեղումներ։ Մազանոթների էնդոթելը խիստ ուռած վիճակում է։ Վերնամաշկում, բծային ձևի ժամանակ՝ միայն աննշան արտահայտված միջբջջային այտուց (սպոնգիոզ) և ոչ մեծ քանակի թափառող նեյտրոֆիլներ, հազվադեպ՝ էոզինոֆիլներ: Բշտային ձևի ժամանակ՝ ենթաէպիթելային խոռոչների գոյացում, լցված շճային էքսուդատով, որի մեջ կախված են նեյտրոֆիլներ ու էրիթրոցիտներ։ Շարակցական հյուսվածքից պոկված էպիթելը, որն իրենից ներկայացնում է բշտի ծածկը, մեռած է։ Փշաձև շերտի բջիջները հոմոգենացված են և չափազանց թույլ են ընկալում ներկերը (անգունացում)։ Էպիթելի նմանօրինակ փոփոխություններ (սակայն շարակցական հյուսվածքից առանց պոկվելու ու խոռոչներ գոյացնելու) նշվում են նաև բծային տարրերի հետազոտման ժամանակ, որոնց կենտրոնական մասն ունի սպիտակավուն գունավորում։

Ախտապատճառները։ Հիվանդության հարուցիչն անհայտ Է։ Ամենահավանականը հիվանդության վիրուսային ծագման վերաբերյալ ենթադրությունն է (ադենովիրուս)։ Շատ մաշկաբաններ էքսուդատիվ էրիթեման դիտում են որպես բազմապաաճառային սինդրոմ (ստրեպտոկոկային վարակ, օջախային խրոնիոսեպսիս և այլն)։

Ախտորոշումը։ Որոշ տոքսիկոդերմիաներ, մասնավորապես դեղորայքայինները, (սոլլֆանիլամիդներից, անտիպիրինից և այլն), ինչպես նաև որոշ րնդհանուր վարակիչ հիվանդություններին (սեպսիս) ուղեկցող, կլինիկորեն կարող են միանգամայն նման լինել բազմաձև էքսուդատիվ էրիթեմայի ցանավորմանը։ Վերջինիս ախտորոշման համար բնորոշ ձևաբանական փոփոխություններից բացի անհրաժեշտ է հաշվի առնել ախտահարման տեղակայումը, համաչափությունը, մաշկի ախտահարման հաճախակի զուգորդումր լորձաթաղանթների ախտահարման հետ, թույլ արտահայտված քորը, ինչպես նաև հիվանդության սեզոնայնությունը։

Բուժումը։ Լայն սպեկտրի ազդեցության հակաբիոտիկների (տետրացիկլին, օլեանդոմիցին, էրիտրոմիցին և այլն) նշանակումը հնարավորություն է տալիս զգալիորեն կրճատել հիվանդության տևողությունը, բայց սովորաբար չի կանխում կրկնումների առաջացումը։ Հակաբիոտիկների վատ տանելիության ժամանակ նշանակվում են սալիցիլային պրեպարատներ (ացետիլ սալիցիլաթթու)՝ կալցիումի քլորիդի կամ կալցիումի գլյուկոնատի հետ զուգորդված։ Որոշ ծանր դեպքերում ցուցված են կորտիկոստերոիդ հորմոնները։ Համառորեն կրկնվող դեպքերում խորհուրդ է տրվում հիվանդության բռնկումների միջև ընկած ընդմիջումներում անցկացնել աուտոհեմոթերապիայի կամ հեմոտրանսֆուզիայի կուրս (5-6 փոխներարկում, 100- 200 մլ, 4-5-օրյա ընդմիջումներով)։ Արտաքին եղանակով նշանակում են ինդիֆերենտ փոշիներ, թափահարուկներ, մածուկներ՝ մաշկի ախտահարված տեղամասերը երկրորդային ինֆեկցիայից աաշտպանելու նպատակով։ Բշտային ձևի ժամանակ խորհուրդ է տրվում ծակել բշտերը և նրանց քսել անիլինային ներկերի սպիրտային լուծույթ։ Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարման դեպքում՝ հեղուկ, չգրգռող սնունդ, հաճախակի ողողումներ տտիպ, ախտահանիչ լուծույթներով, առանձին էրոզիաներ ծածկել դժոխաքարի 1-2%-անոց լուծույթով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին